+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Մի ստեղծագործություն | Վահե Թևոսի «Երեքը կարմիրում»


        Գեղանկարիչ Վահե Թևոսի «Երեքը կարմիրում» ստեղծագործությունը մեկն է արվեստագետի` հին Երևանը խորհրդանշող, 19 աթոռ պատկերող շարքի աշխատանքներից:

       Արվեստի պատմության ընթացքում եղել են նկարիչներ, որոնք անդրադարձել են կենցաղում ամենագործածելի այս առարկային` աթոռին: Հիշե՛նք  վան  Գոգի «Գոգենի աթոռը» նկարը կամ Ջոզեֆ Կոշուտի «Երեք ու մեկ  աթոռ»-ը: Նրանցից յուրաքանչյուրի մոտ աթոռը տարբեր խորհուրդներ է կրել:

       Որոշ աշխատանքների յուրօրինակության գաղտնիքը պետք է փնտրել ոչ թե թեմատիկայի ինքնատիպության, այլ ամենից առաջ մոտիվների մեկնաբանման եղանակների մեջ: Վահե Թևոսի «Երեքը կարմիրում» ինքնատիպ նկարը սոսկ տեսածի պարզ պատճենում չէ`առանց ստեղծագործական իմաստավորման: Նկարիչը չի խուսափել խորհրդանշական մեկնությունից: «Երեքը կարմիրում» աշխատանքը բավական առանձնահատուկ, չկրկնվող, իր մեջ փիլիսոփայական իմաստ ամփոփող և խորը գաղափարներ արտահայտող գործ է` ինչպես շարքի մյուս նկարները: Յուրօրինակ իմաստ է նկարիչը հաղորդել իր աշխատանքին, նրանում ներդրել իր հոգին: Նկարից հորդում է ջերմություն, նրանում կա տրամադրություն: Պատկերված աթոռն էներգիա է փոխանցում: Այն ներկայանում է որպես անցյալի փաստացի ապացույց, կրում իր մեջ հիշողություն:

        Աշխատանքն աչքի է ընկնում զուսպ գունաշարով, գունային ներդաշնակությամբ: Կարմիր ֆոնի վրա աթոռը շատ լավ է արձագանքում: Աշխատանքը տպավորիչ է` շնորհիվ ճիշտ լուծված կոմպոզիցիայի, ճիշտ ընտրված դիտակետի, ճիշտ արված կրճատումների և աթոռի ճշգրիտ զետեղման: Նկարում կա նյութի ֆակտուրան արտահայտելու ձգտում, ծավալայնություն: Աշխատանքը կատարված է վարպետությամբ: Վահեն ուշադրություն է դարձրել ամեն մի դետալի: Նկարն աչքի է ընկնում լուսաստվերային հարուստ շեշտերով:

      Այսպիսով, Վահե Թևոսի «Երեքը կարմիրում» աշխատանքը ստիպում է դիտողին իր առջև երկար կանգնել ու խորհել:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով