+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Գրիգոր Խաչատրյան, «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսը փետրվարի 29-ից մարտի 30-ը

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Grigor-Khachatryan-005ԱրտԲազիսը հրավիրում է Գրիգոր Խաչատրյանի «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսին (համադրող՝ Նազարեթ Կարոյան) Ակումբ 11-ի (Բաղրամյան 17, Ճարտարապետների Միություն) հյուրընկալությամբ: Ցուցահանդեսը կգործի 2016թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 30-ը: Նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և վիդո նկարահանումները՝ Գրիգոր Խաչատրյանն ուսումնասիրում է Բաղրամյան փողոցը մի քանի շաբաթ փակած նստացույցի մասնակիցների և ոստիկանության հարաբերության խնդիրը։  Իշխանության և սիրո փոխկապակցված թեման կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։ Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում և իր անձը դարձնելով ստեղծագործության միջոց, արվեստագետը կերտում է բացարձակ իշխանությամբ օժտված մեկի ծաղրանկարչական մի կերպար։ Այս նախագծում նա երկու բան անում է առաջին անգամ և միաժամանակ։ Նախ հեռանում է իր պերֆորմանսի ֆորմատից և նախագիծը կառուցում է հետազոտության վրա։ Երկրորդ՝ հանում է խեղկատակի ուրախ զգեստները` հագնելու համար իշխանության օրինականության ակունքներն ուսումնասիրողի խստաոճ պատմուճանը։ Աղբամաններից կառուցված փխրուն բարիկադը փակել է Բաղրամայան փողոցը։ Դրա մի կողմում իր լեգիտիմության պակաս ունեցող իշխանության ոստիկանությունն է, որն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում կարող է դիմել ուժի, մյուս կողմում՝ զայրացած քաղաքացիները, որոնց այլ բան չի մնացել, քան հասարակական նորմերի զանցումը։ Պնդելու համար արդարացի պահանջը՝ նրանք դիմում են իրենց զինապահեստում ունեցածը տարատեսակ միջոցներին՝ ցուցադրական սիրուց մինչև սեռական բնույթի ակնարկներ ու ուղերձներ պարունակող ժեստերն ու լոզունգները։ Արվեստագետի համար խնդրահարույցը այդ բաժանումն է։ Նա իր նախագծով, ասես, հարց է բարձրացնում. կարո՞ղ է արդյոք սերն, իբրև խոսք ու գործողություն, դառնալ հանրային դիմադրության ու պայքարի միջոց՝ ընդդեմ ոստիկանական բռնության։  Ենթադրական այս հարցի պատասխանը նա բխեցնում է նստացույցը ցրելու՝ 60-70 թվականների սիրային հիթերով հնչունավորած տեսարաններից։ Ջրցանի փողից արձակված ջրի սառցե շիթը պարուրելով թախծոտ երգերի կրկնվող ռիթմերով՝ Գրիգոր Խաչատրյանն, ասես, գալիս է դիտողին մղելու տխուր մտորումների գիրկը. որքան անզոր պիտի լինի իշխանությունը, որ նման բիրտ ու անտաշ միջոցներով հակադրվի իրեն իսկ ընտրող քաղաքացուն, կամ որքան հուսահատ՝ այդ շարքային ցուցարարը, որ ապավինի սեռական բռնության սպառնալիք փոխանցող ժեստի՝ վեր ցցված միջնամատի զորությանը։ Արվեստագետի ասույթը, որ ներառված է ցուցադրանքում, նշում է այդ բինար հակադրությունը և ճգնաժամը հաղթահարելու ուղին.

ԻՆՁ ՎՐԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱ, ՈՎ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ Է, ԱՎԵԼԻ ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱ, ՈՒՄ ԵՍ ԵՄ ՍԻՐՈՒՄ:

Ցուցահանդեսի հանրային ծրագիր…

Grigor-Khachatryan«(Ան)զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» նախագծի հանրային ծրագիրը հետապնդում է կրկնակի նպատակ։ Այն մի կողմից առաջարկում է վերլուծել նյութը, որն ընկած է նախագծի հիմքում, մյուս կողմից՝ քննարկել այն խնդիրը, որը հնարավոր է դուրս բերել նախագծի բովանդակային շերտերից:

Մեդիածուղակներ կամ (ցուցա)դրականությունը՝ հարկադիր-կամավոր…

Եթե պայքարը իրավական ճանապարհով տանելու համար քաղաքացիական ակտիվիստները ունեին բազմաթիվ պատճառներ, դրա մեթոդների ընտրությունը՝ մասնավորապես էսթետիկականացումը հիմնականում պայմանավորված էր նրանց ձեռքի տակ եղած միջոցներով: Գրության արտադրության ու տարածման տեխնիկական միջոցները ստեղծել են քաղաքացիական պայքարի կազմակերպման նոր հնարավորություններ և մեթոդներ։ Վիզուալ և դիսկուրսիվ ձևերին տրվող նախապատվությունը արդյոք այդ մեթոդների մարտավարական դրսևորվում է՞։ Չէ՞ որ դրանք նաև այդ պայքարին հակադրվելու՝ մեդիամանիպուլյացիաների, կեղծ նախաձեռնություների և դիրքավորումների միջոցով այն կաշկանդելու և չեզոքացնելու միջոցներ են։ Ինչպե՞ս էր մեդիան տնօրինվում Բաղրամայանով անցնող բարիկադի այս կամ այն կողմում։

Բազմություններ/կոլեկտիվ ստեղծագործություն…

Grigor-Khachatryan-002Բաղրամյանի նստացույցի մասնակիցները տեղի ունեցածը գնահատելիս, այս կամ այն խոսքի, կեցվածքի և արարքի նկատմամբ վերաբերմունք դրսևորելիս դիմում էին ուղերձի ընդհանրացնող ձևերի օգնությանը։ Ստեղծվեցին տարաբնույթ մետոնիմիաներ, մետաֆորներ, կատարվեցին բառիմաստների փոփոխություններ, որոնց հիմքում վիզուալ, վերբալ կամ հնչունային անալոգիաներն էին։ Իրենց սինկրետիկ բնույթով դրանք գալիս էին մասնակիցների դարձնելու կոլեկտիվ ստեղծագործության հեղինակներ։ Այդօրինակ բանահյուսական արտադրության համար արդյո՞ք սոցիալ- քաղաքական կամ տարատեսակ այլ շարժումները պարտադիր պայման են։ Ինչպե՞ս են միմյանց հետ կապվում բազմություններն ու ստեղծագործական պրոցեսները։ Պատճառակա՞ն են այդ կապերը, թե՞ այնուամենայնիվ կարող ենք այդ շարժումները համարել նաև ինքնին կոլեկտիվ ստեղծագործական պրոցես:

Լուտա՞նք, բռնության սպառնալիքի ցուցադրու՞մ, թե պոլիտկոռեկտություն. քաղաքացիական բողոքիմասնակցության ձևերի ռելեվանտության շուրջ…

Քաղաքացիական բողոքի օրերին առավել բարձր հնչած քննադատությունը հիմնված էր բողոքի մասնակիցների կազմակերպած դիմադրության վիզուալ և վերբալ միջոցների համարժեք վերլուծության վրա։ Grigor-Khachatryan-003Բայց սոսկ քննադատություն չէ տեքստը, այլև ցուցարարներին ուղղված կոչ-հորդոր։ Հարցերը, որ հառնում են մասնակցության այդ եղանակի հանդեպ, ծագում է տեքստի երկակի բնույթից։ Կարո՞ղ է արդյոք հանրային որևէ շարժում լինել ինքնաբավ՝ առանց ներքին քննադատության և, միաժամանակ, որքանո՞վ է քննադատությունը պրագմատիկ, որքանո՞վ է տեղին թիրախավորել բարիկադի վրա գտնվողին։ Եվ, ի վերջո, կարո՞ղ են արդյոք համադրվել դիսկուրսի այս երկու տեսակները (քննադատություն և հորդոր)՝ տեքստի շրջանակային երկակի նպատակներից յուրաքանչյուրին հասնելու առումով։

Արվեստի քաղաքականացումն ընդդեմ քաղաքականության գեղագիտականացման…

Ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Ռանսիերն ասում է, թե գեղագիտությունն այսօր հայտնվել է նեղության մեջ՝ նույնանալով քաղաքականության հետ, այն էլ ոչ թե դիպվածով, այլ ըստ էության։ Բայց նույն անհանգստության մեջ չէ՞ արդյոք քաղաքականությունը։ Արդյոք քաղաքականությունն էլ, իր հերթին, չի՞ գեղագիտականանում։ Չէ՞ որ գլոբալ իմաստով այն դադարել է այլևս սուբյեկտիվություններ արտադրելուց՝ ամբողջովին տրվելով կառավարման՝ անթերի ու կատարյալ դարձնելու գեղագիտական կրքին։ Ինձ վրա իշխանություն ունի նա ով ինձ սիրում է, ավելի մեծ իշխանություն ունի նա, ում ես եմ սիրում, – ասում է Գրիգոր Խաչատրյանը՝ խոսելով ընդհանրապես արվեստի անունից։ Կարո՞ղ է արվեստը վերածվել հանրության մշակութային քաղաքական միասնությունն ապահովող հաղորդակցական միջոցի։

Grigor-Khachatryan-004


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով