+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Ո՞վ է սպանել հսկային»


Փետրվարի 9-ին ներկա եղանք Նորարար փորձառական արվեստի կոնտրոնում «Ո՞վ  է սպանել հսկային» նախագծի բացմանը: Երբ ներս մտանք, դեռ ամեն ինչ պատրաստ չէ: Այս ու այն կողմ նախագծի հեղինակները ստեղծում-կառուցում էին ցուցադրության միջավայրը: Ներկաներից մեկից լսեցի. «իսկ ցուցահանդեսը ե՞րբ է սկսվելու» հարցը: Արդյունքում՝ մենք արդեն ցուցադրության տարածքում էինք: Արդյունքում նաև պարզ է դառնում, որ մեր հասարակությանն իսկապես անհրաժեշտ են ժամանակակից արվեստի նմանօրինակ ցուցադրություններ, կոնցեպտուալ արվեստի հետ առնչվելու նոր հնարավորություններ, անսպասելի, համարձակ մոտեցումներ: Նախագիծը երիտասարդ արվեստագետներ Սևակ Բաղդասարյանի, Գևորգ Գրիգորյանի, Վահրամ Ակիմյանի ու Արթուր Շարոյանի համատեղ ստեղծագործությունն է: Համատեղ ստեղծագործություն, քանի որ չնայած առանձին ստեղծագործությունների ներկայացված լինելուն, դրանք միանգամայն ամբողջական էին միևնույն գաղափարի կոնտեքստում և ցուցադրության տարածքը թվում էր որպես մեկ ընդհանուր ստեղծագործություն:

Նախագծի հեղինակներից Վահրամ Ակիմյանը գրում է. «Նախագիծը հրավեր է ծիսակարգի: Այն հանդիսության ձև – մեկնաբանություն է, հիպերբոլիկ իմիտացիա, աղերս Ռաբլեական սատիրային: Ծեսի հիմնավորման կարևոր էլէմենտի բացակայությունը, կասկածի տակ է դնում բուն ակտն առհասարակ: Միևնույն ժամանակ հենց դա է պատճառ հանդիսանում դեկոնստրուկտիվ վարկած-շահարկումների առաջացմանը: Այստեղ տարածքը անձնականից հանրայինի անցնող վերագնահատման գոտի է, որտեղ հատվածականացված պատմության ամեն մի դրվագի ծանոթանում են պոստ ֆակտում: Բացակա օբյեկտներն այն արտեֆակտներն են, որ վերծանում են ծեսը, այն վերածելով մեկ հետաքննության, մեկ ֆարսի: Վերջին հաշվով այցելուն ուշացել է, իսկ միջավայրը՝ ապանյութականացվել»:

Ծիսականն ու առօրեականը ցուցասրահ բերելու, տպավորություններն ու զգացողությունները ֆիքսելու ու ցուցասրահ մտցնելու հիանալի փորձ՝ յուրաքանչյուրն իր տեսակով՝ նյութի շատ կամ նվազ օգտագործմամբ: Ձայն, ռիթմ, շարժական ուղղորդում, դինամիկա, քայլ, ֆիկսացիա, յուրաքանչյուր հատվածում  այցելուին ստիպելով վերապրել իրական կյանքում ունեցած որևէ զգացողություն, ու զգալ դրա ծիսականությունը, դրա ոչ սովորական բնույթը, զգալ դրա հատուկ նշանակությունը: Անշուշտ սա պետք է տեսնել և զգալ, իսկ դրա հնարավորությունը կլինի մինչև  փետրվարի 27-ը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով