+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս առաջին)


Alexander-Tamanyan-and-Preservation-of-Ancient-Monuments-001«Մեր պատմական հայրենիքում ամենուրեք սփռված հնապատմական հուշարձանները, որ հայ ցեղի ու մտքի արտադրությունն են, նրա բազմադարյան կուլտուրական կյանքի ապացույցները՝ հանդիսանում են հայ ժողովրդի գերագույն հարստությունը և նորանոր ստեղծագործությանց անսպառ աղբյուրը նրա բոլոր սերունդների համար։

         Ուստի հանուն գիտության և առհասարակ մեր երկրի կուլտուրական առաջխաղացման՝ համարելով մեր երկրի հնությունների պահպանությունը Հայաստանի պետական իշխանության գլխավոր պարտականություններից մեկը՝ այսու դիմում ենք Ձեզ, պարոն նախարար, և խնդրում միջնորդել նախարարների խորհրդի առաջ կազմակերպելու վերոհիշյալ նպատակի համար հատուկ մարմին՝ «Հնությունների պետական պահպանության կոմիտե» և նրան վերապահել ամենայն իրավասություն հնությունների պահպանության և պաշտպանության վերաբերյալ։

Garegin-A-Hovsepyan

Գարեգին Ա Հովսեփյան

Martiros-Saryan-Alexander-Tamanyan

Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան

Joseph-Orbeli

Հովսեփ Օրբելի

     

Սույն կոմիտեն հանդիսանալով իբրև զարգացումն հանրային կրթության և արվեստի նախարարության «հնությունների պահպանության բաժնի» լինելու է գիտության և գեղարվեստի ականավոր ներկայացուցիչներից, որի առաջին կազմը կնշանակվի կառավարությունից։

        Ընդսմին ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը մեր կազմած օրինագիծը և կոմիտեի կազմի ու պարտականության ցանկն ու նախահաշիվը»։

        Գարեգին Եպիսկոպոս Հովսեփյան, Ալեքսանդր Թամանյան, Աշխարհբեկ Քալանթար. նրանք էին 1920 թ. հունիսի 19-ի ՀՀ Հանրային Կրթության և Արվեստի նախարարին ուղղված, հնությունների պահպանության պատմության համար բեկումնային այս փաստաթղթի հեղինակները։ Իհարկե, նվիրյալների այս շարքը դեռ պետք է ընդլայնվեր այնպիսի տիտաններով, ինչպիսիք էին՝ Թորոս Թորամանյանը, Հովսեփ Օրբելին, Մարտիրոս Սարյանը, Նիկողայոս Մառը, ովքեր գիտակցում էին «հայ ցեղի ու մտքի արտադրության» պահպանության անհրաժեշտությունը։

Nikogayos-Mar-Ashkharabek-Kalantar

Նիկողայոս Մառ (ձախից՝ ներքևի շարքում), Աշխարհբեկ Քալանթար (ձախից՝ վերևի շարքում)

Բազմաթիվ քաղաքական խնդիրներին ու ճգնաժամի ծանր պայմաններին համընթաց, 1920 թ. հուշարձանների պահպանությունը դրվում է գիտական հիմքերի վրա։ Նպատակն արդար էր, բայց ուղին ամենևին էլ դյուրին չէր լինելու։ Հայաստանի առաջին Հանրապետության կործանումը ստիպում է դադարեցնել հնությունների պահպանության բաժնի գործունեությունը, իսկ բաժնի վարիչ Ալեքսանդր Թամանյանին՝ տեղափոխվել Թավրիզ։

  Հատկանշական է այն փաստը, որ Թամանյանի սերն ու հետաքրքրությունը հայկական ճարտարապետության հանդեպ ունեին ավելի խորը արմատներ։ Ըստ Մագդալինա Թամանյանի (Ալ. Թամանյանի քույրը) հուշերի՝ մի անգամ, Սանկտ-Պետերբուրգում, դեռևս ուսանողական տարիներին, Թամանյանը, թերթելով Հայաստանի հուշարձաններին նվիրված ալբոմը, ասաց. «Ա՛յ կտեսնեք, ես կապրեմ Հայաստանում և կկառուցեմ այնտեղ»։ Անհրաժեշտ է նշել, որ տվյալ ժամանակաշրջանում նա դեռևս չէր եղել Հայաստանում։ Ռուսաստանում մասնագիտական փառքի արժանացած 41-ամյա վարպետն առաջին անգամ ոտք դրեց Հայաստան առաջին հանրապետության օրոք՝ 1919 թ. հուլիսին։ Եկավ առանց հրավերի, ճիշտ ժամանակին։ Տեղի ունեցավ այն ալբոմի հերոսների և Ալեքսանդրի երկար սպասված հանդիպումը։ Շատ չանցած նա էր դառնալու խնամակալն այն հուշարձանների, որոնք «հայ ցեղի ու մտքի արտադրությունն էին» և իր «նոր ստեղծագործությանց անսպառ աղբյուրը»։

Toros-Toromanyan

Թորոս Թորամանյան

Բայց մինչ այդ Թամանյանն արդեն ունեցել էր որոշակի առնչություն հայկական ճարտարապետության հետ։ 1908 թ., երբ նա դեռ Սանկտ-Պետերբուրգում էր, հայագետ, արևելագետ, լեզվաբան, հայ մշակույթին ու պատմությանն անգնահատելի ծառայություն մատուցած Ն. Մառը Թամանյանին է հանձնարարում Անիում կառուցվելիք թանգարանի նախագիծը։ Վերջինիս էսքիզային փնտրտուքները երիտասարդ ճարտարապետին կապում են հայկական ճարտարապետության հետ։ Սրա վառ ապացույցն է հանդիսանում 1913 թ. իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի պատվերով Հռոմում կառուցվելիք ռուսական ուղղափառ եկեղեցու նախագծի տարբերակներից մեկը, որն իր թմբուկի ծավալով և հովհարաձև վեղարով, անշուշտ, առաջին հայացքից հայկական առաքելական եկեղեցի է հիշեցնում։ Այս նախագծից 6 տարի անց՝ 1919 թ., վերջապես ստեղծվել էր հնարավորություն ուսումնասիրելու և բնօրրանում հաղորդակցվելու ազգային ճարտարապետության հետ։ Բայց այս ամենը պետք է ընդմիջվեր երկամյա Թավրիզյան շրջանով։

  Թավրիզում հաստատվելուց և աշխատանքի անցնելուց որոշ ժամանակ անց սկսվում են խորհրդայնացված Հայաստանի իշխանությունների և մտավորական ընկերների հորդորները Թամանյանին հայրենիք վերադարձնելու կապակցությամբ։ Սրանց հետևում է 1922 թ. փետրվարի 12-ի հայրենիք վերադառնալու մասին Ալ. Թամանյանի պատասխան նամակն ուղղված Ս. Լուկաշինին։ Այսպիսով, սկսվում է միանգամայն նոր շրջան թե՛ ճարտարապետի կյանքի ու գործունեության, թե՛ հնությունների պահպանության համար։[1]

Շարունակելի…

  1. Պետրոսյան Դ., «Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը», «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական հանդես, Բ, Էջմիածին 2015 թ., էջ 77-83

Տես՝

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով