+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

Հայկական երկու տաղավար LA ART SHOW-2016 հեղինակավոր ցուցասրահում


Լոս Անջելեսի ամենամյա արվեստի շոուն (LA ART SHOW) համաշխարհային ամենահեղինակավոր և ծավալուն մշակութային իրադարձություններից է, որ հունվարի 27-ից մինչև 30-ը հազարավոր այցելուներ էր համախմբել LA Convention սրահում: Այս միջոցառումը ժամանակակից արվեստի ընդհանուր մոտեցումների ու միտումների վերաբերյալ եզրահանգումների առիթ կարող է տալ: Յուրաքանչյուր տաղավար-ցուցասրահի նպատակն է լինել ամենահետաքրքիրը, գրավիչը և ոչ պակաս կարևոր է` գործնական ծրագրերի հիմք դնել:

Ոչ միայն աշխատանքների բազմազանությունը, այլ նորարարարական ձևերի հայտնաբերման ցանկությունն է ու վայելումն է, որ այստեղ է բերում արվեստասերներին: Ի վերջո յուրաքանչյուր ստեղծագործողին 60 հազար դիտող-այցելու ունենալու հնարավորություն է տրված՝ գտիր քո երկրպագույին, գնորդին, գործարարին: Հանրահայտ դառնալու ներքին երազանքն է, որ համախմբում է աշխարհի արվեստագետներին ու արվեստի տոն դարձնում այս երեք օրը:

LA-Art-Show-018LA-Art-Show-021


1995-ին LA ART SHOW-ի առաջին միջոցառումը ընդհամենը 14 ցուցասրահ էր ներկայացնում, այս տարի արդեն 130 ցուցասրահ 22 երկրից և ավելի քան 60.000 այցելու: 2010 թվականին Լոս Անջելեսի արվեստի շոուին միացան ցուցասրահներ ողջ աշխարհից` ներկայացնելով ավանդական, պատմական, ժամանակակից արվեստի քանդակային, գրաֆիկական, գեղանկարչական, բազմաթիվ տարբեր մեդիաների աշխատանքներ: LA ART Show մենեջեր Քիմ Մադինդեյլը հաջողված համարելով քսանմեկ տարի առաջ սկսած նախագիծը, նպատակ ունի էլ ավելի ընդլայնել մասնակից ցուցասրահների ցանկը: Բացման խոսքում նա հպարտությամբ շեշտեց, որ Լոս Անջելեսը այժմ արվեստի աշխարհի ամենաեռուն կետն է:

LA ART SHOW-ին հայ արվեստագետների մասնակցությունը սկսվեց շատ ավելի ուշ՝ 2011 թվականին: Ուշ՝ քանի որ ինտեգրումն ամերիկյան արվեստին հայ ստեղծագործողներին տրվում է անբացատրել բարդույթի հաղթահարման գնով և միայն վերջին տարիներին է, որ համատեղ ցուցադրությունների ավելի հաճախ ենք հանդիպում: Այդ պատճառով հայկական նմանատիպ յուրաքանչյուր ցուցադրություն հուշում է ամերիկյան շրջանակում ավելի հաստատուն դառնալու մասին, ու մասնակցությունը բնականոն ընթացք լինելու փոխարեն՝ «հպարտալի» է թվում: Այս տարի LA ART SHOW-ում «Սթեֆընիզ» արվեստի ցուցասրահը ներկայացնում է Հովսեփ Փուշմանի, Արթուր Փինաջյանի, Ժան Ժանսեմի և Գայանի Խաչատրյանի ստեղծագործությունները:

LA-Art-Show-Yuroz--020

Յուրոզ

Տնօրեն Լինդա Ստեփանյանը պատմում է, որ ներկայացված գործերը ցուցասրահի անձնական հավաքածուի մասն են կազմում: Իսկ ամենահետաքրքրականը, -ասում է նա,- Լոս Անջելեսին ցույց տալ հայ նկարիչների արվեստի անզիջող մակարդակը և ներկայացուցչություն կազմել Լոս Անջելեսի արվեստի դաշտում:

Նկարիչ Յուրոզը, ինչպես և «Սթեֆընիզ» արվեստի ցուցասրահը, LA ART SHOW-ի փորձառու մասնակիցներից են: Նա ներկայացնում է իր նոր հայտնագործությունը` համակարգային տեխնիկան իր աշխատանքում օգտագործելով: «Ժամանակակից տեխնիկան ստեղծագործական նոր հնարավորություններ է տալիս, պետք չէ խուսափել դրանից, կարևորը` այդ գործընթացի մեջ հոգին պահպանելն է»: «Ռոմանս կիթառի հետ» կոչվող աշխատանքը Յուրոզի նկարչական ձեռագրի յուրահատուկ կնիքն ունի, միայն ծավալային, քանդակային լուծումով: Նրա համար LA ART SHOW-ին մասնակցությունը ոչ միայն գործնական և հեղինակություն վաստակելու միջոց է, այլ կարևոր է հոգեկան բավարարություն ստանալ, իր աշխարհընկալումը իր հանդիսատեսի հետ կիսելը: «Իմ թեմաներն են` սերը, հանդարտությունը և փաղաքշանքը,- ասում է նա,- Արվեստն ապաքինման ուժ ունի, ամեն մեկն ընտրություն է կատարում դրականի և բացասականի միջև: Իմ ընտրության մասին պատմում են իմ նկարները»:

Լուսանկարները՝ Անի Թադևոսյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով