«Ձկան պոչ»՝ 12-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում դոկումենտալ ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից…
Պրոդյուսեր` Ժուակին Պինտու
Ռեժիսորներ` Ժուակին Պինտու, Նունու Լեոնել
Սցենարի հեղինակներ` Ժուակին Պինտու, Նունու Լեոնել
Օպերատորներ՝ Ժուակին Պինտու, Նունու Լեոնել
Հնչյունը` Ժուակին Պինտու, Նունու Լեոնել
Մոնտաժը` Ժուակին Պինտու, Նունու Լեոնել
Նկարահանվել են` Պեդրու Մոնիշը և Ռաբու դի Պեյշեի ձկնորսները
Ազորյան կղզիներում մի փոքրիկ բնակավայր՝ Ռաբու դի Պեյշե, ինչպես իրենք ֆիլմի հերոսներն են ասում՝ կղզի կղզու մեջ: Ֆիլմը ձկնորսների պատմություն է, ձկնորսական կյանքի ամբողջական պատկեր, իր դժվարություններով, նվաճումներով, հաճելի ու բարդ պահերով հանդերձ: Գլոբալ արդյունաբերական ձկնաբուծությունը զգալի խնդիրներ է հարուցել այս բնակավայրում, որտեղ փոքրածավալ ձկնորսությունը ապրուստի հիմնական միջոցն է: Այս իրավիճակում են հայտնվել ձկնորս Պեդրուն և իր եղբայրը, երիտասարդ նավապետներ, որ, ծովային գործից անպակաս վտանգները չհաշված, ճգնաժամ են ապրում մասնագիտական առումով: 1999-2001 թթ. նկարահանված ֆիլմը ամբողջ տարի հետևում է Պեդրուին և նրա անձնակազմին` արձանագրելով անկախ մնալու նրանց որոշման տարեգրությունը: Մենք խորհուրդ ենք տալիս անպայման դիտել այս ֆիլմը: Այն մարդկային լավագույն հատկանիշների՝ քաջության, աշխատասիրության ու նվիրվածության մասին է: Այն ցույց է տալիս կյանքի առօրեականությունն իր բոլոր դրսևորումներով, սովորեցնում է ցանկացած մանրուք դիտարկել որպես մի շատ կարևոր երևույթ՝ ինչպես մի փոքրիկ կարթը կարող է մի մեծ թրաձուկ որսալ: Ֆիլմի հերոսները հիանալի տղաներ են, որ ողջ կյանքը անց են կացրել միևնույն բնակավայրում, դեռևս մանկուց սովորել են ձկնորսություն և իրենց կյանքն առանց դրա չեն պատկերացնում: Նրանք դժվար կյանքով են ապրում, յուրաքանչյուր նավարկություն նրանց համար կարող է ավարտվել ալեկոծ ծովի ալիքների մեջ, սակայն նրանք ուժ են գտնում պայքարելու, ապրելու և երջանիկ լինելու:
Թողնել մեկնաբանություն