+374 99 12 80 82 Շաբաթ - 21 Դեկտեմբեր 2024

Քննադատական տեքստ: Բացակայության խնդիր


Հեղինակ՝  Տիգրան Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

ճարտարապետական միջավայրում վերջերս ստեղծվեց մի իրավիճակ, որն իր ձևով բավականին հնաոճ, տոտալիտար համակարգին բնորոշ քննադատական ձև հիշեցրեց: Խոսքս վերաբերում է,  ճարտարապետ Կարեն Բալյանի՝ Hraparak.am կայքին տրված հարցազրույցից հետո ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի՝ ճարտարապետների միությանն ուղղված բողոք-նամակին, որից հետո Մութաֆյանի նամակին ի պատասխան Բալյաը ևս իր նամակն ուղղեց միություն: Այս ամենին հետևեց  ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի տրամաբանական, զսպված արձագանքը՝ ձգտելով հանդարտեցնել շիկացած կրքերը: Այս իրարանցումը լայն արձագանք գտավ համացանում, վերաճելով սկանդալայինի, ավելի ճիշտ՝ դրդվեց դրան: Այնուամենայնիվ, որն էլ լինի դրա պատճառը, փաստն այն է, որ երևույթը, ինչպես հաճախ է լինում, դուրս եկավ մասնագիտական դիսկուրսի շրջանակներից և մտավ անձնական վիճաբանության դաշտ՝ պարզապես ճարտարապետների մասնակցությամբ:

            Հաշվի առնելով, որ այս իրարանցումը բաց էր հասարակության համար (բոլոր նամակները և հարցազրույցները բաց դրված էին Ֆեյսբուքյան տարբեր էջերում), իրավաբանական և էթիկաի  որևէ կանոն չխախտելով՝ կցանկանայի անրադառնալ այս երևույթին որպես մասնագիտական քննադատության և դիսկուրսի դրսևորման յուրօրինակ ձևի, ավելի ճիշտ` վերը նշվածի բացակայության դրսևորման, որի հիմքում ընկած է, մեր երկրում ճարտարապետական քննադատության դիսցիպլինի՝ որպես այդպիսին, ընդհանուր առմամբ բացակայությունը:

            Չցանկանալով վերլուծել նամանկների և հոդվածի բովանդակությունները՝ կուզենայի անրադառնալ Մութաֆյանի նամակում տեղ գտած, ընդամենը մեկ, ըստ իս կարևոր դիտարկման, որը նաև շատ էր հոլովվում սոցցանցերում (դատելով այս հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումներից): Ընդհանրացնելով կարելի է հանգել նրան, որ Հայաստանից դուրս ապրող մասնագետն իրավունք չունի քննադատել հայկական ներկա մշակույթը (այս դեպքում՝ ճարտարապետությունը)[1], հիմնավորելով, որ, վերջինս (քննադատը) անտեղյակ է երկրի, քաղաքի մասնագիտական խնդիրներից, առանց հաշվի առնելու հարցի բարոյական կողմը: Քննադատության հակառակորդները այս մոտեցումը հասցրել են դոգմայի, քանի, որ միակողմանի քարացած տեսանկյունից այդ փաստն անբեկելի է: Փաստորեն կասկածի տակ է դրվում, քննադատության մեջ մասնագիտական չափանիշների առաջնայնությունը՝ կարևորությունը տալով բարոյական փաստարկներին: Միանգամայն մերժվում է քննադատության հիմքը, կասկածի տակ է դրվում քննադատության՝ որպես մշակույթ գոյության փաստը: Հակադարձ արձագանքը ուղղված է լինում հենց քննադատողի անձին՝ սուբյետիվորեն հղում կատարելով նրա արժանիքներին: Բնականաբար, այս կարծիքը եզակի անգամ չէ, որ հնչում է տարբեր աղբյուրներից և տարբեր մարդկանցից: Սա բավականին լայն և բարդ հարց է, որն առկա է ոչ միայն Հայաստանում և վերաբերում է ոչ միայն ճարտարապետության խնդիրներին: Սակայն փաստն այն է, որ մասնագիտական առումով դա ոչ այլ ինչ է, քան ներփակվածության սկզբունքների և բարդույթների ամրապնդում, որն առավել քան հակասական է թե մասնագիտական սկզբունքներին, և թե ներկա աշխարհի լայն ու դինամիկ հաղորդակցային ցանցին:

         Մյուս կողմից, ինքնին հակասական է հենց քննադատության որակն ու չափանիշները: Շատ հաճախ, Հայաստանում վերջին ժամանակաշրջանի քննադատական տեքստերը, հարցազրույցները, ելույթները ներկայանում են ամորֆ, անհասցե և անորոշ, հեռու կոնկրետ փաստեր արձնագրելուց, հստակ վերլուծություն անելուց և ավելի հակված «դե դա բոլորս էլ գիտենք» տեսակի, ենթագիտակցական,   հուզական մոտեցումներով մտքեր արտահայտելուն:  Երկուստեք առկա է հստակ վերլուծության և մասնագիտական դիրքորոշման պակաս թե դիտավորյալ, և  թե ոչ: Հարկ է նշել նաև, որ որոշ դեպքերում քննադատական տեքստերը կրում են  անուղղակի ենթատեքստային բնույթ՝ դրսևորվելով անցյալի ճարտարապետության փառաբանմամբ, քանի որ ներկա ժամանակում արժևորելու ոչինչ չունենք, ինչը կրկին վերածվում է ներկա վիճակի ընդհանրական քննադատման մի ձևի:

            Քննադատության դիսցիպլինի չձևավորման մյուս պատճառներից մեկը ճարտարապետական միջավայրի «փակ» ու շատ փոքր լինելն է: Մասնագիտական միջավայրում, քննադատությունը (տարբեր դրսևորումներով) խորթ երևույթ է դարձել՝ դիտարկվելով որպես էթիկաի և բարոյական կանոններից դուրս մի երևույթ: Իսկ նեղ շրջանակներում միակ քննադատական եզրահանգումը կարող է լինել «այ, ես այսպես կանեի…» եզրույթը, այլ  ոչ թե կատարված կամ կատարվող աշխատանքի բազմաշերտ վերլուծությունը՝ հստակ չափորոշիչներով:

            Ընդհանրապես բարդ է որոշել ճարտարապետության քննդատատության սահմաններն ու ձևերը և չկան որևէ հստակ կանոններ ու բանաձևեր, որին հետեևելով ստեղծվում է քննադատությունը: Այնուամենայնիվ առկա է մի քանի հստակ առանցքների գոյությունը. ֆունկցիոնալություն, քաղաքաշինական միջավայր, համաչափություններ, էսթեթիկա, նորարաություն, տնտեսական, պատմական, սոցիալական և այլ չափորոշիչներ: Այս ամենին պետք է ավելացնել իհարկե քննադատի մասնագիտական սուբյեկտիվ դիրքորոշումը, որը նույնպես դիսցիպլինի անքակտելի մասն է կազմում:

            Մեկ այլ առանձնահատկություն էլ  «տեքստի» պռոբլեմն է՝ ներկայիս հայկական ճարտարապետության և տեսության միջև կապի բացակայությունը: Դա բնականաբար չի նշանակում թե մեր ժամանակակից պատմության ընթացքում տեքստեր և գրքեր չեն գրվել ու գրվում: Պարզապես, գործող ճարտարապետների կողմից, որևէ հրատարակություն նվիրված իրենց իսկ գործունեությանն ու ընթացիկ հրատապ թեմաներին գրեթե չի արվում, տեղը զիջելով մասնակի հեռուստատեսային հարցազրույցային ելույթներին, որոնք բնականաբար չէն դառնում լայն մասնագիտական քննարկման առարկա: Չանրադառնալով Արևմուտքի օրինակներին՝ կնշեմ հենց մեր ժամանակակից պատմության օրինակները՝ Միքայել Մազմանյանի, Ռաֆաել Իսրայելյանի ժամանակներում գրված քննադատական հոդվածները, որոնք մաս են կազմել իրենց մասնագիտական աշխարհայացքին: Այսօր նախագիծ և տեքստ հասկացություննը վստահաբար ընկալվում են անջատ, վերջինի բացակայության պատճառով:  Բնականաբար տեսական, փիլիսոփայական հիմքերի բացակայությունը, մասնագիտությունը դնում է լիովին արհեստաորական մակարդակի վրա, ինչն էլ իր հերթին բերում է ճարտարապետության արտահայտման և քննադատման «հակատեքստային սկզբունքների»: Իսկ այս խնդրի հիմքը բնականաբար մնում է կրթությունը: Որակյալ պատմական և ազգային ճարտարապետական կրթության համեմատ՝ մասնագիտության ժամանակակից տեսական-քննադատական կրթական գործընթացը գրեթե բացակայում է:

            Որպես հետևանք, տեքստաին մշակույթի թուլությունը բերեց պլատֆորմի խնդրին, ավելի ճշգրիտ՝ համապատասխան հարթակների կիրառմանը՝ ի շահ ճարտարապետական խնդիրների, իրադարձությունների պրոֆեսիոնալ քննարկման ու լուսաբանման: Պատմականորեն մասնագիտական և հանրամատչելի մամուլը հանդիսանում է քննադատական ժանրի հիմքը: Այսօր դրանք հիմնականում զուրկ են պրոֆեսիոնալ քննադատական տեքստերից: Եզակի պարբերականներից է Голос Армении օրաթերթը, որ կանոնավոր կերպով անրադառնում է ընթացիկ ճարտարապետական ու քաղաքաշինական իրադարձություններին և հիմնահարցերին: Չնայած, այդ դրական փաստին, այնուամենայնիվ, հոդվածները հազվադեպ են դառնում լայն հասարակական դիսկուրսի առարկա: Հրապարակումների մեծ մասը նկարագրական, ակնարկային և հարցարույցային բնույթ են կրում: Հարկ է նշել, նաև ռուսերեն լեզվի փաստը, որով լույս է տեսնում պարբերականը, որն վերջին ժամանակաշրջանում որոշակի ակնում է ապրում մեր երկրում, որն էլ հետևաբար ազդում է ընթեցողների քանակի վրա: Մնացյալ դեպքերում անրադարձը ճարտարապետության խնդիրներին լինում է տարբեր ինտերնետային կայքերում՝ կախված այս կամ այն խնդրի հրատապությունից՝ հիմնականում կրկին  ավելի ակնարկային, հարցազրույցային դրսևորումներով:

            Այսօր որպես քննադատության առավել ազատ արտահայտման պլատֆորմ առավել հաճախ դիտարկվում է Facebook-ը և որոշ դեպքերում նաև  LiveJournal-ը, որտեղ տարբեր մասնագետներ կարող են ազատ քննարկումներ ծավալել՝ շնորհիվ սոց-ցանցերում հրատարակչական ցենզուրայի և սահմանափակումների բացակայության, և արդյունքում այդ քնարկումները հաճախ առավել մեծ արձագանք են ստանում, քան մամուլում տեղ գտած տեքստերն ու ելույթները: Թե որքանով կարելի է այդ ձևը դասել մասնագիտական քննադատման շարքին՝ միանշանանակ դժվար է ասել, քանի որ այդ վերլուծական ձևը ոչ հստակ բնորոշիչներ ունի:

            Որպես հետևանք, տեքստաին մշակույթի թուլությունը հանգեցրեց նրան, որ քննադատության առավել ազդեցիկ ձև դառնում են հեռուստատեսային հաղորդումները: Մի շարք հեռուստատեսություններ (Կենտրոն, Շողակաթ, ՍիվիլՆեթ և այլն) այս կամ այն հաճախականությամբ անդրադառնում են Երևանի ճարտարապետության և քաղաքաշինության հետ կապված հարցերին: Սա, բավականին դրական ցուցանիշ է, երբ այդ խնդիրները բարձրաձայնվում են հեռուստատեսությամբ՝ ընդգծելով այդ խնդիրների կարևորությունն ու հրատապությունը: Սակայն հենց հեռուստատեսության բառապաշարն ու ֆորմատը իջեցնում են մասնագիտական վերլուծության որակը՝ տեղը զիջելով հիմնականում բանավեճային և հուզական արտահայտություններին:

            Քննադատությունը, որպես այդպիսին ամենից զարգացած է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում՝ հանձինս Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի պարբերականների, որոնք ունեն իրենց հեղինակավոր քննադատների սյունյակները, որոնց հրատարակումները մեծ ազդեցություն են ունենում մասնագիտական գործունեության մեջ: Պարզ է, որ այս քաղաքների հետ Երևանն օբյեկտիվորեն (գրեթե բոլոր չափանիշներով) չի կարող մրցակցել: Միանշանակ քննադատությունը որպես մշակութային դիսցիպլին հատուկ է զարգացած երկրին, սակայն, բնականաբար չի բացառում նրա գոյությունը մշակութային այլ կոնտեքստում: Ճարտարապետական քննադատությունը այն ակտուալ կարգավիճակում չի գտնվում մեր երկրում, որ ունենա մեծ պահանջարկ, հետևաբար և առաջարկ: Պարզ է, որ հայ իրականության մեջ, հասարակության համար առավել ակտուալ էն ռազմական, քաղաքական, սոցիալ-տնտեսական վերլուծությունները, իսկ ճարտարապետական և քաղաքաշինական հարցերը ակտուալանում են հիմնականում հուշարձան-շենքի քանդման ժամանակ, այլ ոչ թե նոր շենքերի կառուցման դեպքում, որքան էլ որ դա տարօրինակ լինի: Նման քննադատությունները լայն տարածում են գտնում մամուլում, հեռաուստատեսությունում, սոց-ցանցերում՝ հանձինս, վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների՝ Աֆրիկյանների տան, Արամի 30-ի,  Զվարթնոց օդանավակայանի քանդման հարցերը, որոնք մի քանի անգամ ավելի մեծ արձագանք գտան մամուլում և սոց-ցանցերում, քան օրինակ, համաշխարհային ամենահեղինակավոր մասնագիտական իրադարձության՝ Վենետկի բիենալեի վերջին տարիների մեր տաղավարները, որոնց վերաբերյալ հատուկենտ սիմվոլիկ անրադարձներ եղան:

[1] Ճարտարապետ, տեսաբան Կարեն Բալյանն ընդհանուր առմամբ մոտ 40 տարի ապրում և աշխատում է Մոսկվայում, սակայն սերտ հաճախականությամբ լինում է Հայաստանում: Չնայած, այդ փաստին, նրա բազմաթիվ տեսական աշխատությունները նվիրված էն հայկական ժամանակակից ճարտարապետությանը:


Հեղինակ՝  Տիգրան Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով