+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Հայկական մոլորված սթրիթ արթի արկածները


Արդյո˚ք հայտնի լինելու համար  բավարար պայման է միայն ազգային ենթատեքստի արծարծումը ստեղծագործության մեջ:

Հայ ազգային, հայ մեծեր… Այս և շատ այլ ճշմարտություններ այնքան խորն են հիմնավորված մեր գիտակցության մեջ, որ ցանկացած ակցիա, ցանկացած ստեղծագործություն, որ ինչ-որ կերպ առնչվում է այս եզրույթների հետ, անկախ նրա կատարման մակարդակից, մատուցման ձևից, տվյալ թեմայի շրջանակներում տեղին օգտագործված լինելուց,  պատրաստ ենք հանճարեղ բնորոշել, առանց խորը դիտարկումների, առանց բուն գաղափարի մեջ խորանալու և իհարկե պատրաստ ենք քարեր նետել նրա վրա, ով կհամարձակվի դա քննադատել, որքան էլ որ պատճառները լինեն հիմնավոր: Ահա այսպես աղավաղվում են պատկերացումներ ոչ միայն ազգայինի մասին, այլ նաև արվեստի մասին առհասարակ:

Մասնավորապես վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկացա երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի մասին: Երիտասարդ ռայթերը (այդպես են նրան անվանում հայկական լրատվամիջոցները) հայ մեծերի դիմանկարներ է պատկերում Երևանի շենքերի պատերին: Սա սթրիթ արթ կոչելով` երիտասարդը շարունակում է իր հաղթարշավը, գրավում շինությունների նորանոր պատեր: Անշուշտ, առաջին հայացքից նախադասությունս նույնիսկ ոգևորիչ է հնչում: Երիտասարդ, որ գնահատում է հայ մեծերին, դա դեռ հերիք չէ` տաղանդավոր է, նկարում է: Հրաշալի տեսարան է: Կուզենայի այստեղ ավարտել հոդվածը, վերջում էլ` շատ լրատվամիջոցների նման խորհուրդ տալ անպայման գնալ ու տեսնել դիմանկարները: Անշուշտ անդրադարձը ազգայինին խրախուսելի է և գովելի, բայց միայն այն պարագայում, երբ այն համապատասխան կոնտեքստի մեջ է և մատուցվում է վարպետորեն:

Նախ` զուտ արվեստի տեսանկյունից դիտարկելու դեպքում այս պատկերները  որպես դիմանկար բավական թույլ են, մատուցման մեջ նկատվում է գլամուրային որոշակի ենթատեքստ, չկա ոչ մի խարակտերայնություն, կարճ ասած` ընդամենը արտաքին նմանություն, ընդ որում` ոչ մի տրամաբանություն կերպարների կողք-կողքի պատկերման, կամ պատկերների տեղադրության ու վայրի ընտրության մեջ:

Իսկ եթե հարցին նայենք հայ մեծերի հանդեպ ակնածանքի տեսանկյունից, ապա առավել ևս անընդունելի է հայ մեծերի այս տեսակ պատկերումը` որտեղ պատահի, որ պատին պատահի և ինչպես պատահի: Այո, բոլորովին պարտադիր չի առավոտյան աղբը դուրս տանելուց աչքի առաջ ունենալ օրինակ Չարենցի պատկերը, բոլորովին պարտադիր չի այդ դեմքերը դարձնել առօրյա ու սովորական, չի կարելի ոչ բարեկարգ, անցքեր ունեցող պատին օրինակ` Սոս Սարգսյանի և Շառլ Ազնավուրի դիմանկար պատկերել: Այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել մի քանի տարի առաջ Երևանում նստարաններին տեղադրված հայ մեծերի քանդակների հետ, երբ պատվանդանից իջեցնելով նրանց նստեցրեցին մեր կողքին, որն էլ ավարտվեց հենց այդ քանդակների հանդեպ վանդալիզմով:

Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Ավելի կարևոր է այն, թե ինչպես է ընկալվում և ընդունվում հայ մեծերին պատկերելու այս երիտասարդի ձգտումը: Իհարկե` օվացիաներով: Իսկ իրականում, սա ընդամենը պաշտպանական գործողություն է, մանիպուլյացիա թեմայի միջոցով:  Այլ թեմա արծարծելու դեպքում ընդունված չլինելու ռիսկը իհարկե, ավելի մեծ կլիներ: Եթե նրա երկրպագուներից մեկին ասես, որ այս երիտասարդի աշխատանքները տեղին չեն, միանգամից կստանաս. «ինչպե˚ս, չէ որ դրանք հայ մեծերի դիմանկարներն են և նպաստում են գալիք սերնդի ճիշտ դաստիարակմանը» պատասխանը: Եվ դիսկուրսն արդեն կընթանա ոչ թե բուն պորտրետների ձևի ու մոտեցման, այլ հայ մեծերին տուրք մատուցելու երիտասարդ նկարչի ձգտման շուրջ: Այո, հենց այս փաստն է սրացնում խնդիրը, դարձնում այն ավելի կարևոր` քննարկելու տեսանկյունից:

Ի դեպ` նման ոչ օբյեկտիվ մոտեցումը կարող է խոչընդոտ հանդիսանալ երիտասարդ նկարչի հետագա ստեղծագործական ճանապարհին` նրա մեջ մարելով կատարելագործվելու ձգտումը:

Հարցին կարելի է նաև այլ տեսանկյունից նայել` դիտարկելով դիմանկարները սթրիթ արթի սահմաններում:

Սթրիթ արթն ի սկզբանե խնդիրներ բարձրացնող, խնդիրները հանրայնացնող արվեստ է: Բացի այն, որ սթրիթ արթը օրենքով արգելված է` որպես վանդալիզմի ակտ ճարտարապետական կառույցի հանդեպ, այն նաև շատ հաճախ իր բովանդակության տեսանկյունից չի ընդունվում տվյալ երկրի իշխանությունների կողմից, քանի որ բարձրաձայնում է կարևոր ու ցավոտ ցոցիալ-քաղաքական, մշակութային հարցեր: Ըստ էության սթրիթ արթը արվում է թաքուն, արգելված վայրերում, այն պետք է պարունակի որոշակի ուղերձ, և որպես կանոն նման արվեստը շատ կարճ կյանք է ունենում, իսկ այնպիսի հայտնի ու արվեստում արդեն դասական դարձած ստրիթ արտիստներ` ինչպիսիք են օրինակ Բենքսին, Բլեք լե Ռաթը և այլոք, մինչ օրս թաքնվում են ու չեն հանրայնացնում իրենց անձը` հստակ գիտակցելով իրենց պատասխանատվությունը:

Վերադառնանք մեր ռայթերին: Եթե նրան դիտարկում ենք սթրիթ արթի սահմաններում, ապա ո˚րն է նրա ասելիքը և ուղերձը, ո˚րն է գաղափարը, կոնցեպտը: Այո, բացի կրկին այն փաստից, որ պատկերվածները հայ մեծեր են` ոչինչ: Չկա ոչ մի ազգայնական դիսկուրս. վատ արված հայ մեծերի դիմանկարների մեջ դիսկուրս լինել չի կարող, դրանք դիմանկարներ են, որ նույն հաջողությամբ կարող էին կտավին կամ թղթին արված լինել և բովանդակային առումով ոչինչ չէր փոխվի: Իսկ ահա սթրիթ արթը հենց այն արվեստն է,  որ ուրիշ տեղ, քան փողոցում արված լինելու դեպքում, կկորցնի ազդեցությունը, հանդիսատեսին, ու ձայնազուրկ կդառնա…

 Սթրիթ արթի իրական գիտակները կնախընտրեին  զուտ դիմանկարների փոխարեն  տեսնել երիտասարդի սուր միտք, ազնիվ համարձակություն, բարձր գաղափար և ճաշակ: Այն, ինչ անում էր օրինակ` «Արտ-լաբորատորիան», կամ «Հակահարված» խումբն է անում: Բայց այս ստեղծագործական խմբերը, չնայած որ իրենց գործն անում են վարպետորեն, բարձրաձայնում են բազմաթիվ արդիական խնդիրներ, նաև հստակ գիտակցում են, որ հասարակական կարգ խախտելու համար իրենք պատասխանատու են օրենքի առաջ: Եվ ի տարբերություն երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանի գործերի, այս խմբերի աշխատանքները շատ արագ հեռացվում են պատկան մարմինների կողմից, իհարկե` սուր լինելու և չթույլատրված վայրերում արված լինելու պատճառով:  Իսկ մեր երիտասարդ ռայթերին կարծես թե ոչ ոք չի պատրաստվում կանգնեցնել, թեկուզ միայն այն բանի համար, որ ճարտարապետական կառույցների նկատմամբ վանդալիզմի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա թե պատկերված գրաֆիտին ինչ թեմա է արծարծում: Ստացվում է` ցանկացած մեկն ով նկարելու ցանկություն ունի, կարող է դուրս գալ փողոց ու ցույց տալ իր տաղանդը, եթե միայն ստեղծագործում է ազգային թեմաների շրջանակներում: Սա կատարյալ աբսուրդ է:

Ես չեմ խրախուսում սթրիթ արթը, բայց այնուամենայնիվ այն ժամանակակից փոփ մշակույթի մաս է կազմում և նույնպես լուրջ ու հիմնարար մոտեցում է պահանջում, քանի որ հայկական սթրիթ արթը դեռևս գտնվում է իր ձևավորման սաղմնային փուլում և չի կարելի թույլ տալ որ այն շեղվի ճիշտ ճանապարհից:


Robert-Nikoghosyan-art-001 Robert-Nikoghosyan-art-002 Robert-Nikoghosyan-art-003Robert-Nikoghosyan-art-004


Ռոբերտ Նիկողոսյանի դիմանկարներից

Լուսանկարները՝ Ռոբերտ Նիկողոսյանի պաշտոնական Ֆեյսբուքյան էջից:


Banksy-art-004Banksy-art-001Banksy-art-005Banksy-art-002


Բենքսի սթրիթ արթից


Black-Le-Rat-001 Black-Le-Rat-004 Black-Le-Rat-003 Black-Le-Rat-002


Բլեք լե Ռաթի սթրիթ արթից


Hakaharvac-001 Hakaharvac-002 Hakaharvac-003


«Հակահարված» խմբի սթրիթ արթից

Լուսանկարները՝  «Հակահարված» խմբի պաշտոնական Ֆեյսբուքյան էջից:



3 մեկնաբանություն
  1. Paytsar

    19 Օգոստոս 2015 13:31

    Ծայրահեղությունների մեջ եք ընկել, Հասմիկ!!!

    Պատասխանել
  2. Aren

    19 Օգոստոս 2015 19:50

    Հարկ եղածից էլ մեղմ ես գրել Հասմիկ ջան: Կարծում եմ այս հոդվածով կարելի է թեմայի վերաբերյալ քննարկումները ավարտել:

    Պատասխանել
  3. Հայկ

    19 Օգոստոս 2015 23:49

    գոհ լինենք երևի, որ գոնե գետնին չի նկարել…վատն էնա մեր մոտ մեծամասնությունից տարբերվող ու ամենակարևորը ճիշտ կարծիք ունենալը դատապարտելիա…. համայնքը զորավոր է վիճակա լրիվ…

    Պատասխանել

Պատասխանել Aren-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով