Արվեստագիր հանդեսը հետևում է ոչ միայն արվեստի, այլ նաև գրականության ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք խորապես հետաքրքրված ենք հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության հանդեպ հետաքրքրության բարձրացման մեջ, ահա թե ինչու 2015թ. սեպտեմբերի 19-ին ներկա գտնվեցինք Զանգակ գրատան կողմից կազմակերպված ‹‹Ամառային ընթերցանություն›› ամենամյա միջոցառման եզրափակիչ հանդիպմանը: Մենք սիրով հետևեցինք գրքի այդ տոնին, լուսանկարեցինք ուրախ, ընթերցասեր երեխաներին:
Զանգակ հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը նշեց, որ ‹‹Ամառային ընթերցանություն›› մանկապատանեկան միջոցառումը Զանգակ հրատարակչությունը կազմակերպում է արդեն երկրորդ տարին և ինչպես 2014-ին, այնպես էլ այս տարի ունեցել է հարյուրավոր մասնակիցներ, և ուրախալի է, որ այս տարի ոչ միայն մասնակիցների թիվն է ավելացել, այլ նաև շատացել են լավագույն ընթերցողները: Այս տարի ծրագիրն ունեցել է 22 լավագույն ընթերցող, 47 ակտիվ մասնակից: Յուրաքանչյուր լավագույն ընթերցող կստանա իր լավագույն պարգևը, այն է՝ յուրաքանչյուրի շնորհիվ ամառային ընթերցանության գրապահարան-տնակը, որը ներկայացնում է շուրջ 30 գիրք, կհայտնվի իր դպրոցի գրադարանում և 6 ամիս շարունակ բոլոր դպրոցահասակ երեխաները կկարողանան փոխանակել գրքերը, ընթերցել, ինչպես նաև յուրաքանչյուր մասնակցի շնորհիվ կկազմակերպվի միջոցառում իր դպրոցում և իր մասնակցությամբ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան ‹‹Սինեմա Սթարում›› դիտելու ‹‹Փիթեր Փեն›› ֆիլմը, ինչպես նաև օգտվելու Զանգակ հրատարակչության տրամադրած տարբեր առավելություններից՝ գրքերի և տարբեր ակցիաների առումով, որոնք նախատեսված կլինեն միայն Ամառային ընթերցան լավագույն մասնակիցների համար: Լեյլա Առաքելյանը նաև նշեց, որ գրապահարան-տնակում ներկայացված են Զանգակ հրատարակչության վերջին 3 տարիների նոր հրատարակումները, որոնց մեծ մասը համաշխարհային գրականության թարգմանություններ են, ինչպես նաև ցանկը լրացնում է մեր ժամանակակից հայ մանկագիրների ստեղծագործություններ, Նաիրա Եդիգարյանի, Սամսոն Ստեփանյանի ստեղծագործությունները, իսկ մյուսները բոլորը թարգմանություններ են, որոնց մեծ մասը առաջին անգամ է հայերեն հրատարակվում: Նպատակն է վերջին՝ նոր հրատարակությունը երեխաներին հասանելի դարձնել, քանի որ նրանց հնարավորություն է տրվում վճարելով մեկ գրքի համար, ընթերցել շուրջ 30 գիրք: Համակարգը գործում է այսպես. վճարում են մեկ գրքի դիմաց, ստանում ընթերցողական քարտ, որը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր քաղաքներում ներկայացված գրախանութներում փոխանակման սկզբունքով կարդալ բոլոր այդ գրքերը: Բոլոր այս մանկապատանեկան գրքերը թե՛ Եվրոպայում, և թե՛ ԱՄՆ-ում գործում են դասագրքերին կից, այսինքն՝ պարտադիր ընթերցանության գրքերից են, որոնք պետք է երեխան կարդա: Լավագույն ընթերցող դառնում են ոչ միայն այս ծրագրի միջոցով, այլ նաև մասնակցելով Զանգակ գրատան տարբեր գրական երեկոներին, հանդիպումներին թարգմանիչների և հեղինակների հետ: Երեխաներ նաև գրքերը ներկայացնող տեսագրություններ են պատրաստում, նկարազարդումներ են կատարում, կատարում են ստեղծագործական աշխատանքներ, ստանում են միավորներ և դառնում լավագույն ընթերցողներ: Ծրագրի նպատակներից է նաև գրքի շնորհիվ նոր ընկերներ ձեռքբերելը: Երեխաները նույն ծրագրին մասնակցելով, գրքի շուրջ կարծիքներ հայտնելով ընկերներ են ձեռքբերում Հայաստանի տարբեր քաղաքներից: Լեյլա Առաքելյանը նաև շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ նյուրաքանչյուր տարի ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը երեխաների շրջանում ավելի կմեծանա: Մենք ևս միանում ենք այս գաղափարին, հորդորում երեխաներին մասնակցել այս ծրագրին նաև հաջորդ տարի, կարդալ, փոխանակել և հաղթել:
Թողնել մեկնաբանություն