Անցնել բովանդակությանը

Սիրո տոներին ընդառաջ «Արվեստագիր»-ը ներկայացնում է ամենասիրառատ և արդեն դասական դարձած արվեստի ստեղծագործությունները:


Փարավոն Մենքաուրն ու իր թագուհին  մ.թ.ա. 2490–2472 թթ.

Եգիպտական քանդակային արվեստի լավագույն նմուշներից է և ամուսնական զույգի պատկերման վաղագույն օրինակներից աշխարհում: Իրենց համերաշխ կեցվածքով, հանդարտ հայացքով, զույգն արտահայտում է եգիպտական միապետության իդեալական կերպար: Նրանց կարելի է համարել հավերժական, հաստատուն սիրո խորհրդանիշ:

Love-in-Art-015
Փարավոն Մենքաուրն ու իր թագուհին մ.թ.ա. 2490–2472 թթ.

Պիեռ-Օգյուստ Ռենուար, Պար, 1883թ.

Աշխարհահռչակ իմպրեսիոնիստ Ռենուարի պարող սիրահարները տարված են մեկը մյուսով, երաժշտությամբ և ամռան տապով, ինչը մատնում է աղջկա ժպիտը, նրանց անկաշկանդ գրկախառնությունն ու մտերմիկ կեցվածքը:

Love-in-Art-012
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Պար, 1883թ.

Օգյուստ Ռոդեն, Համբույր, 1882-1889թթ.

Ռոդենի այս գլուխգործոցը ներկայացնում է Դանթեի «Ինֆերնո»-ում տեղ գտած մի կերպարի՝ 13-րդ դարի արիստոկրատուհի Ֆրանչեսկա դա Րիմինիին, ով սիրահարվել էր իր ամունու կրտսեր եղբորը՝ Պաուլոյին: Ըստ լեգենդի, երբ նրանց սերը բացահայտվել է, Ֆրանչեսկայի ամուսինը սպանել է նրանց երկուսին, նախքան նրանց սերն իրական կդառնար: Ահա թե ինչու քանդակում նրանց շուրթերը մոտ են, սակայն չեն դիպչում միմյանց:

Love-in-Art-008
Օգյուստ Ռոդեն, Համբույր, 1882-1889թթ.

Էդվարդ Մունք, Համբույր, 1897թ.

Դրամատիկ և մութ ստեղծագործության մեջ առավել ցայտուն են երևում սիրահար զույգի միմյանց գրկող ձեռքերը: Նրանց դեմքերը կարծես միաձուլվել են համբույրով և գրեթե չեն երևում:

Love-in-Art-001
Էդվարդ Մունք, Համբույր, 1897թ.

Մարտիրոս Սարյան, Համբույր, 1906թ.

Վարպետի վաղ սիմվոլիստական շրջանի գլուխգործոցներից է «Համբույր»-ը: Հեքիաթային, եթերային, անիրական սիրո համբույր, մեղմ, գարնանային նրբերանգներով:

Love-in-Art-005
Մարտիրոս Սարյան, Համբույր, 1906թ.

Գուստավ Կլիմտ, Համբույր, 1907-1908թթ.

Կլիմտի այս ստեղծագործությունը նրա թերևս ամենահայտնի և սիրված կտավներից է: Այն պատկերում է գրկախառնված, միաձուլված, մեկ ամբողջություն դարձած սիրահար զույգի: Ըստ վարկածներից մեկի Կլիմտն այստեղ պատկերել ՝ իրեն և իր սիրելի կարմրահեր Էմիլիա Ֆլոգին:

Love-in-Art-006
Գուստավ Կլիմտ, Համբույր, 1907-1908թթ.

Կոնստանտին Բրանկուսի, Համբույր, 1910թ.

Բրանկուսիի գլուխգործոցներից է Համբույրը: Այն կնոջ և տղամարդու սիմվոլիկ ընդհանրացված պատկեր է՝ համբույրի պահին: Նրանց մարմինները միաձուլվել են, դարձել մեկ ամբողջություն: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Բրանկուսին կատարել է 4 այսպիսի աշխատանք: Ներկայացված քանդակն այդ 4-ից ամենաերկրաչափականացվածն ու ամբողջականն է:

Love-in-Art-010
Կոնստանտին Բրանկուսի, Համբույր, 1910թ.

Մարկ Շագալ, Ծննդյան օրը, 1919թ.

Գեղանկարում Մարկ Շագալն է կնոջ՝ Բելլայի հետ: Զույգն անհոգ սավառնում է համբույրի ռոմանտիկ էյֆորիայի մեջ: Նկարիչն անմահացրել է իրենց կյանքի այն դրվագը, երբ վերջիններս Ֆրանսիայից Ռուսաստան էին վերադարձել որպեսզի ամուսնանային և դա համընկել էր Բելլայի ծննդյան օրվա հետ: Այս ստեղծագործությունը նկարչի՝ իր կնոջ հանդեպ ունեցած մեծ սիրո հավաստիքն է:

Love-in-Art-002
Մարկ Շագալ, Ծննդյան օրը, 1919թ.

Մեն Ռեյ, Համբույր, 1922թ.

Մեն Ռեյի այս ստեղծագործությունը իր լուսանկարչական էքսպերիմենտների՝ արդյունք է, այսպես կոչված՝ ֆոտոգրամմա, որի ընթացքում պատկերը ստացվում է ֆոտո-քիմիական ճանապարհով, առանց լուսանկարչական ապարատի կիրառման:  Պատկերված սիրահարները համբուրվում են՝ ձեռքով հպվելով միմյանց դեմքին: Ուրվագծային և ստվերային այս պատկերները՝ մի կտոր լուսանկարչական թղթի վրա պատկերավորում են արվեստագետի մտքերից մեկը. «Ես չեմ լուսանկարում բնությունը, ես լուսանկարում եմ իմ տեսլականը»:

Love-in-Art-009
Մեն Ռեյ, Համբույր, 1922թ.

Ռենե Մագրիտ, Սիրահարները, 1928թ.

Մագրիտի այս ստեղծագործությունը սյուրռեալիստական արվեստի գլուխգործոցներից է և ինչպես նրա ողջ արվեստը՝ լի է տարօրինակ միստիկայով: Սիրահարները գրկախառնվում են, սակայն անզոր են համբուրել միմյանց, անզոր են արտահայտել իրենց զգացմունքները, նրանց միջև եղած շղարշների պատճառով, որ նրանց ընդմիշտ անջատ են պահում:

Love-in-Art-013
Ռենե Մագրիտ, Սիրահարները, 1928թ.

Ռոյ Լիխտենշտեյն, Համբույր, 1964թ.

Սա մեկն է Լիխտենշտեյնի գրկախառնված սիրահարների պատկերներից: Կոմիկսի նկարազարդման հիանալի օրինակ, որ փոփ մշակույթի անքակտելի մասն է արդեն շատ վաղուց: Ստեղծագործությունը հետաքրքրական է նրանով, որ նկարիչը չի կոնկրետացրել, թե արդյոք սա միավորման գրկախառնություն է և երջանկության արցունքներ, թե հրաժեշտի վերջին հանդիպում: Մի բան պարզ է. նրանք սիրում եմ միմյանց:

Love-in-Art-003
Ռոյ Լիխտենշտեյն, Համբույր, 1964թ.

Պաբլո Պիկասո, Համբույր, 1967թ.

86 տարեկան հասակում Պիկասոն մատիտի մի քանի հարվածով ստեղծում է իր ամենակրքոտ գծանկարներից մեկը, որտեղ արտահայտում է իր վերաբերմունքը կյանքի հանդեպ: Համբույր, կիրք, որ դուրս է բոլոր տեսակի սահմաններից:

Love-in-Art-007
Պաբլո Պիկասո, Համբույր, 1967թ.

Ռոբերտ Ինդիանա, Սեր, 1973թ.

Փոփ արթի վառ օրինակներից: Իր հարցազրույցներից մեկում Ինդիանան ասում է՝ «Ամերիկայում ավելի շատ խորհրդանշաններ կան, քան ծառեր և այսպիսով ես ինձ համարում եմ ամերիկացի բնանկարիչ»: Արվեստագետն առավել հայտնի է իր LOVE քանդակներով, որ ստեղծել է 1960-70-ական թվականների ընթացքում, որտեղ սերը ներկայանում է բառի՝ խորհրդանշանի ձևով, և որտեղ ամեն մի տառ յուրահատուկ կարևորություն է ստանում: Նրա այս քանդակները տեղադրված են ամբողջ աշխարհով մեկ: Դրանցից մեկը տեղ է գտել նաև Երևանում՝ Կասկադ համալիրում, և մասն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հավաքածուի:

Love-in-Art-011
Ռոբերտ Ինդիանա, Սեր, 1973թ.

Լևոն Թոքմաջյան, Անուշ և Սարո, 1973թ.

Հայկական ամենատրագիկ սիրո պատմությանը նվիրված այս քանդակը կարելի է տեսնել Երևանի Թումանյանի այգում: Քանդակը կերտված է մեկ ամբողջական բազալտից՝ շեշտելու համար Անուշի և Սարոյի սերն ու միասնությունը:

Love-in-Art-004
Լևոն Թոքմաջյան, Անուշ և Սարո, 1973թ.

Եվ վերջում՝

Love-in-Art-014