+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

«Հույսներդ միայն տաղանդի վրա մի դրեք…». Զրույց քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ


Arto-Tchakmakchian-Photo-by-Hasmik-Barkhudaryan-1

Արտո Չաքմաքչյան
Լուսանկարը Հասմիկ Բարխուդարյանի

20-րդ դարի երկրորդ կեսը ողջ հայ մշակութային կյանքի ընդհանուր համայնապատկերում հայտնի է «60-ականներ» բնորոշմամբ, ինչն արդեն դասական հասկացություն է դարձել: Դրանք նոր տաղանդների ի հայտ գալու, խիզախումի և առճակատման արգասաբեր տարիներ էին և պարարտ հող նոր ձևերի և գաղափարների համար: Տոտալիտար համակարգի քարացած գաղափարների և դրանց խիզախորեն հակադրվող նոր արվեստագիտական սերնդի գաղափարների բախումներն առաջ բերեցին նոր մոտեցումներ, հաճախ՝ վտանգավոր ու չթույլատրված մտքեր ու դրանց իրականացման նոր ճանապարհներ: Երկաթե վարագույրը, որը մեզնից ծածկում էր արևմտյան քաղաքակրթության նվաճումները, իր դրոշմն է թողել հայաստանյան ընդհանուր մշակութային վիճակի վրա: Ստալինիզմի դարաշրջանում և նրա հետագա տարիներին մոռացվել էին ազգային լավագույն ավանդույթները: Արդեն 1960-ականների այս վերելքը խրուշչովյան ձնհալով տեղի ունեցած առանձնահատուկ փոփոխությունների հետևանք էր: Այս տարիներին Հայաստանը վայելում էր իր հարաբերական անկախությունը: Երևանը, իբրև երկրի մայրաքաղաք, զգում էր իր զարգացման մեծ պոտենցիալը մշակութային տարբեր ասպարեզներում: Հենց այս տարիներին են ձևավորվում ոչ միայն արվեստագետների արդի գեղարվեստական ընկալումները, այլև ամրապնդվում են ներքին կապերը ազգային ավանդույթների հետ: Arto-Tchakmakchian-Don’t-rely-only-on-talent-009Միևնույն ժամանակ դա սեփական ստեղծագործական պոտենցիալի բացահայտման, սեփական պլանների կառուցման տարիներ էին:  1960-ականները հայ կերպարվեստում յուրահատուկ մի շրջան էր հատկապես այն տեսանկյունից, որ զգացական հայեցման արվեստը պիտի շարունակվեր և փախակերպվեր երևույթների մասշտաբային-գաղափարախոսական ընկալման՝ ազատական արվեստի:  Իհարկե, այսպիսի հիմնավոր առաջընթացը կարող էր իրականացված լինել շատ վարպետների կողմից, ընդ որում, ակնհայտորեն ոչ հեշտությամբ և ոչ կարճ ժամանակի ընթացքում:  1960-ականների նոր գաղափարների ու մոտեցումների կրող  երիտասարդ արվեստագիտական  սերնդի վառ ներկայացուցիչներից էր քանդակագործ Արտո Չաքմաքչյանը: Նա ծնվել է Կահիրեում, 1933թ.-ին, ապա` 15 տարեկան հասակում տեղափոխվել Խորհրդային Հայաստան, իսկ 1975թ.-ին ստիպված եղել լքել այն, մեկնել Կանադա: Եվ հենց հայրենիքում եղած տարիներին էր, որ Չաքմաքչյանի մոտ արթնացան ազգային ինքնագիտակցությունն ու ստեղծագործելու մեծ ձգտումը: Միևնույն ժամանակ՝ հետամուտ լինելով արևմտյան մշակույթի նվաճումներին, Չաքմաքչյանի համար լայն հարթակ էր ստեղծվում էքսպերիմենտների ու սինթեզի տեսանկյունից: Իր ռացիոնալ մտածելակերպով, բացառիկ տաղանդով և ազգային խորը ինքնագիտակցության զգացումով Չաքմաքչյանը բաց էր ցանկացած նորարարության հանդեպ, ցանկացած մշակութային ավանդույթ ընկալելի էր իր կողմից: Arto-Tchakmakchian-Don’t-rely-only-on-talent-012Անշուշտ Չաքմաքչյանը շեշտում է հայկականությունը իր արվեստում, այդպիսով նաև ակցենտներ դնելով սինթեզի վրա և բարձրացնելով այդ սինթեզի արժեքը, փոխում կարծրատիպեր և ընդհանուր սահմանված կարծիքներ ավանդույթ ասվածի մասին: Այդ մաին են վկայում Կոմիտասին, Նարեկացուն պատկերող նրա քանդակները, Հայոց Մեծ Եղեռնին, Հայաստանին ու Երևանին նվիրված գործերը:Նա երկխոսության մեջ է դնում ավանդույթն ու նորարարականը, քանի որ արևմտյան արվեստի արդի ուղղությունները օտար չեղան Վարպետին:  Ահա այստեղ է, որ ձևավորվեց միանգամայն նոր մոտեցում հայկական քանդակագործության դաշտում, միանգամայն ազատական, հիմնական բնորոշմամբ`  ոչ ֆորմալիստական ու ըմբոստ մի արվեստ, որ հող նախապատրաստեց հետագա սերունդների համար, ճանապարհ հարթեց ժամանակակից հայ արվեստագետների համար: Ցավոք Վարպետի անցած ուղին բարդ է եղել, ցանկացած նորարարություն Arto-Tchakmakchian-Don’t-rely-only-on-talent-019սվիններով է ընդունվել, ոչնչացվել են ստեղծագործություններ, փորձ է արվել ոչնչացնել անհատականություն, սակայն Չաքմաքչյանը համառ և ընբոստ է գտնվել ու հայրենիքից հեռանալուց հետո էլ, անդավաճան է մնացել իր սկզբունքներին:  Տոտալիտարիզմի տարիներին  Վարպետին դժվարությամբ էին հասկանում ելնելով ժամանակի քաղաքական հայացքներից, մինչև այժմ էլ նրան չեն հասկանում ինտելեկտի, գիտելիքների ու ճաշակի  պակասի պատճառով: Սակայն վարպետի գործը անմահ է, անգնահատելի,  և այն, որ նա դեռ շարունակում է գալ Հայաստան, լինել իր արվեստը գնահատողների կողքին, ապացույցն է նրա արվեստի ու գաղափարների հաղթանակի:  Այդպիսի հանդիպումներից մեկում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, վարպետի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի և «Հանդիպում արվեստի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեցի Վարպետին, մի քանի հարց ուղղեցի նրան: Զրույցը տեղի ունեցավ հենց ցուցասրահում, իր ստեղծագործությունների ներքո և հիացական հայացքներով այցելուների ներկայությամբ:


Arto-Tchakmakchian-Don’t-rely-only-on-talent-020Կանադա
գնացիք հենց այն ժամանակ, երբ այնտեղ դեռ նոր էին ձևավորվում գեղարվեստական ավանդույթներն ու գեղարվեստական կյանքը… Արդյոք հաջողվե՞ց ընդգրկվել այդ գեղարվեստական պրոցեսների մեջ, հաջողվե՞ց  դրա մի մասը կազմել.

Ինձ անմիջապես շատ լավ ընդունեցին, իրենք իմ արվեստը շատ բարձր էին գնահատում և իրենց ամենաբարձր համալսարանի դասախոս եղա,  դա լավ էր, որովհետև դրամական առումով ապահովեցի ինձ դրանով: Մինչև վերջերս էլ հրավիրում էին դասավանդելու, բայց ես արդեն մերժեցի: Այնտեղի հայերը եղռնի հուշարձան պատվիրեցին ինձ, և իրենք էլ ընդառաջեցին այդ ծրագիրն իրականացնելու գործում. այս սրահում կենտրոնում դրված է մակետը  (ցույց է տալիս քանդակի կողմը): Եվս յոթ-ութ քանդակներ էլ տեղադրվել են Կանադայում տարբեր քաղաքներում և Ամերիկայում: Սա խոսում է այն մասին, որ իմ արվեստն այնտեղ բարձր գնահատվեց…


Arto-Tchakmakchian-Don’t-rely-only-on-talent-022Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում 1960-ականները գեղարվեստական առումով, ինչպե՞ս է այն տպավորվել Ձեր մեջ և ինչ արեցիք Դուք այս շրջանում իբրև նորարար:

Այստեղ ներկայացված իմ գործերի մեծ մասն այդ շրջանին են պատկանում: Այդ սերունդը շատ խակ էր, հասուն չէր, միջին բան էր ինքնին, կայանալու համար իմ արվեստն էլ օգնեց, հաճախ գալիս էին, հարցնում էին, օգնում էի, դրա համար մտածում եմ հիմա էլ գամ, մնամ Հայաստանում (ծիծաղում է):

Երբ արվեստագետը ոգեշնչվում, կամ միտումնավոր նմանակում է մեկ այլ արվեստագետի, դա կարծես երկխոսության հրավեր լինի, ինչպես Պիկասսոն ու Մատիսն էին անվերջ երկխոսության մեջ: Դուք որևէ մեկին երկխոսության հրավիրե՞լ եք:

Աշխարհի ամենամեծ քանդակագործի հետ միշտ երկխոսության մեջ եմ եղել և նաև  իրական երկխոսություն եմ ունեցել երբ Անգլիայում էի: Նա աշխարհի ամենամեծ քանդակագործն է՝ Հենրի Մուռը: Իմացավ որ Անգլիայում եմ, կապվեց ինձ հետ և մենք հանդիպեցինք, երկար զրույց ունեցանք: Գրքիս մեջ էլ իր գործերից եմ դրել հենց դրա համար, նրա հետ երկխոսությունը բացառիկ մի բան էր ինձ համար: Շատերի հետ կարող էի երկխոսություն ունենալ… մահացան…թե Հայաստանի նեղ մասշտաբով և թե համաշխարհային, բայց ես այդ ամենը Հայաստան չբերեցի, իմ գործիքները հայկական են…

Arto-Tchakmakchian-Photo-by-Hasmik-Barkhudaryan-2

Արտո Չաքմաքչյան
Լուսանկարը Հասմիկ Բարխուդարյանի


Ինչպե
՞ս կգնահատեք ներկայիս հայկական արվեստի դաշտը, ժամանակակից արվեստի դաշտը, ի՞նչ լավ և վատ կողմեր եք նկատում:

Դեպի լավն է գնում… ես չէի ուզենա որ պասիվ դիրք բռնեն, վախենան, փախչեն, չաշխատեն, հիմա, տեսնում եմ, որ շատ բան փոխվել է և իրենք երիտասարդները շատ մեծ ցանկություն ունեն սովորելու և ես դա շատ բարձր եմ գնահատում: Եվ ահա թե ինչու ես ցանկություն ունեմ նվիրել իմ գործերը Հայաստանին:

Ի՞նչ խորհուրդ, պատգամ կտաք երիտասարդ արվեստագետներին:

Միակ խորհուրդս. Հույսներդ միայն տաղանդի վրա մի դրեք…  Տաղանդի հետ միասին ուղեղն էլ պիտի մասնակցի ստեղծագործելու գործընթացին,  որպեսզի արժեքավորվի այդ ստեղծածը և երկար կյանք ունենա, եթե այդպես չլինի, ստեղծածն  արժեք չի ունենա և  շատ շուտ կմարի…



Գաֆէսճեան արվեստի կենտրոնում  ներկայացված Արտո Չաքմաքչյանի «Վերածնունդ» ցուցահանդեսը

Լուսանկարները՝  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով