+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Արեգ Քեշիշյան | Հայաստանում առաջին լուսամփոփ-առաստաղի հիբրիդը Skillshop-ից


2018թ. հունիսի 15-ին Կառավարության երկրորդ մասնաշենքում բացվեց Հայաստանում առաջին ինդուստրիալ և պրոդուկտ դիզայնի ցուցահանդեսը՝   «Ներկայ դիզայն անցուդարձ» խորագրով:  Ցուցահանդեսի համադրողն էր Էմմա Հարությունյանը: Ներկայացված էին Հայաստանցի, Ռուսաստանցի և Ուկրաինացի 19 դիզայների  40 աշխատանք: Ներկայացված աշխատանքներից էր կրկին Հայաստանում առաջին լուսամփոփ-առաստաղի “Levity” կոչվող հիբրիդը՝ «Սքիլշոփ» (“Skillshop”) ճարտարապետների և դիզայներների միության կողմից: Թերևս միակ աշխատանքը, որ բացի հիացական արձագանքներ առաջացնելուց հաճախ ստիպում էր կատարել հարցադրում, թե «ի՞նչ է» կամ «ի՞նչ ֆունկցիոնալ նշանակություն ունի»: Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար դիմեցինք «Սքիլշոփ»-ի հիմնադիր, ճարտարապետ Արեգ Քեշիշյանին:

«Ներկայ դիզայն անցուդարձ» ցուցահանդեսը


_ Ի՞նչ է «Սքիլշոփ»-ը:

 _«Սքիլշոփ»-ը ճարտարապետների և դիզայներների միություն է, որը ուսումնասիրում է ոլորտում կիրառվող տարբեր զարգացած տեխնոլոգիաներ, իրականացնում տարբեր փորձարկումներ և կիսվում իր փորձով:

«Սքիլշոփ»-ի թիմը.

ձախից աջ՝ Հակոբ Մանսուրյան, Էլեն Ղահրամանյան, Արեգ Քեշիշյան, Նարեկ Նաճարեան, Հարութ Պետրոսյան


_«Ներկայ դիզայն անցուդարձ» ինդուստրիալ և պրոդուկտ դիզայն ցուցահանդեսին  ի՞նչ աշխատանքով էիք  ներկայացել և ինչպե՞ս եք այն անվանել:

 _Ներկայացրել էինք լուսամփոփ-առաստաղի մի հիբրիդ, որը իրականացվել էր կտորից և պարաններից, այն կոչվում է “Levity” (հայերեն` «թեթևամտություն»):


_Ո՞վ է մտահղացել և ովքե՞ր են իրականացրել այն:

 _«Սքիլշոփ»-ում շատ պղտոր են կոնկրետ պատասխանատվության սահմանները: Վերջում այնպես ստացվեց, որ բոլորս նախագծի բոլոր փուլերում սերտորեն ներգրավված էինք։ Ինչքան էլ փոքր կամ մեծ լինի մի խմբի անդամի ներդրումը, նախագիծը նույնը չէր լինի առանց յուրաքանչյուրի չխնայած ջանքի, այդ իսկ պատճառով էլ թիմի բոլոր անդամներով կիսում ենք այս նախագծի հեղինակային իրավունքները:

_Ի՞նչ ֆունկցիոնալ նշանակություն ունի “Levity”-ն:

 _Այն լուսամփոփ է, նյութի լուսաթափանց էության շնորհիվ իր մեջ տարածվում է լույսը և ցրվում միջավայրում, ինքնին նաև ձայնակլանիչ է և օգնում է ազատվել ավելորդ արձագանքից։ Մեզ ամենաշատը հետաքրիր էր դիզայնի ընթացքն ու իրականացման տեխնոլոգիան: Ապագայում նման մեթոդներով դիզան անելով կարող ենք ստեղծել առաստաղի դիզայն, որը թաքցնում է լույսերը, պատ, որը կզոնավորի տարածքը, կամ պատ-առաստաղ հիբրիդ, իսկ բացօթյա տարածքներում կպաշտպանի անձրևից, արևից կամ նույնիսկ ձյունից։


_Իսկ ի՞նչ էսթետիկ խնդիրներ այն կարող է լուծել:

 _Նմանատիպ դիզայնի ամենակարևոր հատկանիշը թեթևությունն է: Այն շրջակա տարրերին միանում է կետային միջոցներով, և իր ծածկած մակերեսի համեմատ շատ քիչ տարածք է փոփոխության ենթարկում։ Ալգորիթմների և սիմուլացիայի շնորհիվ մենք կարողացանք ազատություն տալ նաև նյութին: Փոխանակ այն անընդհատ ձգտի դառնալ մի սկզբնական էսքիզի իրականացումը, այն փորձում է որոշ մասով դառնալ այն, ինչ-որ ինքն ուզում է դառնալ իր ներքին և արտաքին ճիգերի շնորհիվ, այսինքն՝ այս դեպքում դիզայնի մեծ մասի «հեղինակը» հենց նյութն է։

_Ի՞նչ տեխնիկական դժվարությունների եք հանդիպել ստեղծման ընթացքում:

 _Հիմնականում ունեինք երկու տեխնիկական դժվարություն: Առաջինը՝ ֆիզիկական աշխարհից թվային աշխարհ թարգմանությունն է, նյութի առանձնահատկությունները փոխանցելը համակարգչին այնպես, որ համակարգչային կտորի սիմուլացիան հետագայում համընկնի իրականացվող գործի հետ:  Ճիշտն ասած մի փոքր սխալի պատճառով վերջում ստիպված եղանք բոլոր 44 տարբեր չափերի պարանների երկարությունը կրկնապատկել (միևնույնն է, սահմանված ժամկետից երկու օր շուտ հանձնեցինք աշխատանքը): Մյուս դժվարությունը, թվային աշխարհից ֆիզիկական աշխարհ գալն էր։ Գծագրերով կտոր կտրող սարք չգտնելու պատճառով հանգեցինք ձեռքի աշխատանքին: Բոլոր 11 բջիջների փռվածքները 1:1 տպագրելուց հետո թիմում ներգրավվեց տիկին Ամալյա Արսենյանը, ով հերոսաբար բոլոր բջիջները կարեց իրար հետ: Սա դժվար էր, որովհետև ամեն մի բջիջն ուներ առնվազն 5 կողմ, յուրաքանչյուրը տարբեր չափեր, բայց հստակ համարակալված։ Մենք միայն երկու օր կոորդինացված աշխատանքի վերջում հասկացանք, որ «փազլը» ճիշտ ենք հավաքել։


_Որքանով է էֆեկտիվ և մատչելի նման կոնստրուկցիայի կիրառումը:

 _Նախ, գրեթե բոլոր կտորները ավանդական շինարարական նյութերից (փայտ, մետաղ, բետոն, գիպսակարտոն և այլն) ավելի մատչելի են և ավելի ճկուն։ Դիզայնի փուլն էլ արագ է տևում ալգորիթմների և հաշվողական (computational) մեթոդների շնորհիվ: Էֆեկտիվությունը ինտերիերում բավականին բարձր է, որովհետև կեղտոտվելու դեպքում կարելի է պարզապես լվանալ, իսկ պատռվելու դեպքում՝ շատ հեշտ փոխարինել տվյալ մասը։ Էքստերիերում էֆեկտիվությունը նույնպես հնարավոր է բարձր լինի, միայն կտորի տեսակն է փոխվում, որի պատճառով հնարավոր է մի փոքր թանկանա։ Ծրագրավորմամբ դիզայն արված կտորից ծածկեր էքստերիերում. սա մի մարտահրավեր է, որ մենք ցանկանում ենք հաղթահարել մոտակա ապագայում։

 _Իսկ ի՞նչ հետագայի պլաններ ունի «Սքիլշոփ»-ը:

 _Մենք շարունակելու ենք ավելի ակտիվ ուսումնասիրել նոր տեխնոլոգիաներ, իրականացնել նախագծեր անընդհատ ձեռք բերվող հմտություններով, շարունակելու ենք ավելի կատարելագործել աշխատելաոճն ու իրականացման մեթոդները կտորով իրականացվող նախագծերում և ոչ միայն: Հաջորդիվ մտադիր ենք նման բարդության նախագծեր իրականացնել մետաղական և փայտե նյութերով։ Մենք մտադիր ենք նաև մի քիչ «շրջել» արվեստի ոլորտում, որտեղ կկարողանանք լինել ավելի աբստրակտ և էքսպերիմենտալ։

Մեկ լավ լուր ևս. «Սքիլշոփ»-ից առանձնանալու է մի կազմակերպություն՝ “Makery”, որը կզբաղվի առաջադեմ դիզայնով և բարդ կառույցների, ինստալյացիաների և նախագծերի իրականացմամբ:

_Շնորհակալություն.

“Levity” լուսամփոփ-առաստաղ հիբրիդի լուսանկարները՝ «Սքիլշոփ»-ի


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով