+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

Մեր ֆիլմերը. «Ճերմակ Անուրջներ»


«Մարդ արարածը եթե հոգիին մեջ երկինք չունի, ան ի՞նչ գիտե աղունիկն ինչ է…»

 Ասում են աղավնին դժբախտության նշան է, մահ: Բայց  իրականում նա խաղաղություն է, մաքրություն: «Ճերմակ Անուրջներ» ֆիլմի հիմքում աղունիկներն են: Այս գեղեցիկ ֆիլմը նկարահանվել է Վահան Թոթովենցի «Աղավնիներ» պատմվածքի հիման վրա: Երաժշտությունը, որ այնքան կարևոր է ֆիլմի համար, քանի որ ամբողջացնում է նրան, Տիգրան Մանսուրյանինն է. իր զգացածն է արտահայտել, որ լսողն էլ մտքերով աղունիկների հետ թռչի՜ ու խաղաղվի…

«Ակոբը բաց էր թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում ամեն բան, մոռանում աշխարհն ու նրա չար օրենքները… և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևով լվացված կանաչի նման:»

The-white-dreams-001 The-white-dreams-002


Ակոբի դերում հայ ամենատաղանդավոր և ամենասիրված դերասաններից մեկն է ՝ Սոս Սարգսյանը: Կնոջ դերում՝ Գալյա Նովենցը:

Նրանք մի դուստր ունեին՝ Լիլոն, ում դերումՆելլի Խերանյանն է: Իսկ նրանց հարևան Արամի դերում էլ երիտասարդ Հրաչյա Հարությունյանն է: Ֆիլմը նկարահանվել է 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Չգիտես ինչու մարդիկ չէին սիրում աղավնի պահողներին (աղվնիկ խաղցնող), ցածր կարգի դաս էին համարում և լավ հարաբերությունների մեջ չէին. հատկապես երբեք խնամիական հարաբերություններ չէին հաստատի, եթե իմանային, որ բարեկամներից մեկնումեկը աղունիկ պահող է եղել: Բայց Ակոբի համար աղունիկները մաքրության աշխարհ էին, ազատության արտահայտում էին և սիրո խորհրդանիշ: Հետաքրքրական է,որ  հենց ինքը՝ Սոս Սարգսյանը մանուկ ժամանակ սիրել և պահել է աղունիկներ: Այսպիսով այս դերը նրա համար մանկության թանկ հիշողությամբ է լցված և նա այդքան էլ չի խաղում, այլ ապրում է դերով:

The-white-dreams-004 The-white-dreams-003 The-white-dreams-005


Քաղաքում ապրում էր մի Թումաս աղա, ով Ակոբենց հարևանն էր: Նրա որդին՝ Արամը և Ակոբի դուստրը՝ Լիլոն, միասին էին մեծացել: Բայց Արամին մեծահարուստ հայրն ուղարկել էր արտասահման: Վերադարձին արդեն մեծացել էր Լիլոն, գեղեցկացել: Նա սեր արթնացրեց Արամի սրտում: Բայց ընտանիքը կտրանակապես դեմ էր աղունիկ պահող Ակոբի աղջկա հետ նրա ամուսնանալուն: Ակոբը մեծ դժվարությամբ որոշում է կայացնում զիջել իր աղունիկները հանուն դստեր երջանկության և հանձնում է իր կյանքի ուրախությունը մի տղայի՝ պատմելով նրան այդ ճերմակ անուրջների հրաշքներից, նրանց հավատարմությունից, թե ինչպես մարդ պետք է սովորի աղունիկներից, սովորի լինել հավատարիմ, չլինել ապերախտ… «Աս թռչուններեն կսորվիս հավատարմություն: Երբ դյութեն իրար, զույգ կազմեն, ալ չեն բաժնվիր: Անոնք ընտանեկան հավատարմություն մը կունենան, որ զմայլանք կշնորհե մարդուն: Անոնք պարտականություն սորվելու բնազդ մը ունին. ուր ալ երթան, որքան էլ բարձր որ թռչին, վերջը տուն կուգան, իրենց բունը չեն մոռնար, հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը: Կնայիս նրանց, իրենց գեղեցկությունը քեզի կպարգևեն և մարդ ակամա կսորվի վեր նայել ու կսիրի արև ու լույս, ասել է կսիրե անմեղություն…»

The-white-dreams-006 The-white-dreams-007


Ֆիլմն ամբողջությամբ բարություն է, դրական էներգիա,սեր…  Մեր ֆիլմերի անկեղծությունն ունի իր մեջ և ազատության երջանիկ զգացողությունը: Եթե դեռ չեք դիտել, անպայման նայեք ու լցվեք ժպիտով…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով