+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Վիգեն Գալստյանը համադրական աշխատանքի և Կամո Նիգարյանի մասին


Համադրող Վիգեն Գալստյանը ժամանակակից հայ արվեստային իրականության այն վառ ներկայացուցիչներից է, ում համադրած ցուցահանդեսները միշտ հարցադրումների ու մտածելու տեղիք են տալիս և առանձնանում են մանրամասն ու լավ մտածված ցուցադրւթյամբ: Կարծում եմ՝ երիտասարդ համադրողների համար դրանք համադրական աշխատանքի բաց դասագրքեր են: Սեպտեմբերի 19-ին  Գաֆեսճէան արվեստի կոնտրոնում Վիգեն Գալստյանի  համադրած  Կամո Նիգարյանի ‹‹Շիզոպոլիս›› ցուցադրության շրջանակներում, հենց ցուցասրահում հանդիպեցի նրան և ուղղեցի հարցերս…

– Ընդհանրապես ո՞վ է համադրողը, կուրատորը և հատկապես ո՞րն է հայ համադրողի դերն ու կարևորությունը:

Kamo-Nigaryan-Shizopolis-019

– Հայաստանում համադրողի առաջնահերթ աշխատանքը հետազոտական աշխատանքն է: Համադրողներն այսօր թե՛ թանգարաններում, թե՛ թանգարաններից դուրս հետազոտական աշխատանք կատարելու մեծ պատասխանատվություն ունեն, քանի որ Խորհրդային կարգերի ստեղծումից հետո իրոք կարիք ունենք ստեղծելու նոր մոտեցումներ հայ մշակույթի, հայ արվեստի և այդ ամենի վերաիմաստավորման գործընթացի մեջ, որտեղ  շատ կարևոր դեր ունի հենց համադրողըը, թե՛ որպես հետազոտող, և թե՛ որպես ներկայացնող: Այսինքն՝ վերլուծելը և հետազոտություն անելը  գործի մի մասն է: Երկրորդ շատ կարևոր մասն է այդ հետազոտության արդյունքը ներկայացնելը, հարաբերակցելը: Դա շատ հստակ խնդիր է, ու ցավոք ես կարծում եմ, որ մեզ մոտ դա այնքան էլ չի արվում: Վերջերս The Club-ում եղավ թարգմանչության արվեստի մի ցուցահանդես, որը երիտասարդ համադրողների աշխատանք էր, ու ինձ թվում է՝ ճիշտ ուղու վրա էր, այսինքն՝ վերլուծողական տեսանկյունից էին մոտեցել Վիգեն Թադևոսյանի գործունեությանը:

– Ձեր ցուցահանդեսների շուրջ միշտ կան խոսակցություններ, քննադատություններ, քննարկումներ ու հակասություններ, ինչպես օրինակ Սամվել Սաղաթելյանի ‹‹Տրանս-Ռոմանսը››, ‹‹Շառը դրախտում››, և այլն: Արվեստագետներին հատուկ ե՞ք ընտրում, թե՞ դա ինքնաբերաբար է ստացվում:

Kamo-Nigaryan-Shizopolis-024– Ընդհանրապես ես չեմ ընդունում ցուցահանդես անելը այն միտումով, որ այն կարող է պրովոկատիվ բնույթ ունենալ: Եթե դու վերաիմաստավորում ես թե՛ արվեստը, և թե՛ ցուցադրվող կոնտեքստը այդ ցուցահանդեսի մեջ, որոշակի պրովոկացիա բնականաբար լինում է: Օրինակ 2014թ-ին երբ արեցի ‹‹Շառը դրախախտում›› ցուցահանդեսը նույնպես պրովոկատիվ բնույթ կրող ցուցահանդես էր…  և միտումնավոր էի ընտրել հենց այդ տարածքը, հենց այդ արվեստագետներին, բայց եթե կա պրովոկացիա, ապա այն միայն այդ պատմությունն ու կոնտեքստը իմաստավորելու մեջ է և բնականաբար որպես համադրող միշտ էլ ցանկանում եմ նոր տեսանկյուն ներկայացնել:

– Մեր հասարակության մեջ շատ հեշտ է պրովոկատիվ բան անելը:

– Այո, բայց մեր հասարակությունը նաև այն հասարակությունն  է, որ շատ արագ ու հետաքրքիր ձևով ադապտացվում է: Այսինքն՝  այնպես չի, որ այդ նույն պրովոկացիան կամ նույն գործառույթը կարող է մի քանի անգամ աշխատել այստեղ:

– Մեր արվեստագետների միջազգային շուկա դուրս գալու հարցի լուծումը որտե՞ղ եք տեսնում և արդյոք կա՞ն այնպիսիք, որ արժանի են, կուզեի լսել անուններ:

Kamo-Nigaryan-Shizopolis-036– Ահա, պրովոկացիա է (ծիծաղում է): Չէ, իհարկե կան: Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք հասկանում ասելով հայ արվեստագետներ: Ում նկատի ունենք, Հայաստանում աշխատող, թե՞ շատ ավելի լայն, գաղափարական Հայաստանում աշխատող: Գաղափարական Հայաստանում կան արվեստագետներ, որոնք արդեն միջազգային շուկայում որոշակի դեր ու տեղ ունեն բայց ցավոք սրտի նրանք Հայաստանում չեն: Հայաստանում կան աշխատող արվեստագետներ, որոնք ինչ-որ կերպ արդեն  շուկայում են, բայց նրանք ավելի սալոնային արվեստի մեջ են ու բավականին լավ դեր ունեն այդտեղ: Բայց եթե խոսում ենք ժամանակակից արվեստագետների մասին, ժամանակակից ասելով նկատի ունենալով, որ  այսօր աշխատում են, մեծ խնդիր է ոչ թե արվեստագետների կամ արվեստի որակը, այլ մեծ խնդիր է հայկական կոնտեքստի առնչությունը արևմտյան, գլոբալ կոնտեքստների հետ: Այսինքն՝ մենք որևիցե ձևով մասնակից չենք այդ դիալոգներին, հետևաբար այդ շուկան հետաքրքրված չէ մեզնով: Եթե քո մշակութային արտադրանքը որևիցե քաղաքական կամ գաղափարական ձևով դիալոգի մեջ չի մտնում գլոբալ հոսանքների հետ, ապա բնականաբար դա ոչ մեկին չի հետաքրքրում:  Kamo-Nigaryan-Shizopolis-005Մենք  շատ քիչ ենք ներգրավված նաև արվեստաբանական շուկայում: Այսինքն՝ եթե արվեստաբանը, հետազոտողը, տեսությամբ զբաղվողը Հայաստանից չի գրում արտասահմանյան հրատարակողների մոտ անգլերենով, այդ հայերի անունները չեն արծարծվում, այդ կապերը չեն ստեղծվում, չեն բացահայտվում:  Ուզում եմ ասել, որ դա մի մեծ շղթա է, որը բավականին բարդ կառուցվածք ունի, որովհետև հեշտ չի: Օրինակ 1990-ականներին կար այդ հնարավորությունը, բայց հիմա ես ճիշտն ասած դժվարանում եմ ասել, թե որտեղից պիտի գա այդ հնարավորությունը: Շատ լուրջ քաղաքականություն պիտի տարվի, եթե մենք ուզում ենք իրոք մասնակից լինել և ինտեգրվել, դա պետք է գա թե՛ արվեստագետներից, թե՛ կրթական և թե՛ պետական ինստիտուցիաներից: Ցավոք սրտի ամեն անգամ շատ թույլ հիմքի վրա ենք կանգնած: Մենք չենք կարողանում աստիճաններով բարձրանալ, մենք ընդամենը կարողանում ենք ցատկոտել նույն հարթության վրա…

– Եվ վերջապես՝ Կամո Նիգարյան… Ինչ ֆենոմեն է Նիգարյանը հայ արվեստի համար:

Kamo-Nigaryan

Կամո Նիգարյան (1950-2011)

– Ինձ թվում է Նիգարյանը որպես արվեստագետ շատ մեծ դեր ունի որպես մեկնաբանող: Նա մեկնաբանող արվեստագետ է: Ունեցել է մի քանի ստեղծագործական շրջան: Առաջին ստեղծագործական շարջանում, որ հիմնականում դիզայնի հետ է կապված, ես կարող եմ ասել ոչ այնքան մեկնաբանողի այլ ավելի շուտ կանխատեսողի դերում է եղել, որովհետև նա արվեստագետ էր, ով նաև պատկերցնում էր ապագան: Բայց, որպես վերլուծող, որպես անալիտիկ արվեստագետ նա իսկապես յուրօրինակ դեր ունի, որովհետև նա ոչ միայն քննադատում է: Մի բան է ուղղակի քննադատել, ուղղակի պախարակել, մեկ ուրիշ բան է կարողանալ դա մեկնաբանել: Այսինքն՝ իրոք տանել այդ վերլուծողական աշխատանքը շատ լայն պատմական շերտերի վրա, ոչ թե ակտուալության վրա: Որովհետև Կամոն երբեք չէր տեսնում ակտուալությունը և այս օրը՝ այսօրվա մեջ: Նա միշտ տեսնում էր ներկա քաղաքական, պատմական, մշակութային իրադարձությունները ինչ-որ շատ համընդհանուր պատմական գծի մեջ ու ինձ թվում է հենց դրա մեջ էր իր այդ մեկնաբանելու կարողությունը: Kamo-Nigaryan-Shizopolis-027Կամոյի մոտ վերջին  տասը տարիների ընթացքում մի ուրիշ միտում զարգացավ, որ արվեստը պետք է ներազդի էմոցիոնալ-զգայական մակարդակի վրա, մի բան՝ որին հիմա վերադառնում են շատ արվեստագետներ, սկսում են վերլուծել արվեստը հենց էմոցիոնալ տեսանկյունից, որովհետև էմոցիաների հարցը երկար ժամանակ հերքում էին, թե պետք չի դա, պետք է հանել, իսկ հիմա՝ հակառակը, արվեստը պետք է ներազդի ոչ միայն գաղափարական, այլ նաև հենց զգայական մակարդակի վրա: Կամոյի արվեստը այդ երկու պարագաներն էլ ապահովում է, ինչ-որ առումով, ու այդ պատճառով էլ ես նրան դիտարկում եմ որպես հայկական ժամանակակից արվեստում յուրօրինակ տեղ գրավող արվեստագետներից: Մեկ ուրիշ բան է այն, որ նա չհարմարվող արվեստագետներից է, նա երբեք չի մնացել ինչ-որ կոնկրետ ֆորմայի մեջ, ինչ-որ նիշայում իր տեղը գտնելու մեջ, այսինքն՝ նա հրաժարվել է պիտակներից, նա հրաժարվել է ցանկացած կարգի ինստիտուցիաներից: Ես երկար եմ մտածել, թե ինչպես իրեն ձևակերպեմ, որպես պոստմոդեռնիստ արվեստագետ, որպես ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, հիմա մտածում եմ, որ իր լավագույն բնութագիրը սա է՝ ոչ կոնֆորմիստ: Kamo-Nigaryan-Shizopolis-007Ոչ թե այդ արվեստագիտական տերմինի իմաստով, այլ կոնֆորմիստ ընդհանրապես, արվեստագետ, որը չի հարմարվում, որը անընդհատ գնում է ինքն իր դեմ: Շատ դեպքեր են եղել, երբ ինքն իր աշխատանքները մեծ քանակությամբ ոչնչացրել է: Ահավոր խստապահանջ էր ու նա այն մարդն էր, ով երբեք չէր վախենում հարցադրման տակ դնել իր իսկ ամենահիմնական համոզմունքները:

– Շատ հետաքրքիր է այս ցուցահանդեսի համադրական աշխատանքը: Ինձ մոտ հարցեր առաջացան, թե ինչու՞ հենց այս գործերը, ի՞նչ սկզբունքով են համադրված, քանի որ որոշ կտրուկ անցումներ նկատեցի, կամ՝ ավելի շուտ որոշ նյուանսներ, որ դեռ չեմ հասկացել:

– Զուտ ծավալային առումով տարածքն ինչ-որ տեղ խնդիրներ առաջացրեց: Բայց միևնույն ժամանակ ինձ դուր է գալիս երբ տարածքը խնդիրներ է առաջացնում: Այսինքն՝ ինչպես 17 աշխատանքով ներկայացնել 30 տարվա գործունեություն, ու շատ բարդ, հակասական թեմայի շրջանակներում ու կարծում եմ՝ այստեղ ոչ թե կտրուկ անցումներ են, այլ ես պարզապես ցուցահանդեսը կառուցել եմ ոչ թե շղթայական հիմքի վրա, այլ արտացոլումների հիմքի վրա:  Օրինակ՝ սրբապատկերները կապված են մահադիմակների հետ, սաղավարտի դիզայնը կապված է հոմոնկուլուսների հետ, հոմոնկուլուսներն էլ որպես  միջնադարյան գաղափար կապված են արհեստական գիտակցության ստեղծման հետ, Հեղափոխության թանգարանի էքսպոզիցիան  կապված է Շիզոմիլիտարի շարքի հետ և այլն:Kamo-Nigaryan-Shizopolis-010 Այսինքն՝ առանցք է ստեղծված մահադիմակներից սրբապատկերներ, ու ևս մեկ գլուխ՝ Էդգիպ արքան: Այստեղ ցուցահանդեսը շղջայական բնույթ չի կրում, այն ավելի շուտ հայելիների սրահ է, որտեղ մի տարածությունը հարաբերակցվում է մեկը մյուսին: Եվ բաներ կան, որ ես հետո ստիպված եղա փոխել, օրինակ՝ մի աշխատանք գետնին պիտի դրված լիներ, բայց դա չաշխատեց ու մենք փոխեցինք: Ես միշտ ցուցահանդեսն այնպես եմ անում, որ հանդիսատեսի մոտ հարցեր առաջանան, որ խանգարող էլեմենտներ միշտ լինեն, որ այցելուն մտածի թե ինչո՞վ են կապակցված այդ գործերը, ես չեմ սիրում երբ ինչ-որ հստակ սիրուն պատմություն է պատմվում. Այցելուները դուրս են գալիս ցուցահանդեսից ու միանգամից մոռանում…


Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Վիգեն Գալստյանի համադրած

Կամո Նիգարյանի  «Շիզոպոլիս» ցուցահանդեսը

Ֆոտոշարքը՝  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով