+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

«Գտնված երազ»-ը 40 տարեկան է


Found-dreamԲոլորս փոքրուց մեծացել ենք սովետական մուլտֆիլմեր դիտելով, որոնցից շատերը այսօր մոռացված են: Մի մուլտֆիլմ կա, որն իր բովանդակությամբ միշտ ակտուալ է և ստիպում անընդհատ այն նայել, վերհիշել, ցիտել: Այս տարի լրանում է այդ մուլտիֆիլմի 40 տարին: Խոսքը` «Գտնված երազ»-ի մասին է: Կարծում եմ բոլորիս համար այն շատ հարազատ է, մանավանդ, երբ մուլտֆիլմը ուղեկցվում է Հայաստանի խորհրդանիշներ` Ռուբեն Հախվերդյանի և Մհեր Մկրտչյանի ձայներով:

Մուլտֆիլմի սյուժեն շատ պարզ է (դե դա մուլտֆիլմ է), իսկ բովանդակությունը շատ խորը և բավականին դրամատիկ: Մենք բոլորս գիտենք, որ հատկապես սովետական շրջանում արվեստագետներն  ազատությունը գտնում էին իրենց ստեղծագործություններում: Ահա այս մուլտֆիլմը դրա ապացույցն է` մի մարդ, որը կորցրել է իր քունը, իսկ կորցրած քունը` դեպրեսիայի նշան է, ապրում է փոքրիկ, կաղապարված իրականության մեջ, որտեղ ոչինչ երբեք չի փոխվում: Կարծում եմ, այսօր շատերն են դա զգում, բայց մեր ժամանակները թույլ են տալիս դուրս գալ պարփակվածությունից և զգալ ազատությունը:

Found-dream-004 Found-dream-003 Found-dream-002


Այդ ազատության սահմանների ընդլայնման շնորհիվ ես հնարավորություն ունեցա խոսելու այս հրաշալի մուլտֆիլմի ստեղծողների` Դիլաքյան եղբայրների հետ, որոնք այժմ բնակվում են ԱՄՆ-ում: Դիլաքյան եղբայրները պատմեցին, որ մուլտֆիլմի հիմքում կյանքի պատմություն է. « Իմ կյանքում էլ մի աղջիկ հայտնվեց, որն ինձ հետո տարավ ԱՄՆ, այդ աղջիկն հիմա իմ կինն է»,- ասաց Հ.Դիլաքյանը։

«Գտնված երազ»-ը մի աշխարհ է, որում շատերս ենք պարբերաբար հայտնվում և սկսում այդ «ծերուկի» նման փնտրել այդտեղից դուրս գալու ուղիներ: Լավ է, երբ մարդ գտնում է իր երազը, բայց առավել լավ է, երբ այդ երազը պարբերաբար փոխվում է, չէ՞ որ գտնված երազը այլևս երազ չէ։

Այժմ Դիլաքյան եղբայրները մուլտֆիլմի արտադրությամբ չեն զբաղվում, փոխարենը ստեղծում են գունեղ հեքիաթային արվեստ: Նրանց աշխատանքները այնքանով են յուրահատուկ, արվեստը ստեղծելու տեխնիկաներն այնքան անսովոր, որ ոչ մի ավանդական արվեստաբանական տերմինի մեջ չեն ընդգրկվում, փոխարենը ընկերներն կատակով այդ արվեստն անվանում են «թիթիզմ»: Այս մասին ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ։ Առաջարկում եմ ևս մեկ անգամ վերհիշել «Գտնված երազ» մուլտֆիլմը, իսկ հետո ծանոթանալ Դիլաքյան եղբայրների արվեստին:


Լուսանկարները Դիլաքյան եղբայրների Ֆեյսբուքյան էջից։



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով