+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

ԵՐԿՐԱՇԱՐԺ | Կենցաղային կինոռեվյու ռուս-հայկական կինոաղետի մասին


earthquake-001Երկար գրել-ջնջելուց հետո, վերջապես համարձակթյուն ունեցա մտքերս իմի բերելու ու թղթին հանձնելու: Տևական ժամանակ հետաձգելով հերթական կինոռեվյուս, եկա այն եզրակացության, որ կինոքննադատությունը և առհասարակ «ություն» արմատը պարունակող յուրաքանչյուր բառ մի քիչ մեծամտացած, գերագնահատված կամ թերագնահատվա՞ծ, չգիտեմ, Հայաստանի ու արտերկրի որոշ արվեստագետների մոտ կենդանական բնազդների ու հայհոյախառն արձագանքների պատճառ է դառնում, էլ չեմ ասում կասկածելի լոյալ ֆանատների մասին, ովքեր զինվում են ծեծված ու անհասկանալի հնչող խրատական մեկնաբանություններով, ինչի ականատեսը դարձանք իմ կողմից շատ հարգված ու սիրված Սյունե Սևադայի հետ կատարված միջադեպի. ու դա միայն մի պատճառով՝ նա հանդգնել էր կարծիք հայտնել ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի (հեղ. թերևս կմնամ պոլիտկոռեկտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում և չեմ պիտակավորի) աղմուկ հանած «Երկրաշարժ» ֆիլմի շուրջ, մեղմ ասած ի ցույց դնելով ժապավենի թերությունները, ինչի արդյունքում իսկական կրքեր հասունացան: Ռեժիսորն իրեն թույլ տվեց վարքագիծ այդ աղջկա նկատմամբ, որը, իմ համեստ կարծիքով, անթույլատրելի է ու անհասկանալի: Թերևս հասկանալի է՝ Ս. Անդրեասյանը դասվում է այն հեղինակների շարքին, որոնք գերադասում են կեղծ լոյալությունը, անտեսելով անկեղծ ու կառուցողական քննադատությունը, միգուցե, չգիտեմ: Հա, շեղվեցինք թեմայից, ու կներեք, բլոգի վերածվեց ակնարկս: Լա՛վ, ինչևիցէ, ես էլ դիտեցի «Երկրաշարժը» և թող ինձ ներեն կինոգետները, բայց այս դեպքում հանդես կգամ աութսայդերի հարթակից, կարծիքս կտեղավորեմ երրորդ կողմի տեսանկյունից: «Երկրաշարժ»՝ աշխարհը միավորած ահասարսուռ աղետի մասին պատմող այս ֆիլմի մասին շատ է խոսվում. ոմանք փառաբանում են այն ու սրտաճմլիկ շնորհավորական խոսքեր հղում ռեժիսորին, ոմանք՝ ցեխ շպրտում վրան՝ պատմությունը աղավաղելու ու չմոռացված ողբերգությունը վերապրած հանդիսատեսի զգացմունքների հետ խաղալու համար:

Անցնող տարվա լավագույն բլոկբաստեր դառնալու ամբիցիաներով տառապող ու ամերիկյան կինոակադեմիկների կողմից մերժված այս ֆիլմն իրականում դարձավ առանց այն էլ խղճուկ հայրենական կինոասպարեզի պառակտման պատճառ, ինչը իսկական իրարանցում առաջացրեց որոշ արվեստագետների մոտ…. Լեզվակռիվներ, անձնական վիրավորանքներ և այլն և այլն…  Ի՞նչ կարող եմ ասել ֆիլմի մասին: Այո՛, դիտել եմ: Չեմ թաքցնի որոշ հատվածներում հուզվել եմ, զարմացել վրացի բեմանկարչի աշխատանքով, առանձնացրել եմ օպերատորական որոշ խաղիկներ, բարձր լարման վրա գտնվող դերասանական խաղ:

Սյո՞ւժեն… դե պրիմիտիվ, չհաշված իրական դեպքերը, որոնք դիտելիս հնարավոր չէ թաքցնել արցունքները: Վե՛րջ, ավել բան չգտա այստեղ: Ռեժիսորական ձեռագիր՝ բացակայում է (կատակերգական ժանրից անցումը դրամա այդքան էլ հեշտ չէ), տրագեդիան լրացվում է Հայկոյի կողմից գրված երաժշտությամբ, ռուս մանուկ դերասան Դանյա Իզոտովի հուզումնառատ խաղով ու վերջ:  Իրենց տեղում չէին նաև վաստակաշատ Միքայել Պողոսյանը… Մեյնստրիմային Սոս Ջանիբեկյանը, Արմեն Մարգարյանը, Հրանտ Թոխատյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Մարիա Միրոնովան, Կոնստանտին Լավրոնենկոն և մնացածը կարծես իրենց տեղում չլինեին: Իսկ ռուսերեն լեզուն ուղղակի սպանեց գյումրվա կոլորիտը… Հայաստանի մյուս ծայրերում ապրող հայերին լավատեսության սինդրոմ սրսկող գյումրեցին ֆիլմում ներկայացված էր շատ խղճուկ, ինձ ճանաչող լեննագանցիները կհամաձայնեն… Մի խոսքով, չեմ ուզում խորանալ կինոմատոգրաֆիական լեզվի և մնացած մանրուքների մեջ: Հանդիսատես… Արժի՞ դիտել: Երևի: Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել…


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով