+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Գեղամ Գեղամյան: Զրույց արվեստանոցում. «Արվեստը մի տարածք է, որտեղ պետք է լինել ազնիվ…»


Գեղամ Գեղամյանի նոր արվեստանոցում էինք, որտեղ նա տեղափոխվել է բոլորովին վերջերս: Աջ ու ձախ դրված են գործեր, կապկպված իրեր, մի քանի գործ միայն նայում են ուղիղ մեզ` իր ինքնանկարներն են: Ինչպես ինքն է խոստովանում` նա նեղ թեմաների արվեստագետ է, որ սիրում է զարգացնել միևնույն թեման, դիալոգներ վարել միևնույն թեմայի շուրջ, դիտարկել միևնույն խնդիրը տարբեր կողմերից: Եվ խնդիրն ամենևին էլ միօրինակության մեջ չէ: Գեղամը խոր դիտողականությամբ է օժտված, ինչը թույլ է տալիս իրեն ամեն անգամ լինել տարբեր, բայց և մնալ իր իսկ հավատամքի սահմաներում: Այդպես և նրա բազմաթիվ դիմանկարները` մեզ նայող այդ խտացված հոգեվիճակները որքան էլ որ ներկայացնում են միևնույն անձին, այնուամենայնիվ խորապես տարբեր են:

Խորհրդավոր հեռացականություն կա Գեղամի արվեստում: Միայնության ձգտում, ինչն իր արվեստում մի քանի տարբեր դրսևորումների է հանգեցնում:  Նախ, Գեղամը միայնակ է նաև իբրև ստեղծագործ անհատ: Նա միայնակ է ինքն իր հետ և հայտնի արվեստագետների հետ նրա կցկտուր դիալոգները թերևս ավելի երիտասարդ շրջանի նրա ձեռքբերած փորձի, գիտելիքի արդյունքն են միայն: Հեռացականությունը, ինչպես Վորրինգերն էր ասում ժամանակին` հանգեցնում է հատվածականության և անհատականության: Gegham-Geghamyan-012Եվ իսկապես, Գեղամը գիտակցում է իր մկուսացումը, նա գիտակցաբար ուժեղացնում է իր առանձնացումը: Նա վստահ է սեփական ոգեշնչման սուբյեկտիվ շարժառիթների մեջ: Սա սոցիալապես մեկուսացված լինելու խնդիր չի դնում արվեստագետի առաջ, չնայած որ Գեղամը երբեմն մեկուսանում է նաև այդպես: Սա օգնում է իր արվեստ ներմուծել միստիկական մենության իր կենսական փորձը: Այսպես առաջ են գալիս դեմքեր, կերպարներ, պահեր, ստվերներ ու հակաստվերներ, որ ամբողջական ու ավարտուն են իրենց միայնությամբ: Սա միայն գաղափարական միայնություն չէ: Դա արտահայտվում է նաև կոմպոզիցիայում: Որպես կանոն կտավին հանդես են գալիս ֆիգուրներ, որոնք միայնակ են իրենց անձնական տարածության սահմաններում, եթե նույնիսկ կոմպոզիցիան բազմաֆիգուր է:

Աշխարհի ռեալիստական ընմբռնումներում Գեղամի համար կարևոր են մնում հոգեբանական բնութագրումները, զգացմունքների խտացումները, մանրամասներից զուրկ, շեշտված ընդհանրացումները: Առարկայական աշխարհի նմանության հետ մեկտեղ ստեղծագործության մեջ կարևորվում է բովանդակության խորքային բնույթը: Զգայական սկիզբը դառնում է որոշիչ: Այստեղ է, որ գործ ունենք էքսպրեսիվության դրսևորումների և այն անհանգիստ էներգիայի հետ, որ հանգեցնում է խտացված և վիզուալ առումով ուժգնացված ու խեղաթյուրված իրականության պատկերման: Իրականության խեղաթյուրումը որպես պրոտեստ, թե՞ որպես զուտ իրականության պատկերում կտավին, այնպես` ինչպես այն տեսնում է նկարիչը: Միգուցե: Գեղամը չի զգում այդ էքսպրեսիան ինքն իր գործերում: Նա ինքն այդ լարված էներգիայի կրողն է, և այդ էներգիան տրանսֆորմացնելով ստեղծում է իր կտավները: Այդ ընթացքում նա ազատ կերպով օգտվում է գեղանկարչության բոլոր բաղադրիչներից. ամուր գծանկար, ռիթմ, զուսպ կոլորիտ, ձևերի որոշակի երկրաչափականացում: Gegham-Geghamyan-001Այս ամենը կտավներին ներքին ուժ և մոնումենտալություն են հաղորդում: Հստակ, արտահայտիչ ֆորմաները հասցված են ասկետիկ պարզության: Զուսպ, ժլատ կերպավորումը, գունային խիստ միջավայրը երևակայականի պատրանք են ստեղծում` աբստրակտ ու իրապաշտական խաղերի շնորհիվ: Շարժման մեջ գտնվող առարկաներն ազատվում են իրենց նախնական ձևերից և ձգտում դեպի նոր գոյացումների սահմանները: Որպես կանոն մուգ, սևին մոտեցող կանաչավուն խորքին ուրվականների նման  երևում  են կերպարների թույլ լուսավորված դիմագծեր: Գույնն ու կտրուկ լուսաստվերն օգնում են շեշտել ձևերի նյութեղենությունը: Գույնն անցնում է առարկայից անդին, վերածվում առանձին սուբստանցիայի, սակայն երբեք չի դառնում դոմինանտ: Նույնիսկ խորքն առաջին հայացքից որոշակիորեն միատոն է թվում, սակայն իրականում այն շատ բարդ է և արդյունքն է մանրամասն մշակման: Այսպիսի խորքից մեզ նայող էքսպրեսիվ, ասկետիկ, միայնակ ու ավարտուն, հեռացարկված կերպարներ են հանդիպում Գեղամի գրեթե բոլոր գործերում: Հիացնում է հավատարմությունը սեփական համոզմունքներին, զարմացնում է նեղ թեմայի բազմաբնույթ մատուցման կարողությունը: Այս բոլորը հաստատելու են գալիս այն, որ Գեղամն այլևս ձև փնտրելու կարիքը չունի և միակ բանը, որ նրան անհրաժեշտ է՝ ոգեշնչումն է: Մի բան, որ նկարիչը ստանում է ամեն օր, ամեն վայրկյան՝ կլանելով կյանքի մատուցած լարվածությունն ու էներգիան:

Հարցերը, որոնք ես ուղղեցի Գեղամ Գեղամյանին մի փոքր ավելի բացահայտեցին նրա ստեղծագործ տեսակի այնպիսի կողմեր, որ կարծում եմ, դեռ նոր պիտի արտահայտվեն նրա արվեստում…

Gegham-Geghamyan-028Քո ստեղծագործության մեջ հաճախ են ինքնանկարները: Ինձ դրանք շատ են դուր գալիս: Չնայած որ վաղուց չենք ծանոթ, բայց պորտրետներիդ շնորհիվ քեզ ավելի լավ եմ ճանաչում: Մի փոքր նկարագրիր ինքդ քեզ, քո ստեղծագործ կերպարը, քո ո՞ր գծերն ես ձգտում շեշտել ինքնանկարներում:

Ամենաբարդ հարցերից մեկն է: Իմ ընկերներն ինձ ավելի լավ գիտեն, քան ես ինքս: Շատ անգամներ ես ինքս ինձ համար դառնում եմ բացահայտում, հասկանում եմ, որ ես ինձ այնքան էլ լավ չեմ ճանարում և այդ հարցին պատասխանելը ցանկացած մարդու դեպքում էլ կարծում եմ սխալ է: Պորտրետներիս մի մասն արել եմ շատ վաղուց ու չեմ էլ հիշում թե նկարելու պահին ինչն եմ ցանկացել շեշտել, քանի որ յուրաքանչյուր ստացված նկարն ինձ համար միշտ եղել է գաղտնիք և չեմ հիշում, թե ինչ եմ մտածել այդ պահին: Դա մի վիճակ է, երբ ինքդ քեզ չես կարող կառավարել. նույնիսկ այդ պահը չեմ հիշում: Ես հատուկ խնդիր չեմ դնում իմ առջև: Ինձ մեկ անգամ հարցրեցին թե. «Գեղամ, դու ինքդ քեզ շա՞տ ես սիրում: Շատ ես ինքդ քեզ նկարում»: Ասեմ` պատճառը դա չէ: Իմ ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում ինքնանկարը: Իմ կարծիքով այսօրվա արվեստում և առհասարակ աշխարհում մարդն այնքան է խտացել ինքն իր մեջ, որ ամեն ինչ ավելի շատ մարդու, անհատի հետ է կապված: Գրականության մեջ էլ է այդպես: Ես դա այստեղ էլ եմ նկատել, դրսում էլ: Առաջին տպավորությունը մարդու միայնակ, ինքն իր մեջ ամփոփված լինելն է: Դա նորմալ է, հնարավոր է մի ինքնանկար անել, և այնքան բան ասել դրանով, որ ոչ մի բազմաֆիգուր կոմպոզիցիայով հնարավոր չլինի ստանալ: Ինչպես վեպն ու պատմվածքը: Վեպում կարող ես սար ու ձոր ընկնել, բայց պատմվածքը շատ խտացված է, չէս կարող խաբել: Այդպես և պորտրետում պիտի մաքսիմալ վիճակում լինել, և  ասելիքը խտանալով ավելի խիստ ու կոնկրետ է դառնում: Ես բազմաժանր նկարիչ չեմ, ինձ մոտ չեմ սիրում բազմազանություն, ուրիշների մոտ սիրում եմ, ինձ մոտ՝ ոչ: Ես շատ նեղ արվեստագետ եմ: Դե դա ապրած կյանքից է երևի: Ինձ համար միկրո աշխարհը ավելի կարևոր է, քան մակրո աշխարհը: Դրա մեջ ես ինձ ավելի լավ եմ զգում: Պորտրետ, կամ մի քանի թեմա, որ շատ հոգեհարազատ է, ու ամբողջ կյանքում զարգացնել միևնույն թեման: Շատերն են ընտրում գլոբալ թեմաներ ու կորում դրանց մեջ: Նայում ես, ու չէս հասկանում թե ինքն ով է, ինչ է անում ու ինչի համար…

Gegham-Geghamyan-024-1Ո՞րն է քո սկզբունքը արվեստում, ինչ չէս անի երբեք կամ ընդհակառակը` միշտ կանես:

Իմ սկզբունքն արվեստում ազնվությունն է: Մի բան, որ երբեք չեմ անի` անազնիվ լինելն է: Բնականաբար դա պայքար է, քանի որ կյանքն անընդհատ մեզ ինչ-որ բաներ է տալիս` սկսած գայթակղություններից, և դժվար է երբեմն անկեղծ լինելը: Բայց դա միակ բանն է արվեստում, որ չեմ անի` չեմ լինի անազնիվ: Արվեստն ինձ համար մի տարածք է, որտեղ պետք է լինել ազնիվ, ուրիշ տարբերակ չկա:

Արվեստի ֆենոմենը քեզ համար`…

Այդ ֆենոմենը հենց մարդիկ են, քանի որ արվեստն էլ մարդու ստեղծածն է: Կան մարդիկ,  որ արվեստի հետ կապ չունեն, արվեստ չեն ստեղծում,  բայց ֆենոմեն են, քանի որ ամբողջությամբ իրենք արվեստ են, ու իրենց հետ շփվելով նույնիսկ արվեստ անելու ցանկություն չեմ ունենում, որովհետև դա արդեն ավելորդ է:

Որքանով որ հասցրեցի ուսումնասիրել գործերդ, հուսով եմ դեմ չես լինի, որ դրանք մոտեցնեմ  20-րդ դարի էքսպրեսիոնիստական արվեստի հարացույցին: Որքանո՞վ է թե՛ այդ ուղղության և թե՛ այդ ուղղությանը հարող կոնկրետ արվեստագետների ազդեցությունը մեծ քեզ  վրա:

Որպես այդպիսին, ինչ-որ կենկրետ ազդեցություն չկա: Սա ուղղակի իմ ներքին էմոցիոնալ վիճակն է, որը, ես էլ երբեմն դիտարկելիս նմանեցնում եմ էքսպրեսիոնիստներին, բայց դա կոնկրետ ազդեցություն չէ: Կան իհարկե հատկանիշներ, որ ինձ այո, հարազատ են: Շատ են ասում էքսպրեսիվ է: Բայց ինձ համար էքսպրեսիվ չէ, ես դա չեմ զգում, քանի որ ես այդ լարվածության մեջ եմ: Երբ դիտողը դրա մեջ չէ, իր համար դա լարված է, էքսպրեսիվ է, իսկ ինձ համար դա բնական վիճակ է:

Իսկ տեխնիկապե՞ս:

Ազդեցություններ իհարկե ժամանակին եղել են, երբ դեռ սկսնակ էի, տարբեր նկարիչներից ազդվել եմ, նույնիսկ փորձել եմ նմանակել: Կար մի շրջան, երբ ավելի էքսպրեսիվ էի, կար հանգիստ շրջան, սա նման է այն նույն հարցին` ես չեմ կարող ինքս ինձ նկարագրել` այդպես էլ իմ գործերը:

Gegham-Geghamyan-003Gegham-Geghamyan-021 Gegham-Geghamyan-009


Շեշտում եմ էքսպրեսիոնիզմը, քանի որ այն ժամանակին կապված էր սոցիալ-քաղաքական խնդիրների, պատմական իրադարձությունների հետ, համաշխարհային պատերազմ և այլն…. և էքսպրեսիոնիզմը որպես ուղղություն հանդես էր գալիս իբրև պրոտեստ, ձևերի աղճատումը որպես պրոտեստ ու իրականության գրոտեսկային պատկերումը կրկին որպես պրոտեստ, և զգացմունքներն ու էմոցիաները որպես հիմնաքար: Ինձ հետաքրքիր է, թե 21-րդ դարում, Հայաստանում որո՞նք են այդ արտաքին ազդակները, որ ստիպում են քեզ լինել այդ լարվածության մեջ:

Շատ բան չի փոխվել այդ ժամանակներից մինչ այսօր: Իմ կարծիքով էքսպրեսիոնիզմը և էքսպրեսիան որպես կատեգորիա արվեստում միշտ էլ կլինեն: Կյանքն ընդհակառակը` ավելի շատ ունի դրա  կարիքը, լարվածությունն աելի է մեծացել և եթե առաջ մի բան կատարվում էր քսան տարում, ապա այսօր կատարվում է մեկ տարում: Այդ ագրեսիան, դեպրեսիան հասարակության կողմից երևում է: Փողոցում հասարակ մարդկանց մեջ կարելի է դա տեսնել: Համենայն դեպս այս միջավայրում, այս քաղաքում տեսնում եմ և դա իհարկե ազդում է, իմ մեջ արտացոլվում է և ի վերջո դուրս հանվում արվեստի միջոցով: Ինչ է կատարվում, ինչ են անում… սա օրեցօր ազդում է: Ինձ վրա գուցե վատ է ազդում, բայց վերածվում է արվեստի: Նույնն էլ մարդիկ` ամեն մարդու պորտրետ չեմ անում, ինձ գրավում է խարակտերը, դիմագծերը, ֆիգուրան, էքսպրեսիվությունը: Դա առանձնապես բարդ համակարգ չէ, ամեն ինչ շատ պարզ է:

Gegham-Geghamyan-030Ուրիշ ի՞նչը կարող է քեզ վրա ազդել ու կամա թե ակամա մտնել քո արվեստ:

Դե, օրինակ վերջին շրջանում ես ավելի շատ ֆիլմեր եմ դիտում, քան այլ արվեստագետների գործեր: Սիրում եմ ուսումնասիրել ռեժիսորների կյանքը, կենսագրությունը, գործերը: Եկավ մի ժամանակ, երբ ես նույնիսկ փորձեցի ֆիլմեր նկարահանել, կադրեր վերցնել, մի ժամանակ նույնիսկ աշխատեցի այդ ուղղությամբ, այն հույսով, որ մի օր ֆիլմ կնկարահանեմ: Բայց այդ կադրերը դեռ պահպանում եմ: Ճիշտ է` նկարում էի, բայց տարված էի դրանով և այն, ինչ ինձ հուզում էր` ֆիքսում էի վիդեոյի միջոցով:

Իսկ վիդեո-արտ անելու մասին մտածել ես?

Ես այդ կադրերը դեռևս ավարտուն չեմ համարում: Միգուցե կգա մի ժամանակ երբ կզբաղվեմ դրանով: Մոնտաժ, ձայն. զբաղվել եմ ֆոտոյով, բայց ի վերջո այդ ամենը բերում է գեղանկարչության և աշխատում ի նպաստ գեղանկարչության:

Gegham-Geghamyan-031Չեմ տեսել այդ կադրերը, բայց ափսոսում եմ, որ փակ են հանդիսատեսի համար: Իսկ ի՞նչ կապ կա քո գեղանկարչության և այդ կադրերի միջև:

Պլաստիկայի կապ կա: Եթե կապ կա, ապա հենց դրանում է:

Վերջում կուզեմ իմանալ թե ըստ քեզ ի՞նչ խնդիրներ ունի այսօր  արվեստագետը: Ինչն է քեզ պակասում, մի փոքր բողոքիր:

 Սոցիալական խնդիրները միշտ էլ եղել են, դա նորություն չէ, բայց դրանք խնդիրներ են, որ բոլոր նկարիչների հետ էլ եղել են, և ամեն ինչ լավ լինել չի կարող: Իսկ անձամբ ես խնդիր չունեմ, ինձ ոչինչ պետք չէ, ինձ շատ քիչ բան է հարկավոր` կարողություն, առողջություն,  որ ստեղծագործեմ: Այսօր և հիմա, այն ինչ կա, ես համարում եմ բնական վիճակ: Խնդիրները պիտի լինեն, որ կարողանամ նկարել: Ես չեմ բողոքում:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով