+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

Նարեկացի և Շիրազ. երկու մատյան


«Հայոց դանթեականը» Հովհաննես Շիրազի աստվածային տաղանդի փայլատակումներից մեկն է, որի ամբողջ ուժն ու խորությունը զգալու համար անհրաժեշտ է սուզվել նրա աստվածաշունչ-նարեկաշունչ տողերի մեջ»:

Նարեկաշունչ տողեր… «Հայոց դանթեականը» որոտնամատյանի արդարև արժևորումը թողնելով ուսումնասիրողներին՝ խուզարկու լապտերն ուղղենք գրականագետ Սուրեն Աղաբաբյանի սահմանմանը: Առանց զուգակշռելու Գրիգոր Նարեկացու և Հովհաննես Շիրազի ողբագրքերը՝ հերմենևտիկ խողովակներով պիտի անցկացնենք երկու պոեմների հետևյալ աղերսները.

  1. ողբերգության ըմբռնումներ և բովանդակային հենակետեր,
  2. գեղարվեստական արժեքի բարձրացմանն ուղղված բառաստեղծման մեթոդի կիրառում,
  3. սեփական երկի արժևորում:

Սակայն մինչ այս կետերի քննությունը, անխուսափելի է «Հայոց դանթեականը» պոեմում Նարեկացու տեղորոշման և դերաբաշխման հարցերի շուրջ ակնարկը:

«Հայտնվիր և դու՛, մեծ Նարեկացի,

Ո՛վ աստվածապեղ, մռնչա և դու՛,

Դու՛, որ բուրվառն ես մեծ առեղծվածի,

Որ կշռում էիր մեղքերը մարդու,-

Աստծո պես էիր Աստծո հետ խոսում,-

Իջի՛ր, որ ազգիդ վիշտն էլ կշռես

Կոտորածների լաբիրինթոսում,

Մեղքից զարհուրած՝ ուխտդ բուրվառես,

Ահեղ դատաստանն աշխարհ բերելով,

Ուր մեղքն անպատիժ ու դեռ վիշտն է ծով:

Հայտնվի՛ր, որ գեթ ինքդ աշխարհ գաս,

Լուռ Աստըծո տեղ ի՛նքդ մռնչաս…»:

Շիրազը, «աստվածային դժնի դժոխքում ծիծաղած» Դանթե Ալիգիերիից բացի, հայոց իրական դժոխք առաջնորդելու է ոգեկոչում նաև հայ անմահների. Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Զորավար Անդրանիկ և այլք: Ի տարբերություն «ոգեխմբի» մի շարք կերպարների (անգամ՝ Դանթեի) կրավորական դերերի՝ վերջինները պոեմի դիպվածաշարի գործողությունների անմիջական մասնակիցներն ու «ճարտարապետներն» են: Առանձին համապարփակ քննության են ենթակա նաև Կոմիտասի և Անդրանիկի դերակատարումները. Կոմիտասն՝ իբրև ողբերգական տեսարանների արտահայտության զենիթակերտ, Անդրանիկը՝ «Մեծ մռունչի գիշերվա» ահեղ դատաստանի, անողոք հաշվեհարդարի դիցազարմ վրիժակ:           

Վերստին գալով խնդրո առարկային՝ նշենք, որ նախասահմանված մշտական ներկայությունից բացի, Շիրազն ընթերցողին ու Նարեկացուն առերեսում է 40 և ավելի անգամներ: Հեղինակը դիմում է սրբին մի քանի կերպ. մե՛րթ որպես իր պոեմի կնքահոր, մե՛րթ որպես մարդկային մեղքերը կշռողի, մե՛րթ որպես հայոց դժոխքով անցնող «ոգեխմբի» անդամ-ականատեսի, տեսարաններին արձագանքող ապրումների խտացման, մե՛րթ որպես ուղղակի խոսքով հանդես եկողի: Վերջինը համարձակ պոեմի համարձակ քայլերից մեկն է՝ թե՛ բովանդակային, թե՛ գաղափարական, թե՛ գեղարվեստական առումներով: Ուղղակի խոսքը հաճախ գործածվում է երկխոսությունների, եղեռնապատումը միջամտող հառաչանքի կամ, Շիրազի բնորոշմամբ, նկարագրությունները «նարեկամռունչ» կերպով «համեմելու» տեսքով:

Դառնանք վերոնշյալ 1-ին կետին՝ ողբերգության ըմբռնումներին և բովանդակային հենակետերին:

«Նարեկեան /քրիստոնէական/ ողբերգութիւնը ժամանակի ու տարածութեան, պատմական իրադարձութիւնների, համամարդկային կեանքի ընթացքի ծայրայեղ խտացումն ու փոխադրումն է հոգեւոր-զգացմունքային դաշտ, մարդկային ներաշխարհ: Ողբերգութիւնը պայմանաւորող հակադիր ուժերը մարդու ներաշխարհի մէջ են եւ մարդն է իր կենսագործնէութեան հեղինակն ու պատասխանատուն: Պատերազմի պայքարի դաշտը մարդու հոգին է եւ ամէն ինչ կատարւում է այստեղ»: Եթե նարեկյան ողբերգությունն, ի սկզբանե, կրում է համամարդկային, որով և ազգային բնույթ, ապա շիրազյանը բացառապես ազգայինից վեր է ածվում համամարդկայինի: Շիրազյան պայքարի դաշտը դուրս է գալիս ներանձնային սահմաններից և, անհատի ինքնահաղթահարմամբ, պատասխանատվության է կանչում ողբաստեղծ կողմին:

Նարեկացու մատյանի «ողբերգական վիճակը պայմանաւորուած է մարդու վայրասլացքով, աստուածային պատուիրանը զանց առնելու, ուխտը դրժելու բանականութիւնից եւ շնորհներից, ճշմարիտ հաւատքից զրկուելու հետեւանքով», ինչն էլ դառնում է բովանդակային հենակետ: Իսկ Շիրազի ողբերգությունը սկիզբ է առնում հստակ պատմական իրադարձությունից: Եթե «Նարեկը» տանում է խոր մեղսագիտակցության և ինքնամաքրման աստվածային ճանապարհով, ապա «Հայոց դանթեականը» պոեմի բովանդակային հանգուցալուծումը դառնում է Մեծ վրեժի «արգանդադուռ»:

Երկու պոեմների բովանդակություններն էլ հենված են գիտելիքի, իմացության և զգացական վիթխարի շտեմարանի վրա. մեկի դեպքում կտակարանային ճշմարտություններն են, արարչության և բնական տարերքների զմայլելի մեկնությունը, մարդկային էության ճանաչողությունն ու անհուն հավատն առ Աստված, մյուսի դեպքում՝ հայ և համաշխարհային պատմական անցքերը, ազգերի մշակութային ժառանգության ճանաչողությունը, մեծ հույսն ու անհուն հավատն առ հայոց ցեղային տարերքը:

Երկու մատյաններում էլ, տաղաչափական տեսակներից, չափաբանական զանազան հնարքներից բացի, առկա է երկի գեղարվեստական արժեքի բարձրացմանը միտված բառաստեղծման մեթոդի կիրառման անժխտելի առընչակցություն: Սա պարարտ նյութ է հանդիսանում լեզվական ուսումնասիրությունների մշակների համար:

Խոսքի պատկերավորման համեմատության, փոխաբերության, անձնավորման, չափազանցության միջոցների, փոխակերպության այլաբանական տեսակի երկուստեք տարափն այնքան է հարազատացնում երկու հեղինակներին, որ, կարծես, փոշիացնում է նրանց կապող հազարամյա կամուրջը:

Թե՛ Նարեկացին, թե՛ Շիրազն իրենց երկերի արժեքավորության ու կատարած աշխատանքի նվիրականության մեջ այնքան են համոզված, որ հենց իրենք են մատնանշում ստեղծագործության կրթական նշանակությունը, ինչպես օրինակ՝ այս հատվածներում.

«Եղիցի բղխումն արտասուաց սովաւ վարժելոցն…» («Թող առատորեն արցունքներ բխեն սրանով կրթված մարդկանց աչքերից…», փոխադրումը գրաբարից՝ Վազգեն Գևորգյանի),

«Եվ թող այս գիրքս դասագիրք դառնա

Մանուկ մարդկության սեղանի վրա» (Շիրազ):

            Եթե Նարեկացին Աստծուն ու ինքն իրեն է համարում «Նարեկի» հարատևման երաշխավորներ («Ու թեպետ որպես մի մահկանացու՝ պիտի վախճանվեմ, բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ»), ապա Շիրազը դիմում է Նարեկացու ուղղակի խոսքին և վերջինի շուրթերով ասում.

«-Ոչ ոք չի կարող մեր ծուխը կտրել… Թոնիրը կա՛ դեռ,

Եվ այս մատյանի հարակայությամբ կապրի հույսն անմեռ»:

            Բնավ այսօրինակ խնդիր չդնելով՝ նրանք իրենց մատյաններով կանգնեցրին սեփական հուշարձանը, նախանշելով իրենց գործի մշտնջենականությունը: Եվ եթե «Նարեկը» հաստվել է որպես հայերիս Աստվածաշունչ, ապա «Հայոց դանթեականը» դեռ նոր պիտի ստանա իր վարձքն՝ իբրև հանճարի սերմից պտղավորված հայոց վրեժի աստված: Պատահական չէ, որ դեռևս չհրատարակված պոեմի պատառիկները բերնեբերան հասել են Միջերկրական ծովի արևելյան ափեր: Իսկ կա՞ գոնե մեկ զուգական ստեղծագործություն, ժողովրդական բանահյուսության նմուշներից բացի, որ արժանացած լինի նման ճակատագրի [1]:

  1. Դ. Պետրոսյան, «Նարեկի» ազդեցությունը «Հայոց դանթեականը» պոեմի վրա, «Հայագիտական հանդես» ՀՊՄՀ, 2(40), Երևան, 2018, էջ 90-94

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով