+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը


EchmiadzinԿոստանդնուպոլսում է ստեղծվել 1705-1714 թվականներին Էջմիածնի գլխավոր խորանի համար պատրաստված հսկայական ճոխ վարագույրը, որը օգտագործվել է Զատկական տոներին: Ասեղնագործությունը արվել է կարմիր, մեծ չափերի (600×587) մետաքսե կտորի վրա ոսկեթելով և արծաթաթելով: Վարագույրի վրա կարմրից բացի տեսնում ենք սպիտակի, կանաչի, կապույտի երանգները: Ամբողջ վարագույրի պատկերագրությունը իրենից ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքը կամ «Քրիստոնեության հաստատումը հայոց մեջ»:

Այս թեման զուտ հայկական է և ընտրված է Ագաթանգեղոսի պատմությունից, որտեղ մանրամասն նկարագրված է Գրիգոր Լուսավորչի տեսիլքը: Վերջինս ընդունվել է hայկական եկեղեցու կողմից, մտել հայկական պատկերագրական կանոնի մեջ և լայնորեն օգտագործվել է գեղանկարչական պատկերների և կիրառական արվեստի այլ ճյուղերում: Արձանագրությունից վերև՝ կենտրոնում, տեսնում ենք պատվանդանի վրա դրված երեք խոյակազարդ սյուներ, որոնք իրար են միացվում երկու կամարների միջոցով, իսկ կամարներից վեր մի խաչազարդ գմբեթ է պատկերված, որն իր հերթին ծածկված է ոսկեթելով արված կամարով: Գարեգին Հովսեփյանը նշում է, որ սա Ագաթանգեղոսի նկարագրած Էջմածնի տաճարն է՝ Լուսավորչի տեսիլքի համաձայն: Տաճարի աջ կողմից ծնկել է վեղարավոր Լուսավորիչը տեսիլքի պահին, իսկ ձախ կողմում նա պատկերված է երկրորդ անգամ ծնկած, բայց արդեն հայրապետական զգեստավորությամբ:

 Ձախ կողմում` Լուսավորչի պատկերի առջև, տեսնում ենք Տրդատ թագավորի ծնրադրած և տաճարին կռթնած կերպարը, ով իր երազում կարծես հաղորդակից է դառնում Լուսավորչի այս տեսիլքին: Ուշադրություն է գրավում ձախ կողմում զետեղված թևավոր հրեշտակի պատկերը, ով Լուսավորչին  բացատրում է տեսիլքի նշանակությունը և ցույց  տալիս Քրիստոսի կողմը: Իսկ Աստծո միածին որդու անդրին ներկայացված է էջքի պահին` շրջանակի մեջ: Նա ձախ ձեռքով բռնել է խաչազարդ երկրագունդը, իսկ աջով՝ մուրճը, որով Հիսուսը երեք անգամ հարվածում է երկրին և այդ վայրում կառուցվում է Աստծո միածին որդու տաճարը, որը հենց այդպես էլ կոչվեց՝ Էջմիածին (իջավ միածին): Երկնքից դեպի Քրիստոսն է իջնում Սուրբ Հոգին, իսկ ամենավերևում ամպերի խորքից երևում է Աստծո կիսանդրին:

Curtain-of-the-senior-altar-of-Echmiadzin

Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

Նա բացել է ձեռքերը և իր օրհնությունն է տարածում ողջ տեսարանի վրա: Երկու կողմից խոնարհված, ձեռքները կրծքին խաչած պատկերված է հրեշտակների դասը: Հենց տեսիլքի պատկերման երկու կողմերում կան ամեն կողմում վեցական առաքյալների պատկերները իրենց խորհրդանիշերով: Առաքյալների պատկերները առանձնացված չեն ընդհանուր տեսարանից. համարյա բոլորի դեմքերը ուղղված է այդ կողմը՝ կարծես հաղորդակից դառնալով կատարվող հրաշքին: Նկարագրված ողջ տեսարանը շրջանակված է երկու իրար զուգահեռ ժապավենների մեջ՝ զարդարված բուսական նրբաճաշակ զարդերով: Այս վարագույրի պատմական նշանակությունը բարձրացնում է ներքևում տեղ գտած երկար արձանագրությունը, ըստ որի հասկանում ենք, որ վերջինս նվիրաբերվել է Էջմածնի տաճարին Կ. Պոլսի բոլոր վաճառականների, սառաֆների, հացագործների, հողագործների, կեսարացի հյուսների և արևելյան զարդարողների կողմից Աստվածատուր վարդապետի ձեռքով: Արձանագրության մեջ տրվող պատմական փաստերի  հիման վրա այս վարագույրը թվագրվում է 1705-1714 թվականներով:

   Տեսիլքի բացատրությունը և թագավորի՝ քրիստոնեություն ընդունելու իրողությունը այստեղ ցուցադրված է  իբրև հետևանք և մաս ամբողջության: Այս ամբողջ բազմաֆիգուր տեսարանը շատ ազդեցիկ է: Այն արված է մանրանկարչական ճշգրտությամբ: Յուրաքանչյուր պատկերի հատուկ ընտրված դիրքը, ոսկեգույնի, կարմրի և սպիտակի օգտագործումը շատ շարժուն և խոսուն են դարձնում տեսարանը, ինչն էլ թույլ է տալիս եզակի այս վարագույրը դասել հայկական ասեղնագործության  անկրկնելի գանձերի շարքը:

Աղբյուր՝

Հովսեփյան Գարեգին, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, Երևան, 1983թ.Հ.2 1994թ.,էջ 299



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով