+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Արտույտ | Դեղձ Աշոտն ու մետաքսյա շարֆերը


Արտույտ. արվեստ և նորաձևութուն…

2016թ. ծնվեց «Արտույտը» և հայ արվեստի տարբեր նմուշների հիման վրա ստեղծվեցին մետաքսյա շարֆեր, որ արտադրվեցին Իտալիայի լավագույն մետաքսով հայտնի Կոմո քաղաքում: Այսպես, կիրառելի իրը՝ շարֆը, որն ամենօրյա տեսքը լրացնող աքսեսուար է, վերածվեց մի առարկայի, որն ունակ է միաժամանակ կրթել և պատճառել էսթետիկ հաճույք: Այժմ էլ «Արտույտը» շարունակում է զարմացնել որակյալ աշխատանքով, արվեստագետների ընտրությամբ ու բազմազան համագործակցություններով: «Արտույտին» հաջողվեց էլ ավելի ճանաչելի դարձնել հայ արվեստագետների, նրանց առանձին ստեղծագործություններ և մեկ անգամ ևս ընդգծել արվեստի ու նորաձևության կապը: Այս անքակտելի կապի  օրինակներն աշխարհում բազմաթիվ են: Բավական է հիշել Ալեքսանդր Մակքուինի և Դեմիեն Հյորսթի, Մարկ Ջեքոբսի և Տակաշի Մուրակամիի, ինչպես նաև Ջաննի Վերսաչեի և Էնդի Վորհոլի հանճարեղ խենթությունները: Նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս արվեստագետներին ավելի մոտ լինել հասարակությանը իսկ դիզայներներին՝ ավելի մոտ լինել արվեստին: Նման օրինակները բազմաթիվ են և ուրախալի է, որ Հայաստանում այդօրինակ դրսևորումներ ևս կան:

 «Արտույտի» համագործակցությունները բազմազան էին. Ստեղծվեցին շարֆեր նկարիչներ Միհրան Ավետիսյանի, Սոնա Բանոյանի, Տաթև Ղամբարյանի, Կարեն Սմբատյանի, Գայանե Խաչատուրյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի ստեղծագործությունների, ինչպես նաև հայ միջնադարյան արվեստի զարդանախշերի հիման վրա: Այս նպատակով «Արտույտը» համագործակցեց Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և Մատենադարանի հետ: 2018թ. հուլիսի 13-ին «Արտույտը» ներկայացրեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված 2018-2019/աշուն-ձմեռ նոր հավաքածուն՝ շարֆեր Աշոտ (Դեղձ) Հովհաննիսյանի կտավների հիման վրա:

Դեղձ Աշոտ նկարիչը…

20-րդ դարի 2-րդ կեսը և մասնավորապես 1960-1980-ական թթ. դիտարկվում են իբրև վառ փուլ հայ կերպարվեստի նորագույն պատմության մեջ: Հայաստանում 20-րդ դարի երկրորդ կեսի կերպարվեստի զարգացումը նշանավորված էր ասպարեզ եկած մի շարք արվեստագետներով, ովքեր նորովի էին լուծում ժամանակակից կյանքի իմաստավորման խնդիրը: Արվեստագետների այդ նոր խմբի վառ ներկայացուցիչներից էր Աշոտ (Դեղձ) Հովհաննիսյանը (1929-1997թթ.): Ծնվել է Մայիսյան գյուղում, 1943-1967թթ.  սովորել Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, Երևանի գեղարվեստի ուսումնարանում և Լենինգրադի Գեղարվեստի Ակադեմիայի Ի. Ռեպինի անվան Ինստիտուտում: 1990թ.-ից ՀՀ վաստակավոր նկարիչ է: Հայ արվեստի պատմության էջերում Դեղձ Աշոտը նշանավորվել է որպես  գունային չափազանց վառ և էքսպրեսիվ զգացողության տեր մի արվեստագետ:

Դեղձ Աշոտի գործերը ստեղծված են տարբեր մասշտաբի գունային երկրաչափական դաշտերի համադրման սկզբունքով: Դրանց անթերի խճանկարը ստեղծագործություններին հաղորդում է առանձնահատուկ ինքնատիպություն: Ապլիկատիվ բնույթի շնորհիվ նրա ստեղծագործությոնների ոճն ու ձևաբանական լեզուն մոտենում է եվրոպական մոդեռնիզմի, մասնավորապես կուբիզմի հեղինակավոր ներկայացուցիչների, ինչպես օրինակ Պոլ Կլեեի ստեղծագործական մեթոդներին: Առհասարակ կուբիզմի հիմքում ընկած է հենց եռաչափ պատկերները տարբեր պարզ երկրաչափական մասերի բաժանելն ու դրանք կտվի երկչափ մակերեսին հավաքելու ստեղծագործական պրոցեսը: Իր անվանումն էլ այս ուղղությունը ստացել է 1908թ. հենց դրա շնորհիվ, այն բանից հետո, երբ Անրի Մատիսը Ժորժ Բրաքի ստեղծագործություններից մեկը տեսնելով բացականչեց   «bizarreries cubiques» (ինչպիսի խորանարդիկներ): Այդպես էլ Աշոտ Հովհաննիսյանը ցուցադրում է երկրաչափական ձևերի կազմակերպման յուրահատուկ ունակություն կտավի երկչափ մակերեսին՝ միևնույն ժամանակ լուծելով բարդ գունառիթմիկ խնդիրներ:

 Այս ամենով հանդերձ նրա աշխատանքներին բնորոշ տաք գույները և նրա կտավների դրամատիկ հուզականությունն ազգային որոշակի շեշտադրում ունեն: Հովհաննիսյանը խորապես հայ նկարիչ է, հայկական հեքիաթների հերոսներ հիշեցնող նրա կերպարները, հայ միջնադարյան մանրանկարչությանը հատուկ մոնումենտալ, պարզ,  փոքր-ինչ հեռվից կառուցված ծավալներն ու խճանկարային խաղը, նրա արվեստը դարձնում են հայկական ու շատ հարազատ:

Հայկականությունն էլ ավելի է ընգծվում, երբ ստեղծագործություններն «Արտույտի» շնորհիվ հայտվում են մետաքսե շարֆերի վրա: Դրանք նմանվում են այն զարմանալի գեղեցիկ կարկատված ծածկոցներին, որ հնուց ի վեր կանայք կարում էին բազմերանգ, վառվռուն կտորներից:  Այս շարֆերը բազմերանգ են ու հագուստի հետ հեշտ համադրելի, ճիշտ այնպես, ինչպես Դեղձ Աշոտի գունային համադրությունները, որտեղ յուրաքանչյուր գույն հնչում է թե՛ առանձին և թե՛ ամբողջության մեջ:

Արտույտի ողջ  հավաքածուին առաջարկում ենք ծանոթանալ պաշտոնական կայք-էջում՝  https://www.artuyt.com/


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով