+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Ազգայինի և նորաձևի խնդիրների մասին… Արամ Նիկոլյանի ‹‹Ուրֆա. Վերածնված արժեքներ›› հավաքածուն


Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ օրհասական պահեր, երբ կանգնած է եղել իր մշակույթը կորցնելու, օտարին ձուլվելու խնդրի առջև: 20-րդ դարի ընթացքում այդպիսի մի քանի ճակատագրական փուլեր եղան, որոնք փոխեցին մեզ գաղափարական առումով, ազդեցին մեր մշակութային ու քաղաքական կյանքի վրա: Դրանցից մեկը Հայոց Մեծ Եղեռնն է: Հայ ժողովուրդը, ապրելով Արևմտյան Հայաստանում, ստեղծել էր իրոք հզոր էթնիկ մշակույթ, որտեղ գործում էին խորապես կրթված մարդիկ, ժողովուրդն ուներ իր ազգային դեմքը, որը, չեմ վախենա նշել, ամենայն հավանականությամբ խանգարում էր թուրքական ազգային քաղաքականությանը:

Այդ ճակատագրական պահին, երբ թուրքերը սկսեցին ոչնչացնել հայ ժողովրդին, վերջիններս այնքան հզոր գտնվեցին, որ առաջին հերթին իրենց մշակույթը սկսեցին փրկել, թաքցնելով այն թշնամուց, որպեսզի բերեն, հասցնեն այն մեզ, իսկ մենք հետագայում այդ մշակույթը շարունակենք:The collection of Aram Nikolyan Urfa, The Reborn value018

Հայ ժողովրդի պատմության երկրորդ ճակատագրական փուլը Խորհրդային միությունն էր, որտեղ նոր թափով շարունակվում էր հայ մշակույթի ուսումնասիրությունը, դրա մասին գրվում և պահպանվում էր: Պահպանելու հրաշալի օրինակ է 60-80-ական թվականներին մի շարք հայ նկարիչների ավանգարդիստական ոճով արված ստեղծագործություններում օգտագործված ազգային տարրերը, թեմաները, ավանդույթները, որոնք նոր ուղղություն էին հայ գեղանկարչության պատմության մեջ:

Երրորդ փուլն այսօր է, երբ մեր սահմանները ընդլայնվել են, մենք կարող ենք ճամփորդել, ուսումնասիրել աշխարհը, հիանալ օտար մշակույթներով, մի պահ մոռանալ մերը կամ նույնիսկ թերահավատորեն մոտենալ մեր ունեցածին, համեմատելով այն համաշխարհայինի հետ: Այսօր, սակայն, մեր հասարակությունը լիուլի ճանաչելով այդ համաշխարհային հզոր մշակույթներից, եկել է այն եզրահանգմանը, որ ինքնությունը պահպանելու համար պետք է արմատներից սնվել, առաջին հերթին ճանաչել ինքդ քեզ:

The collection of Aram Nikolyan Urfa, The Reborn value012Երաժշտության մեջ  դա անում է Տիգրան Համասյանը, որը համարվում է կենդանի լեգենդ: Նա հայ ազգային և հոգևոր երաժշտությունը միացնում է ջազին, այդպիսով նոր կյանք է տալիս այդ հզոր մշակույթին` փորձելով հասկանալ այն և ուղիներ ստեղծել նրա վերածննդի և գոյատևման համար: Իր ստեղծած զարդերում ազգային մոտիվներ է օգտագործում նաև դիզայներ Նուռը, որի աշխատանքները իրոք բացառիկ են: Ինչևէ, այս երկու արվեստագետները ուսումնասիրելու և քննարկելու առանձին թեմա են:

Բերված օրինակները ամենևին համեմատելու համար չեն, դրանք այսօրվա ընդհանուր մշակութային կյանքի պատկերը արտացոլելու նպատակն են հետապնդում: Այսպես` հունիսի 4-ին Պատմության թանգարանի բակի նախասրահում տեղի ունեցավ Արամ Նիկոլյանի ‹‹Ուրֆա. Վերածնված արժեքներ›› հավաքածուի ցուցադրությունը, որի հիմքում հայկական տարազներն էին, Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունը, մի խոսքով մի ամբողջ մշակույթ: Միջոցառումը մեկնարկեց ամենատարբեր տեսակի ազգային տարազների ցուցադրությամբ: Ընդհանրապես, ինչպես գիտենք, տարազը արտահայտում էր տվյալ շրջանի բնակչության էթնիկական ինքնատիպությունները, այն ձևավորվում էր ելնելով այդ տարածաշրջանի կլիմայական պայմաններից, ինչպես նաև իր մեջ կրում էր որոշակի ավանդույթներ՝ զգեստի ամեն հատված, գույն, կտորի տեսակ, գլխաշորի օգտագործման եղանակ, զարդեր ունեին իրենց նշանակությունը,իսկ դրանց սխալ կիրառումը հակասում էր տվյալ տարածաշրջանում ձևավորված օրենքներին: The collection of Aram Nikolyan Urfa, The Reborn value011

Այս պարագայում` ցուցադրության ընթացքում ներկայացված բոլոր տարազները համադրված էին բարձրակրունկ կոշիկների հետ, ինչը այդ դեպքում ‹‹սյուռ›› էր, քանի որ այդ զգեստները ժամանակին հայուհիները կրում էին հատուկ կարված կոշիկների հետ, որոնք նույնպես զարդարվում էին սքանչելի ասեղնագործությամբ:

Այնուամենայնիվ, ցուցադրության ընդհանուր կոնցեպցիան հաջող էր մտածված, քանի որ ավանդական տարազը իր տեղը զիջեց Արամ Նիկոլյանի կողմից ստեղծված զգեստներին, այդպիսով ավելի հեշտացնելով ընկալումը: Առաջին իսկ պահից հասկանալի էր, որ դիզայները զգուշորեն է աշխատել հավաքածուի վրա, պահպանելով ավանդական տարազի ընդհանուր սիլուետները, գունային գամման, իսկ առավել շեշտադրված՝ զարդանախշերը: Դիզայները, վերցնելով առանձին տարրեր մի մշակութային  միջավայրից, փորձել է դրանք դնել մեկ այլ միջավայրում, որը շատ է տարբերվում նախորդից, ինչի հետևանքով դրանք ձեռք են բերել նոր իմաստ:

The collection of Aram Nikolyan Urfa, The Reborn value023Այս դեպքում բարձրակրունկ կոշիկները  բավականին համահունչ էին, իսկ նույն մեթոդով ստեղծված առանձին աքսեսուարները՝ Սիրուշոյի ‹‹Պռեգոմեշ›› արծաթյա զարդերը, լրացնում էին մոդելների կերպարը, փորձելով տալ էթնիկական ծագման ինֆորմացիա և ստեղծել նոր ուղղություն հայկական նորաձևության ասպարեզում: Առանձնակի ուշադրություն են գրավում հավաքածուում ընդգրկված պայուսակները, որոնց վրա նույնպես ասեղնագործված են ավանդական զարդանախշեր: Այդ պայուսակները հիշեցնում են այժմ Ռուսաստանում ստեղծագործող դիզայներ` Ալեքսանդր Արությունովի  հավաքածուն, որոնք արված են ռուսական ազգային տարազի ասեղնագործ զարդերի մոտիվներով: Մեր ժամանակներում, առհասարակ շատ են հանդիպում հավաքածուներ, որտեղ օգտագործված են այս կամ այն ժողովրդի ազգային տարազի մոտիվները, որոնք երբեմն չափազանցված  են , ոչ ճիշտ օգտագործված կամ պարզապես անտեղի են: Աշխատելով ավանդականի, ազգայինի հետ, հարկավոր է կարողանալ չանցնել այն փոքրիկ անտեսանելի սահմանը, որը կարող է այդ ազգայինը աղավաղել և հասցնել անճաշակության ու անիմաստության, չէ՞ որ ազգային տարազը իր գոյությամբ մի հսկայական գաղափար է և խորհրդաբանական համակարգ:

Պետք է զգոն լինել, ազգային տարազին վերաբերվել որպես արվեստի գործի, որը պետք է լինի միայն բարձր նորաձևության շրջանակներում, իսկ նրա առանձին տարրերի՝ զարդերի, ասեղնագործ զարդամոտիվների և ժամանակակից նորաձևության տենդենցների հանդիպումը հնարավորինս համահունչ դարձնել: Այս տեսանկյունից Արամ Նիկոլյանի այս փորձը կարելի է համարել հաջողված, հաշվի առնելով, որ ցուցադրության կոնցեպտի մեջ էր մտնում նաև Պատմության թանգարանի նախամուտքը և ամբողջ ցուցադրությանը ուղեկցող ազգային երաժշտությունը:

Լուսանկարները՝  Հասմիկ Բարխուդարյանի



3 մեկնաբանություն
  1. ishkanian

    10 Հունիս 2015 06:29

    երբ մեր սահմանները ընդլայնվել են, մենք կարող ենք ճամփորդել, ուսումնասիրել աշխարհը, հիանալ օտար մշակույթներով, մի պահ մոռանալ մերը կամ նույնիսկ թերահավատորեն մոտենալ մեր ունեցածին, համեմատելով այն համաշխարհայինի հետ: Այսօր, սակայն, մեր հասարակությունը լիուլի ճանաչելով այդ համաշխարհային հզոր մշակույթներից, եկել է այն եզրահանգմանը, որ ինքնությունը պահպանելու համար պետք է արմատներից սնվել, առաջին հերթին ճանաչել ինքդ քեզ:

    Պատասխանել
  2. Անի

    11 Հունվար 2016 02:48

    Հարգելի հեղինակ, նյութում ընդգրկված հիմնական լուսանկարներում Արամ Նիկոլյանի հավաքածուն չէ, այլ ներկայացված են Տերյան մշակութային կենտրոնի վարպետների կողմից վերականգնված հայկական ավանդական հագուստի նմուշները: Նշված օրը միջոցառման միայն երկրորդ մասում են ներկայացվել Արամ Նիկոլյանի հեղինակած հագուստները: Տերյան կենտրոնի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել այստեղ՝ https://web.facebook.com/Teryan.cultural.centre/

    Պատասխանել
    • Հեղինե Խաչատրյան

      Հեղինե Խաչատրյան

      12 Հունվար 2016 16:56

      Բարև Ձեզ: Մենք տեղյակ ենք, հոդվածը ուղղված է Արամ Նիկոլյանի հավաքածուին: Տերյան մշակութային կենտրոնին առանձնահատուկ շնորհակալություն հայ ազգային տարազի պահպանման համար:

      Պատասխանել

Պատասխանել Հեղինե Խաչատրյան-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով