+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

Արման Համբարձումյան. «Մենք` նկարիչներս մեզ երջանիկ մարդիկ կարող ենք համարել, քանի որ կարող ենք մեզ թույլ տալ արարելու»:


Մեր կողքին ապրում ու ստեղծագործում են երիտասարդ, խոստումնալից, իրենց տաղանդի շնորհիվ արդեն իսկ հաջողություններ գրանցած արվեստագետներ: Նրանցից է քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ Արման Համբարձումյանը: Նա ինքնատիպ արվեստագետ է: Արման Համբարձումյանը ծնվել է 1988-ին: Նա սովորել է Հ. Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում և Հայկական պետական մանկավարժական համալսարանում: 2011-ից  Հայաստանի նկարիչների միության անդամ է:  Ցուցահանդեսներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում:

Այսպես, 2010-ին նա անհատական ցուցահանդես է ունեցել Չարենցի տուն-թանգարանում, իսկ 2015-ին` Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, որտեղ ներկայացվել են նրա` «Առասպելներ» խորագրով քանդակները:  Խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Մալթայում (2012), Սերբիայում (Բելգրադ, 2013), Հունաստանում (2014), Ռուսաստանում (ժամանակակից արվեստի եվրասիական ֆեստիվալ- Եկատերինբուրգ, 2014 և Նիժնի Նովգորոդում արտ-էքսպո, 2016 թ. նոյեմբերի 10-20),  Ճապոնիայում (Տոկիո, 2015), Ֆրանսիայում (Մարսել, 2015), Գերմանիայում (Վիսբադեն, 2016): Բիենալեների է մասնակցել Քիշնևում (2011), Սանկտ Պետերբուրգում (2014  և 2016), Պալանգայում (2015): Քիշնևում, միջազգային նկարչական բիենալեում արժանացել է III մրցանակի: Օտարերկրացիները նրա արվեստը բարձր են  գնահատել: Նրա ստեղծագործություններով հիացել է բելգրադցի նկարիչ Մարինկովիչը: Իսկ  ռումինացի հայտնի նկարիչ Կոնստանտին Ֆլոնդորը ասել է. «Ինչպես ժամանակին մեր հայրենակից Կոնստանտին Բրանկուզին գերեց արվեստասեր հասարակությանը, այսօր էլ Արմանն իր արվեստով նվաճեց մեր սրտերը»: 2012-ին Արմանը  արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: Նրա գործերը պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կորեայի, Իտալիայի, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում:Arman-Hambardzumyan-010

Արման Համբարձումյանի արվեստում առանցքային են առասպելական թեմաները, որոնց անդրադարձել է թե՛ գեղանկարներում, թե՛ քանդակներում, թե՛ գրաֆիկայում: Հին առասպելները, լեգենդները նրան խթան են տվել ստեղծելու նորը, իրենը: Նրա համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել պատմավեպերը, արկածային գրականությունը: Արմանի քանդակներում ներկայացված են դիցաբանական հերոսներ, առասպելական էակներ, մարտնչող զինվորներ: Արման Համբարձումյանի ստեղծագործությունները էքսպրեսիոնիզմի, աբստրակցիայի, սյուրռեալիզմի, կուբիզմի միաձուլում են:

Խոսելով Արման Համբարձումյանի քանդակագործության մասին, կարող ենք նշել, որ նրա քանդակներն ազդեցություն են գործում միանգամից: Նա օգտագործում է արտահայտչական այնպիսի հնարներ, գեղարվեստական այնպիսի միջոցներ, որոնք ապահովում են կերպարների կենսունակությունը: Նրա քանդակները  կերտված են կերամիկայից, բրոնզից, կավից, պղնձից, քարից:  Օգտագործում է տարբեր տեխնիկաներ` ծեփում, զոդում, ձուլում, եռակցում:  Երբեմն մի գործում մի քանի նյութեր ու տեխնիկաներ է համադրում:Նա զգում է նյութը, հիանալի տիրապետում վերջինիս առանձնահատկություններին: Իր քանդակներում նա ուշադրություն է դարձնում թե՛ ձևին, թե՛ բովանդակությանը: Քանդակագործությամբ նա սկսել է զբաղվել դեռ մանկուց` մութ ու ցուրտ տարիներին, երբ, ինչպես ինքն է նշում,  հայրն իրեն պլաստիրին էր բերում, նա ինքը դրանից պատրաստում էր խաղալիքներ, կերտում  կերպարներ ու խաղում:

Arman-Hambardzumyan-001

Լուսինե, բրոնզ, կերամիկա, 2015

Arman-Hambardzumyan-002

Սիրահարված կինը, բրոնզ, կերամիկա, 2013

Arman-Hambardzumyan-003

Ժայթքում, բրոնզ, կերամիկա, 2010


          Արմանի  համար գեղեցիկը կերպարվեստում ընդվզումն է: Նա նշում է. «Իմ գործերում ես գեղեցիկ համարում եմ մարմինը դինամիկայի մեջ պատկերելը: Շարժումը կյանք է: Տարբեր նյութերի ու տարբեր գույների միջոցով ես հաղորդում եմ էմոցիաներ, ստեղծում ներաշխարհ, իմաստավորում կյանքը»: Եվ իրոք, երիտասարդ քանդակագործի աշխատանքներին բնորոշ  է դինամիկան, նա կարողանում է հաղորդել շարժումը, նրա գործերը կենդանի են, ռիթմիկ, խոսուն, ծավալային :  Այդ քանդակները դիտողին գրավում են իրենց կատարողական բարձր վարպետությամբ, խորությամբ, դինամիկ կոմպոզիցիայով: Արմանի արվեստում իր ուրույն տեղն ունի կնոջ կերպարը: Շատ ինքնատիպ են նրա կերտած կանացի քանդակները: Հետաքրքիր մի հանգամանք. քանդակագործը չի ներկայացնում իր կերտած կանանց դեմքերը, այդ կանայք անգլուխ են, հիմնականում թռչնաոտ: Խոսելով իր կանացի կերպարների մասին նա նշում է. «Դրանք կանանց հոգու որոնումներ և բնավորության արտացոլումներ են»: Հորինվածքային տարբեր լուծումներ են ստացել նրա կանացի իրական ու առասպելական կերպարները, բայց դրանց բոլորին  («Լուսինե» , 2015, «Մերկ կին»,  2012, «Շարմ» , 2012, «Կրքոտ կինը», 2013, «Առեղծվածային կինը»,  2013, «Տարօրինակ կինը»,  2013, «Դյուրագրգիռ կինը», 2013, «Սիրահարված կինը», 2013, «Ժայթքում», 2010, « Մոգական», 2012, «Կիրք», 2010) միավորում է մի ընդհանրություն.  թեև նրանք անգլուխ են, բայց դա չի խանգարում, որ զգաս նրանց հոգեվիճակները:  Չնայած դեմքերի բացակայությանը` քանդակագործին հաջողվել է լավագույնս հաղորդել իր հերոսուհիների մերկ մարմիններին համակած կիրքը, զգայական ապրումները, պոռթկումը, լարվածությունը:

Arman-Hambardzumyan-004

Կիրք, բրոնզ, կերամիկա, 2010

Arman-Hambardzumyan-005

Մերկ կինը, բրոնզ, կերամիկա, 2012

Arman-Hambardzumyan-006

Վաղ մանկություն, բրոնզ, 2012


Արմանը կարողացել է ֆիգուրների կեցվածքների օգնությամբ ցույց տալ նրանց հույզերը: Կանայք ունեն անկաշկանդ կեցվածք: Բավական խոսուն են այդ մարմինները, զգում ես կենդանի օրգանիզմը: Այստեղ հարկ է հիշել հունական քանդակագործության գլուխգործոցներից  մեկը` Սամոթրակյան Նիկեի արձանը, ուր մարմինն այնքան խոսուն է, ու չնայած աստվածուհին անգլուխ է, բայց միայն մարմնի միջոցով հաղորդված է զգացողություն, ապրումներ: Արմանի քանդակների հերոսուհիները, կրքերի ժայթքումից ասես կորցրել են գլուխները:

Նրանց մարմիններից ժայթքող կիրքն այնքան բնական, այնքան անկեղծ է արտահայտված, որ յուրօրինակ դինամիզմ է հաղորդում այդ աշխատանքներին: Կանացի մերկ մարմիններ ներկայացնող այդ քանդակներում հեղինակը շեշտել է մարմնի այն հատվածները, որոնք կապված են երեխային կերակրելու և մանկածնության հետ: Այստեղ կարող ենք հիշել Ավստրիայից հայտնաբերված պալեոլիթյան շրջանի մերկ կնոջ հայտնի արձանիկը, որ պայմանականորեն ստացել է  «Վիլենդորֆյան Վեներա» անվանումը:

Ձևաստեղծմամբ և բովանդակությամբ  իրար մոտ են «Անտառի թագուհին» (2013) և «Մայր բնություն»  (2013) քանդակները, որոնցում համադրել է երեք նյութ` բրոնզ, կերամիկա, եղջյուր:

Պլաստիկական հմուտ մշակումներով է աչքի ընկնում Արմանի «Վաղ մանկություն»  (2012) քանդակը, ուր արտահայտված է այն գաղափարը, որ երեխան, դեռ սաղմային վիճակում արդեն իսկ յուրացնում է այն ինֆորմացիան, որ ստանում է մայրը, մոր  ապրումները փոխանցվում են երեխային:

Տպավորիչ է «Ծերունին և ծովը» (2012) քանդակը, որն աչքի է ընկնում ներկայացված կերպարի դեմքի արտահայտությամբ, դիմախաղով: Քանդակագործին հաջողվել է հաղորդել ծերունու հոգեվիճակը, կերպարը հոգեբանական վերլուծության է ենթարկել:  Ուշադրության արժանի աշխատանք է «Արքայի ժեստերը» քանդակը (2015), որտեղ բավական խոսուն են ձեռքերը, ողջ ուշադրությունը հեղինակը կենտրոնացրել է այդ ձեռքերի վրա, վարպետորեն հաղորդել մատների լարվածությունը: Կերպարը կենդանացնող ժեստն արտահայտիչ է դարձնում այս աշխատանքը: Հետաքրքիր լուծում է ստացել մեկ այլ`  «Ձախլիկ ռազմիկը» քանդակը (2015)` զինվորի  գլխի մշակմամբ, ձեռքի հաղթական շարժումով: Տպավորիչ է «Տրոյայի հերոսները» (2015) քանդակը: Իր վառ երևակայությամբ հեղինակը ստեղծել է հեռավոր անցյալի հերոսների տպավորիչ կերպարներ, որոնք ձուլվել են միասնական, նպատակասլաց շարժման մեջ: Մտորումների տեղիք է տալիս յուրօրինակ լուծում ստացած ինքնատիպ մի աշխատանք, որ վերնագրված է «Ինքնաքննադատություն» (2016): Այս քանդակը հեղինակը մեկինաբանում է հետևյալ կերպ. «Դա բոլորիս հետ կատարվում է, մեր ներսում երկու ես է առաջանում  ու հաճախ առողջ ինքնաքննադատության շնորհիվ առաջ ենք գնում»:

Հետաքրքիր աշխատանք է «Անգլուխ աքլորն ու ասպետը», որի մասին Արմանը  նշում է, որ այն կարծես երկու անգամ` հոգեպես ու ֆիզիկապես գլխատվելու, երկակի գլխատման գաղափարն է արտահայտում:

Arman-Hambardzumyan-007

Արքայի ժեստերը, բրոնզ, 2015

Arman-Hambardzumyan-008

Տրոյայի հերոսները, բրոնզ, 2015

Arman-Hambardzumyan-009

Ինքնաքննադատություն, բրոնզ 2016


Տպավորիչ են նաև  «Հեկտոր» (2011), «Խաչակիրը» (2014), «Ոդիսական» (2012) քանդակները և «Մարտնչում»  (2010) վերնագրով  բավական էքսպրեսիվ աշխատանքը: Դրանց հորինվածքը շատ արտահայտիչ է: Սրանցում նա իր ուշադրությունը կենտրոնացրել է պատկերվածների շարժուձևերին:

Համաշխարհային քանդակագործներից Արմանին առավել հոգեհարազատ են Հենրի Մուրը, Իգոր Միտորայը, Դաշի Նամդակովը:

Արմանի գեղանկարչական աշխատանքները վառ, պայծառ, տաք գույներով հագեցած, գունային ներդաշնակությամբ աչքի ընկնող ստեղծագործություններ են: Գունագեղ այդ գործերում արտահայտված են էմոցիաներ («Հաջողության քարերը» (2011), «Որոնում» (2010) «Հարևանների բնավորությունը» (2014), «Մեղուների անկում» (2011): Ավանգարդ այս նկարիչն իր յուղաներկ դիմանկարներում, խառը տեխնիկայով արված գործերում և գրաֆիկական դիմանկարներում շարունակում է կուբիզմի լավագույն ավանդույթները: Նրա գրաֆիական աշխատանքներն աչքի են ընկնում վիրտուոզ գծանկարով, կոմպոզիցիայի հստակ կառուցմաբ ( «Ռազմիկն ու վհուկը» (2012), «Երաժշտություն» (2012), «Տարօրինակ խաղ» (2012 և այլն): Արման Համբարձումյանն  ասում է . «Ես իմ գրաֆիկայում փորձում եմ առաջնային դարձնել միտքը, գաղափարը»: Նա նշում է, որ գիծն արվեստի հիմնասյունն է, այն մեծ դեր է խաղում:

Ասպիսով, Արման Համբարձումյանն իր անհատական, անկրկնելի ձեռագիրն ունեցող արվեստագետ է: Մաղթենք նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Աղբյուրներ`

1.Արման Համբարձումյան, «Առասպելներ», Կատալոգ, Երևան, Տիգրան Մեծ,  2015

2.Արման Համբարձումյան, Ցուցադրվեցի առաջին անգամ- «Եթեր», 15.04.2010:

  1. Ասատրյան Ն., Մանկաժպիտ այս Արան- «Դե Ֆակտո», 14.05-17.05, 2010:

http://www.arman-art.com/

https://www.youtube.com/watch?v=EGRsjsmCpfE&t=351s


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով