Արտ Ֆեստ 2016 երիտասարդական միջազգային բաց փառատոնի շրջանակներում մայիսի 25-ին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի« Համալսարանական» թատրոն-ստուդիան ներկայացրեց Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» երաժշտական ներակայացումը Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Այն իր ձևաչափով տարբերվում էր և վստահորեն նորույթ էր հայ թատերական աշխարհի համար: Ժամանակակից երիտասարդության համարնոր արվեստի գործ ստեղծելու գաղափարն իր շուրջն էր հավաքել տաղանդավոր և ստեղծագործող անհատականությունների. «Ռոմեո և Ջուլիետ» երաժշտական ներակայացման ռեժիսորը ԵՊՀ Մշակույթի կենտրոնիտնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանն է, բեմանկարչական ձևավորումների հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ, նկարչուհի Աննա Հարությունյանը, իսկ երաժշտության և երգերի հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը: Դերակատարները ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Նրանց համախմբում է համալսարանի թատրոն-ստուդիան, որն արդեն 10 տարվա գործունեություն է իրականացնում՝ իր պատմության մեջ ունենալով արդեն իսկ 8 ներկայացում: Հենց այս ստուդիայում էլ ուսանողները ստանում են դերասանի վարպետության վերաբերյալ գիտելիքներ, ծանոթանում թատերական արվեստի կարևոր առանձնահատկություններին:
Համալսարանականների կողմից ներկայացված «Ռոմեո և Ջուլիետ» դրամայի պրեմիերան արդեն իսկ մեծ արձագանք էր գտել և արժանացել բազմաթիվ գովեստի խոսքերի: Դրամատիկական թատրոնում պրոֆեսիոնալ դերասանների, խստապահանջ ժյուրիի ու պահանջկոտ հանդիսատեսի առջև ելույթ ունենալը և Շեքսպիր ներկայացնելը համարձակ քայլ էր, որը նրանք պատվով հաղթահարեցին:
Բեմադրության գաղափարական հիմքում հավերժական սերն է:Ներկայացման ռեժիսոր Կարինե Դավթյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Ժամանակակից աշխարհում, երբ հասարակությունը առավել մտածում է նյութականի մասին, հոգևոր արժեքները կարծես թե ետին պլան են մղվում, ինչը իր ազդեցությունն է ունենում հիմնականում երիտասարդության մտածողության վրա: Շփվելով երիտասարդների հետ, ես հասկացա, որ նրանցում սերը պակասում է, և բացակայում է հավատը սիրո ուժի նկատմամբ: Այս ներկայացման միջոցով ես ուզում էի երիտասարդության ուշադրությունը կենտրոնացնել մարդկության համար ամենակարևոր արժեքների՝ սիրո և հավատի գոյության վրա: Յուրաքանչյուր սերունդ իրավունք ունի ստեղծելու իրժամանակի Ռոմեոյին և Ջուլիետին, և մենք այդ արեցինք ԵՊՀ ուսանողական թատրոնի միոջոցով: Այս սերնդի Ռոմեոն և Ջուլիետը սիրող, ապրեցնող, հավատացող և պայքարող են, ինչպես և ցանկանում էի ներկայացնել»:
Պիեսի նորովի մեկնաբանությունը հետաքրքրական և անսպասելի էր դասական տարբերակին ծանոթ թատերասերների համար: Բոլորիս քաջ հայտնի շեքսպիրյան այս ստեղծագործությունը ներկայացված էր նոր ասելիքով, նոր շեշտադրումներով: Ողջ ներկայացման կոլորիտը՝ այդ թվում դերակատարների հագուստները և դեկորացիաները, ամբողջացված էր երեք գույների՝սպիտակի, սևի և կարմիրիհամադրության մեջ: Գունային նմանատիպ լուծումը առանձնահատուկ տրամադրություն էր ստեղծում և հանդիսատեսին ներգրավում ներկայացման աուրիայի մեջ՝ բացելով բեմադրության ամբողջ իմաստային նշանակությունը՝ մաքրություն, ողբերգություն և արյուն:Եվ պատահական չէ, որ բոլոր կերպարներից միայն Ռոմեոյի և Ջուլիետի հագուստներն էին ամբողջապես սպիտակ:
Ներկայացումն արված էր մինիմիալիզմի և սիմվոլիզմի սկզբունքներով: Գլխավոր սիմվոլը առագաստով նավակն էր, որ բազմաֆունկցիոնալ օգտագործում ուներ՝ տեսարանների ընթացքում խորհրդանշելով պատշգամբ, անկողին և դամբարան: Արվել էին կերպարների կրճատումներ, ներմուծվել էին ծաղրածուներ, Իշխանի կերպարը ամբողջացված էր ներկայացման սկզբում և վերջում հնչող ձայնով, որն առավել ազդեցիկ էր դարձնում նրա խոսքերի բովանդակությունը, հայր Լավրենտի կերպարը վիրտուալ էր ներկայացված՝ տեսանյութի ձևով: Ի դեպ, հայր Լավրենտի դերակատարը հայտնի դերասան Վարուժան Մանուկյանն է: Բոլոր փողոցային տեսարանները կրճատվել էին, դրանց փոխարինելու էր եկել սև կտորի մեջ ձուլված սիմվոլիկ ամբոխը, որի էմոցիաները հաղորդվում էին դեմքերի միմիկաների և ձեռքերի ժեստերի միջոցով: Բացառիկ էր ներակայացման ավարտը, որն ազդարարվեց գլխավոր կերպարների՝ Ռոմեոյի և Ջուլիետի վերակենդանացմամբ: Ռեժիսորի խոսքերով՝ «Սա բեմադրության ամենախոսուն հատվածներից մեկն էր, երբ գլխավոր հերոսները կենդանանում են երգով՝շեշտելով սիրո հավերժության գաղափարը: Մտավախություն կար, որ հանդիսատեսը այս տարբերակը չի ընդունի, սակայն երբ դահլիճը մեկ մարդու պես ոտքի կանգնեց, և հնչեցին բուռն ծափահարությունները, ես հասկացա, որ գլխավոր ասելիքը լիարժեք տեղ է հասել»:
Առկա կերպարային և տեքստային կրճատումներով, դասական օրինակից շատ չհեռացած, բայց միաժամանակ նոր ժամանակակից մեկնաբանությամբ առաջնային դեր ստացած ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի «Ռոմեո և Ջուլիետ» երաժշտական ներկայացումն ամբողջական էր և կարողացավ իր հաղորդագրությունը հասցնել հանդիսատեսին, ինչի վառ վկայությունն էին ոտնկայս ծափահարությունները, բազմաթիվ հակասական կարծիքները, քննադատությունն ու դրվատանքի խոսքերը: Շնորհավորում ենք ներկայացման ստեղծագործական խմբին՝ նորանոր հաջողություններ ու բեղուն գործունեություն մաղթելով նրանց:
Հ.Գ. ԵՊՀ-ն արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում է Արտ Ֆեստ –ին, 2013թ. այն մասնակցել էր Ա. Այվազյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Ցուցակ» ներկայացմամբ՝Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, և արժանացել էր «Հատուկ մրցանակ» անվանակարգին:
Կարող եք դիտել՝
Թողնել մեկնաբանություն