+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Մանսուրյանական երաժշտության լույսը


Mansuryan-001«Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Աշնան արև»…այս ֆիլմերը այնքան սիրված են բոլորի կողմից: Նույնիսկ հատվածներ կան, որ թևավոր խոսքեր են դարձել և օգտագործվում են խոսքի մեջ: Իսկ երաժշտությունը… ա՜խ… այնքա՜ն հարազատ է… հնչյունները մտնում են հոգու մեջ …ու թռչու՜մ ես….

Նման երաժշտություն կարող էր ստեղծել միայն Տիգրան Մանսուրյանի նման լուսավոր էակը… Կենդանի լեգենդ, ով այսօր դարձավ 77 տարեկան…

Ծնողներից ժառանգելով սերը երաժշտության նկատմամբ` նա ստեղծագործել է իր ամբողջ կյանքի ընթացքում «Ես առհասարակ որևէ բանի համար չեմ ափսոսում: Աստծո ինձ տրված նվերն ընդունել եմ սիրով: Եվ աշխատել եմ խնամքով աճեցնել, գիտակցել եմ, որ դա պետք է գնահատել: Հիմնականը նաեւ այն է, որ ես չեմ կարող ապրել առանց երաժշտության և երաժշտություն գրելու: Եթե մի օր երաժշտություն չի գրվում, դա մահացած օր է, սև ածուխ օր է: Երբ մի փոքր բան ստացվում է, ես այդ օրը երջանիկ եմ լինում, թագավորի պես եմ ինձ զգում» Ասել է մաեստրոն:Mansuryan-002

Տիգրան Մանսուրյանը ստեղծել է «Ռեքվիեմ» նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, որի վրա աշխատել է շուրջ տասը տարի: 2011թ. Գերմանիայում նույն երեկոյի ընթացքում հնչել են և՛ Մոցարտի, և՛ Մանսուրյանի ռեքվիեմները: Կոմպոզիտորն ասել է, որ ռեքվիեմը գրել է այն թաքուն փափագով, որ եթե հանկարծ մի օր եվրոպացիները որոշեն հիշատակել հայոց ցեղասպանության զոհերին, ապա դիմեն «իրենց հասկանալի լեզվով» այս ստեղծագործությանը: Սա մի երաժշտություն է, որը հնարավորություն է տալիս թերթելու մեր ժողովրդի դարավոր պատմությունը, զգալու հայկական մանրանկարչության տաք գույները և վայելելու շարականների հմայքն ու ուժը:

Շատ գեղեցիկ են մաեստրոյի մտքերը… մի առիթով նա ասել է «Սերը… Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ: Արվեստն՝ ինքնին, կյանքը, գեղեցիկը սիրելու կոչ է: Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է: Ինչքան որ նրա մեջ սեր կա, այնքան բարություն կա»:Mansuryan-004

Ահա Մանսուրյան երաժիշտը, Մանսուրյան մարդը, ով ապրում է մեր օրերում… ահա նրա աշխարհի մի մասը… Ճանաչենք մեր մեծերին… գնահատենք ու սիրենք մեր արժեքները… որոնք այնքան հարազատ են…

Երբ լսում ես օրինակ հատված «Մեր մանկության տանգոն» ֆիլմի երաժշտությունից, միանգամից աչքիդ առաջ են գալիս ծանոթ պատկերներ, Գյումրվա կոլորիտն ես պատկերացնում… փողոցները, պատշգամբները… Այս մթնոլորտը հրաշալի կերպով փոխանցվել է երաժշտությանը: Մի տեսակ մտնում ես արվեստի լուսավոր աշխարհը… ճամփորդում ժամանակի միջով…

Լուսանկարները՝ Տիգրան Մանսուրյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:




Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով