+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

Էքսպրեսիոնիզմի արտահայտությունը հայ նկարիչների` Ցեղասպանությանը վերաբերող գործերում


Հոդվածի հեղինակ՝  Մարինե Հովակիմյան

Արվեստաբան

Հայ արվեստագետների եղեռնի թեմայով ստեղծված աշխատանքները կարևորագույն տեղ են զբաղեցնում հայ ազգային պատմական գեղանկարչության և քանդակագործության մեջ: Ցեղասպանական դրվագներ ներկայացնող այս կտավները վավերագրական-փաստագրական ուժ կրելուց բացի նաև գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում` աչքի ընկնելով երևակայական խաղի տարբեր դրսևորումներով և նաև գեղարվեստական տարբեր ուղղությունների ու ոճերի ակնառու ազդեցություններով: Եվ սյուրռեալիզմի, կուբիզմի, աբստրակցիոնիզմի ու մի շարք այլ ուղղությունների հետ մեկտեղ այստեղ իր դրսևորումը գտավ նաև գերմանական ծագում ունեցող էքսպրեսիոնիստական ուղղությունը:

Հարկ է նշել, որ Էքսպրեսիոնիզմի գաղափարական բնույթը հիմնականում պայմանավորվեց Գերմանիայում ստեղծված մի շարք կարևորագույն նախադրյալներով: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները և այդ ծանր ժամանակների  սև ստվերը զրկեց նրանց ստեղծագործական գործունեությունը առաջադիմական գաղափարներից, առաջացրեց տագնապային ու հոռետեսային զգացողություններ և այս ուղղությունն  էլ դարձավ դարաշրջանի ամենասուր հակասությունների արձագանքն ու  տիրապետող դասակարգի դեմ ունեցած թշնամանքի ցայտուն արտահայտություններից մեկը: Իսկ գերմանական խստաշունչ ու մռայլ ոգին էլ նույնպես  նպաստ ունեցավ  այս ուղղության մելամաղձոտ բնույթի կայացմանը:

Եվ նման ներաշխարհի գոյացման հետ մեկտեղ ձևավորվեց նաև համանման գեղարվեստական լեզու: Աղճատվածությունը, ձևախախտումը, իրականության` դեֆորմացված ու խեղաթյուրված պատկերումը, ձգտումը դեպի սուր, ցայտուն գծերն ու գրոտեսկությունը տալիս են այս ուղղության հիմնական բնութագրումը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ հայ գեղանկարչության մեջ Ցեղասպանությանը վերաբերող գործերում էքսպրեսիոնիզմի արտահայտչալեզվի կիրառումը պատահական դրսևորում չէր, քանզի այս ուղղությունը իր ծագմամբ նույնպես պատերազմի` քաոսային ու անհատի ճնշվածության մթնոլորտում սկիզբ առած ու զարգացած ուղղություն էր և դարձել էր ռեակցիա պատերազմի ու մարդկային կորստի դեմ: Իսկ եղեռնն էլ, հանդիսանալով մարդկային կյանքի ոչնչացման ամենամեծ սպառնալիքներից մեկը, առավել ուժգին արձագանք գտավ արվեստագետների միջավայրում, և նմանատիպ սփոփիչ արտահայտչալեզվի կիրառումը կանխատեսելի էր ու տրամաբանական:

Իսկ Հայաստանում երկար ժամանակ եվրոպական արվեստի հետ ունեցած առնչություններից զերծ մնալու հանգամանքը ու խորհրդային շրջանում դրված թեմատիկ սահմանափակումները հանգեցրին նրան, որ ցեղասպանությանը ու բռնի գաղթին առնչվող նկարներում էքսպրեսիոնիզմի ազդեցության արձագանքները առավել ակնհայտորեն կրեցին սփյուռքահայ նկարիչները: Եվ այդ նկարիչներից  են հանդիսանում իտալահայ գաղութի ներկայացուցիչ Ժիրայր Օրագյանը, պարսկահայ հայրենադարձ արվեստագետ Մարկոս Գրգորյանը, ամերիկահայ  գաղութի ներկայացուցիչներ` քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանը, հայ արվեստում աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկին ու նկարչուհի Սիրուն Երեցյանը:

Նրանցից ամենաավագը` Խորեն Տեր-Հարությանը (1900-1991թթ.), եղել է Հայոց ցեղասպանության ականատեսը և հետագայում իր բազմաթիվ գործերով հանդես եկել պատերազմի ու բռնության դեմ: Էքսպրեսիոնիզմի արտահայտչալեզվի ակնառու ազդեցությունն էլ դրսևորվեց նրա` Տեր-Զոր և Եղեռն կոչվող գեղանկարչական և գրաֆիկական մի շարք աշխատանքերում, և հիմնականում արտահայտվեց գծերի գերազդեցիկ աղավաղումների, ջղային ռիթմի, նրանց շարժման, փոխադարձ հարաբերությունների ու սուր շեշտադրումների միջոցով: Իր այս աշխատանքների համար նկարիչը հիմնականում օգտագործել է ածուխ, մատիտ, գուաշ և ջրաներկ, ու թերևս նաև դրանով պայմանավորված`  գույնը նրա գործերում կարծես  երկրորդական պլան էր մղվել` հիմնականում ծառայելով իբրև ֆոն, որի վրա արտացոլվում էր գծի ուժն ու էքսպրեսիվ ձևափոխությունները:

Իսկ Հայոց մեծ եղեռնին անդրադարձած հաջորդ արվեստագետը` Ժիրայր Օրագյանը (1901-1962թթ.), դիտողին իր նկարների ճշտությունը ապացուցելու համար չի հրաժարվել պատկերների նատուրալիստական ներկայացումից: Սակայն էքսպրեսիոնիզմի արտահայտությունը արվեստագետի այս գործերում պատահական դրսևորում չէր, քանզի մարդկային ֆիգուրների այլաձևման առաջին փորձերը դեռևս նկատելի էին նրա վաղ շրջանի գծանկարներում: «Երեք ընկերուհիներ» (1949), «Տխուր երգ» (1949), «Եղեռն» (1951), «Մայրական վիշտ» և «Տանջանք» կոչվող նկարներում Օրագյանը հիմնականում կիրառել է արտահայտչական նույն միջոցները` կմախքացած ու ծամածռված մարդկային դեմքեր, լայն բացված բերաններ, չափից ավելի երկար ու ալիքաձև մատներ:

Ցեղասպանական թեմային արձագանքած հաջորդ նկարիչը` Արշիլ Գորկին (1904-1948թթ.), հանդես է եկել  նույն էքսպրեսիվ արտահայտչաեղանակով, բայց այս անգամ արդեն վերացական արվեստի սկզբունքներով ստեղծագործած արվեստագետ և ամերիկյան արվեստում համարվել աբստրակտ էքսպրեսիոնիզմի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը: Ըստ այս ուղղության` արվեստն ազատվում էր բանականությունից, տրամաբանական կանոններից ու ինչպես նաև գունային հարաբերությունների ավանդական օգտագործումից և ընտրվում էր նկարելու ավտոմատիկ մեթոդը: Կտավի վրա ներկերի քսումը պետք է լիներ անգիտակցաբար, ինքաբերաբար և բացառապես սուբյեկտիվ զգացումների ու էմոցիոնալ վիճակի ազդեցությամբ: Եվ այս առանձնահատկություններով են կատարված ու նաև եղերական հուշերով համակված Գորկու` «Ջրվեժ» (1942-43թթ.), «Ծաղկած ջրաղացի ջրերը» (1944), «Միամյա իշակաթնուկ» (1944), «Գծանկար» (1944) և «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում» (1944)  նկարները:

      Իսկ էքսպրեսիոնիզմի առաջադրած խնդիրներով ստեղծագործած նկարիչներից առավելապես աչքի են ընկել  ժամանակակից նկարչուհի, քանդակագործ Սիրուն Երեցյանն (ծն. 1951) ու պարսկահայ արվեստագետ Մարկոս Գրիգորյանը: (1925-2007թթ.): Վերջինիս «Աշուիթս» շրջանի անվամբ տասներեք մեծ նկարներից բաղկացած «Օսվենցիմի դարպասները» պաննոն (1959-1960թթ.) այս անգամ նվիրված է ոչ թե Հայոց ցեղասպանությանը, այլ Հրեական հոլոքոստին: Երկու այս արվեստագետների աշխատանքներում էլ մարդ անհատը դեֆորմացվել է կյանքի գարշելիությունից և եղերական այս մղձավանջը կարծես խեղաթյուրել ու տգեղացրել է նրանց` միաժամանակ զրկելով նաև անհատական դիմագծերից:

Հայոց եղեռնի ու ազատագրական պայքարին նվիրված նկարներում էքսպրեսիոնիզմի արտահայտությունը չի սահմանափակվում նշված գործերով, քանզի ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ստեղծագործած շատ արվեստագետներ իրենց բազմաթիվ գործերով անդրադարձ են արել այս թեմային և մշակել նաև համանման գեղարվեստական խնդիրներ: Նշված գործերը սոսկ այն աշխատանքներն են, որոնցում առավել դիպուկ ու ակնհայտ են դրսևորվել էքսպրեսիոնիստական առանձնահատկություններն ու արտահայտչալեզուն:


Հեղինակ՝  Մարինե Հովակիմյան

Արվեստաբան



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով