+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

«Անտեսված իրականը» կամ՝ «Արթմնի երազներ»


Հոդվածը հրապարակվում է Արվեստագրի եւ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (ԱԻԿԱ Հայաստան) Քննադատական Հանդեսի համագործակցության շրջանակներում։
Հեղինակ՝ Նարե Զաիմցյան,
Արվեստաբան

«Ես ցանկացա ցույց տալ անցած ճանապարհը, որպեսզի կառուցվի նորը… Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը հետագա հետազոտությունների սկիզբ կդնի, քանի որ այն առաջ է քաշում նոր հարցեր, որոնք դեռ պետք է ստանան իրենց պատասխանները: Եվ դրանք կարող են լրացնել ա՛յն բացթողումները , որոնք պատմական պայմանների հետևանքով եղել են անտեսված…»

Ս. Կալենց


Արվեստի ստեղծագործությունները պատահականորեն չեն ստեղծվում՝ դրանք արվեստագետի ներքին մղման, և մշտարթուն պայքարի ծնունդ են… Պայմանավորված ժամանակի թելադրանքով՝ արվեստում ասելիքներն ու նպատակներն միշտ տարբեր են եղել, տարբեր են եղել նաև արտահայտչաձևերը, և հենց դրանով է պայմանավորված՝ ամենատարբեր ուղղությունների և իզմերի ի հայտ գալը: 20-րդ դարում ծնունդ առած և մինչ օրս իրեն չսպառող արվեստի այդպիսի մի ուղղություն է նաև սյուրռեալիզմը:

Սյուրռեալիզմը  ծագել է ֆրանսերեն  «surrealite» բառից, որը  նշանակաում է ավելի քան իրական՝  «գերիրականություն»:  Այն սկզբնական շրջանում իր արտահայտումն է գտել  գրականության մեջ: Այս անվանումն առաջին անգամ հանդիպում է 1917 թվականին, ֆրանսիացի գրող Գիյոմ Ապոլլիների մոտ՝ նրա   ստեղծագործություններից մեկի առաջաբանում: Սակայն սյուրռեալիստական էսթետիկայի հիմնավորված բնորոշումը տվել են ֆրանսաբնակ գրող՝ Անդրե Բրետոնը և գերմանացի նկարիչ՝ Մակս Էրնստը,  ովքեր   դեռ  1920-ականներին աչքի էին ընկնում դադաիստների շարքերում: 1919 թվականին Անդրե Բրետոնը՝ ով ուսումնասիրում էր մարդկային քնի և երազների մեխանիկան, բացահայտում է նրա շեմին ոգեշնչվելու էությունը: Քյոլնում բնակվող Մակս Էրնստը, ևս ուներ աշխարհընկալաման այսպիսի մոտեցում: Շուտով նրանք բնորոշում են սյուրեալիստական այս  փորձն  որպես ինքնակենտրոնացման և արտաքին աշխարհից առանձնանալու մի ձև:

Դադաիստական շարժման, նրանց  խմբի անկումից հետո բոլոր դադաիստական ամսագրերը փոխրինվում են  սյուրռեալիստական՝ «La Revolution surrealiste» («Սյուրռեալիստական հեղափոխություն») անվամբ: Ամսագրի առաջին համարը թողարկվում է  1924 թվականի դեկտեմբերի 1-ին, այս նույն թվականին էլ հենց հրատարակվում է «Սյուրռեալիզմի առաջին հռչակագիրը» (մանիֆեստը):  Սա էլ դառնում է նոր ուղղության ձևավորման և հետագա զարգացման սկիզբը: Գրականության ասպարեզում սկզբնավորված այս ուղղությունը, շուտով մուտք է գործում գեղանկարչության, քանդակագործության մեջ, ինչպես նաև իր ուրույն տեղն է գրավում՝  թատրոնում և կինոյում:

antesvac-irakan-003Սյուրռեալիզմը իր ձևավորման արդեն իսկ սկզբնական շրջանում, փորձում էր  ջնջել  բոլոր սահմանները՝ գիտակցականի և անգիտակցականի, երազայինի և իրականի միջև: Այս նոր ուղղությունը կարելի է ասել ուղղակի հեղափոխեց գիտակցականն ու երևակայականը: Սյուրռեալիստներն յուրովի կերպով էին դիտարկում գրականությունն ու կերպարվեստը՝ այն համարելով իրենց շրջապատող առարկայական աշխարհն և իրերը   պատկերելու,  արտահայտելու  միջոց: Սյուրռեալիստական էսթետիկական իրենից ներկայացնում էր բավականին հագեցած իդեալիստական, փիլիսոփայական աշխատությունների վրա հիմնված՝ մի ամբողջականություն:

Ծագելով արտաքին աշխարհի և մարդկային ներքնաշխարհի ուղիղ մեջտեղում՝ արվեստի այս ուղղությունը կարելի է ասել՝ հեղափոխական եղավ 20-րդ դարի արվեստի զարգացման գործընթացում,  իր տարածաշրջանային առումով ընդգրկելով եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև երկրորդ խոշոր զարգագումն ապրելով ԱՄՆ-ում, արվեստի այս իզմը իր դրսևորումները գտավ  նաև հայ հեղինակների արվեստում: Սյուրռեալիստական շարժումն իր  շուրջը համախմբեց ոչ միայն եվրոպացի արվեստագետների,  այլ նաև՝ այդ տարիներին եվրոպայում ապրող և ստեղծագործող, մի շարք հայազգի արվեստագետների, որոնց  թվում յուրովի կերպով առանձնանում են՝ Ե. Քոչարը,  Լ. Թութունջյանը:

Նշյալ արվեստագետնեը, ովքեր հայ արվեստում հանդես եկան նոր ասելիքով, առաջ բերեցին նոր արտահայտչաձևեր՝ ոգեշնչելով և օրինակ հանդիսանալով մի շարք հայ կերպարվեստագետների համար:

Մեծ վարպետների փորձն ու ձեռքբերումները պարարտ հող հանդիսացան արվեստի այս ուղղության արդիականացման և տեղայնացման, ինչպես նաև նրա հետագա զարգացման գործում: Արվեստի  այս ուղղության տեղայնացմանն ու խթանմանը նպաստեցին նաև Հայաստանի մի շարք թանգարաններում վերջին ժամանակներս կազմակերպված արտասահմանյան և հայազգի հեղինակ-ստեղծագործողների սյուրռեալիստական ստեղծագործությունների ցուցադրությունները, ինչպես նաև  2016 թվականի հուլիսի 8-ին Հ. Կալենց թանգարանում գեղանկարիչ Ս. Կալենցի, նրա կնոջ՝ Լ. Կատասանովայի ինչպես նաև նրանց գաղափարակից մի խումբ հայազգի հեղինակների ջանքերով բացված՝ «Անտեսված իրականը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին շուրջ 30 հայազգի արվեստագետների՝ սյուրռեալիստական շնչով հագեցած ստեղծագործությունները:

antesvac-irakan-002

Այստեղ՝ Հ. Կալենց թանգարանում, մի հարկի տակ էին համախմբվել և՛ սյուրռեալիզմին հարող արվեստագետներ, և՛ ամենևին էլ իրենց սյուրռելաիստների շարքին չդասող հեղինակներ, որոնց աշխատանքները, սակայն բավականին մոտ էին սյուրռեալիստական էսթետիկային և ունեին այլաբանական կոմպոզիցիոն լուծումներ,  ներկայացված էին նաև սիմվոլիստներ ում ստեղծագործությունները ևս հարում էին սյուրռեալիզմի շեմը, սակայն ակնհայտ էր մեկ բան՝ նրանց բոլորին էլ համախմբել էր մեկ ընդհանուր գաղափարախոսություն՝ «Անտեսված իրականը»՝ սա մի ժամանակահատված էր լի որոնումներով, փորձարարական մտահաղացումներով, ասելիքներով սակայն որը անտեսված էր, և երկար լռությունից հետո անշուշտ կարիք էր զգում՝ ներկայցման և լուսաբանման:

Բավականին հետաքրքիր էր նաև հենց էքսպոզիցիան ՝ որտեղ ևս, համահեղինակները դիմել էին չկրկվող և կարելի է ասել «սյուրռեալիստական» լուծումների՝ ուր միևնույն հեղինակի աշխատանքները ցուցադրված չէին կողք կողքի, այլ լայն ցուցասրահներում ներկայացված էին ասիմետրիկ դասավորվածությամբ, ինչը՝ թույլ էր տալիս կենտրոնանալ ոչ միայն հեղինակի և վերնագրերի, այլ ստեղծագործության բուն էության և ասելիքի վրա՝ յուրաքանչյուր աշխատանքում փնտրելով և գտնելով սեփական պատասխանները:

Ցուցադրությանը ներկայացված էին՝ Ե. Քոչարի, Վ. Արամյանի, Ս. Կալենցի, Կ. Առաքելի, Ա. Հայթայանի, Է. Իսաբեկյանի, Կ. Աղամյանի, Ն. Արամյանի, Ա. Արևշատյանի, Դ. Կարեյանի, Է. Կարսյանի, Կ. Գյանջյանի, Է. Պետրոսյանի, Ա. Մանուկյանի, Լ. Ավագյանի և այլ հեղինակների շուրջ 140 ստեղծագործություն: Ներկյացված էին՝ գեղանկարչական ստեղծագործություններ, գրաֆիկաներ,  քանդակներ ինչպես նաև ռեդի-մեյդ աշխատանքներ:

Մինչ ցուցադրության ավարտը էքսպոզիցիային զուգահեռ կազմակերպվեցին նաև հետաքրքիր հանդիպումներ, ցուցադրվեցին ֆիլմեր և զանաազան այլ միջոցառումներ: Ներկայացվեցին նաև HA-SS fest «Լսել արվեստը, Տեսնել ձայնը»  ժամանակակաից արվեստի և երաժշտության ամենամյա փառատոնի մասնակիցներից մի քանիսը, ովքեր ցուցադրությունից ոգեշնչված՝ ներկայացրեցին իրենց եռաժշտական ստեղծագործությունները և հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց տպավորություններով և փորձով:

Ամփոփելով ամենը հավելենք միայն, որ այս ցուցադրությունը իր բնույթով  բացառիկ էր և անչափ սպասված ո’չ միայն իրենց` հեղինակների և արվեստի ուսումնասիրությամբ զբաղվողների համար, այլ նաև արվեստասեր հանրության՝ մարդանց ովքեր ուղղակի սիրում  և ընդունում են արվեստն իր բոլոր դրսևորումներով՝  այնպիսին ինչպիսին որ այն կա…


Նարե  Զաիմցյան

նկարչուհի-արվեստաբան


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով