Երևանի երիտասարդ արվեստագետների շարքում ապրում ու ստեղծագործում է շնորհալի նկարչուհի Արևիկ Առաքելյանը: Նա Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի շրջանավարտներից է, ընտրել է Դեկորատիվ Կիրառական արվեստ մասնագիտությունը: Արևիկը աշխատում է տարբեր նյութերով ու տեխնիկաներով: Հեղինակ է մի շարք գեղանկարների, գրաֆիկական նկարների, խեցեգործական աշխատանքների, քանդակների, ինչպես նաև ինստալացիաների: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, տարբեր ցուցասրահներում ներկայանալով տարբեր աշխատանքներով` սկսած 2011-ից:
Արևիկի ստեղծագործությունների գունային գամման հիմնականում կազմված է տաք գույներից: Վառ, պայծառ գույներով, գունային նուրբ անցումներով հագեցած այդ աշխատանքներից ճառագում է լույս: Գունեղ, լուսավոր այդ աշխատանքները տոգորված են լավատեսական տրամադրություններով, որն էլ, անմիջապես փոխանցվում է դիտողին: Սրանք են նրա գործերին բնորոշ գծերը: Այդ գործերը լի են կյանքով: Այդպիսին է նաև ինքը` ստեղծագործությունների հեղինակը և նրա խառնվածքն էլ համապատասխանում է այդ ստեղծագործությունների ներքին բնույթին:
Տարբեր գույների, դրանց տոների, երանգների համադրությամբ Արևիկը պատկերում է ներքին տրամադրություն: Խորը մտքեր կան նրա աշխատանքներում: Հիմնականում խաղաղ տրամադրությամբ են տոգորված նրա գործերը: Արևիկի կտավներում ներկայացված են խառը, տարբեր պատկերներ, զանազան առարկաներ, որոնք մանրացված են: Այդ կտավներում հանդիպում են մարդկային դիմագծեր, մարդկային ֆիգուրներ, տարբեր սիմվոլներ, դեկորներ, նշաններ, ծաղիկներ, աստիճան, ձկներ, թռչուններ, բանալի… Կտավներում պատկերները երբեմն մասնատված են, բայց դա չի խանգարում նկարի ամբողջական ընկալմանը: Նրա կտավներն աբստրակտ ստեղծագործություններ են: Հետաքրքիր են դրանց վերնագրերը` «Բաց դուռ», «Ժամանակ», «Անկում», «Զրույց», «4 փուլ», «Նոր շրջան», «Անցում»: Մի հետաքրքիր հանգամանք ևս նշեմ. այդ աշխատանքները նայելիս, մի տեսակ զգացվում է, որ դրանց ստեղծողը կին արվեստագետ է:
Ավելի լավ հասկանալու, ընկալելու համար Արևիկ Առաքելյանի արվեստը, մի փոքր զրուցեցի նրա հետ, ուղղեցի հարցեր` նրա ստեղծագործությանը բնորոշ գծերն ավելի լավ բացահայտելու համար:
-Ուսումնասիրելով քո կտավները, կարծում եմ, որ դրանք պետք է դիտարկել որպես աբստրակտ արվեստի ստեղծագործություն: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ընտրեցիր հենց վերացական արվեստի ուղղությամբ ընթանալու ուղին:
-Այո, միանշանակ դրանք աբստրակտ աշխատանքներ են: Ինձ շատ հոգեհարազատ է այդ ոճը: Չեմ փորձում անել այն, ինչ դուր կգա դիմացինին, այլ անում են այն, ինչ գալիս է իմ ներսից: Ռեալիստական նկարչության մեջ, կարծում եմ, այլևս չես կարող նոր խոսք ասել: Իսկ ես փորձում եմ իմ մտքերը փոքր-ինչ նորովի մատուցել, նոր խոսք ասել:
-Ո՞ր տարիքից ես սկսել ստեղծագործել: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր հենց արվեստագետի մասնագիտությունը:
-Դեռ դպրոցական տարիքից` սկսած 4-5-րդ դասարանից հստակ որոշել էի, որ ես պետք է նկարչուհի դառնամ: Երբևէ չեմ էլ փորձել մտածել` ընտրելու օրինակ բժշկի կամ իրավաբանի մասնագիտություն: Արվեստագետ դառնալու որոշումս միշտ կայուն է եղել: Բայց դպրոցական տարիքում ոչ մի նկարչական խմբակ չեմ հաճախել: Ինքնուրույն էի նկարում: Կրկնօրինակում էի գրքերի իլյուստրացիաները, նկարում հեքիաթների հերոսներին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Գեղարվեստի Ակադեմիայի նախապատրաստական խումբ և այդպես…:
-Հայ կամ համաշխարհային արվեստագետներից ումի՞ց ես որևէ ազդեցություն կրել: Ու՞մ արվեստն է, կամ ո՞ր շրջանի արվեստն է քեզ առավել հոգեհարազատ:
-Կար շրջան, երբ ներշնչվեցի Հակոբ Հակոբյանի` տարբեր գործիքների միջոցով ստեղծված քանդակներից: Մինասի գույները նույնպես չէին կարող ինձ անտարբեր թողնել, Պաբլո Պիկասոն… Բայց առհասարակ փորձում եմ լինել անկախ որևէ ազդեցությունից, միշտ անհատական լինել, ոչ ոքի ոճով չտարվել: Ներշնչանքը լավ բան է, բայց ես ներշնչվում եմ այլ կերպ. երբ կողքից տեսնում եմ, որ արվեստագետը նկարում է, աշխատում է, դա արդեն ինձ ներշնչում է, բայց ներշնչում է արվեստագետի աշխատելու գործընթացը, ոչ թե նրա աշխատելու ձևը, մաներան:
-Քո արվեստում հաճախ ես անդրադառնում ձկան կերպարին: Նկարում, քանդակում ես ձկներ: Ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչ է այն խորհրդանշում քե՛զ համար:
-Վաղուց եմ նկարում և քանդակում ձկներ: Նկարելու ընթացքում այնպես էր երբեմն ստացվում, որ ինչ դետալ անում էի, վերջում ստացվում էր ձուկ: Ինձ միշտ էլ հետաքրքրել է ձկան խորհուրդը: Հետագայում, ավելի խորը ուսումնասիրելով ձկան խորհուրդը, այն ավելի հոգեհարազատ դարձավ ինձ` որպես քրիստոնեության խորհրդանիշ:
-Մի փոքր խոսի՛ր քո ինստալացիաների մասին:
-Մեծ սիրով… Ինձ համար դա ուրիշ աշխարհ է: Այն մտքի ազատություն, առհասարակ ամեն տեսակի ազատություն է տալիս: Շատ հետաքրքիր է ազատ տարածության մեջ աշխատելը: Տարբեր արձագանքներից հասկացել եմ, որ այն ինչ արել եմ այս ոլորտում, ինձ մոտ լավ է ստացվել, ինձ հաջողվել է իմ գաղափարը հաղորդել ինստալացիայի տեսքով: Կարծում եմ, որ Հայաստանում ժամանակակից արվեստի այս հետաքրքիր ճյուղն արդեն զարգանում է, այն նոր թեմաների աղբյուր է: Հատկապես հաջողված էր իմ մի ինստալացիա, որը ներկայացրել էի ՆՓԱԿ-ում` 2016 թ. ապրիլին կազմակերպված «Այսօր / to Day 2016» ցուցահանդեսին: Այն իրենից ներկայացնում էր առաստաղից կախված հսկա ձուկ, որը պատրաստված էր շշերից և հատուկ գունանյութերի շնորհիվ ձկնկիթի տպավորություն ստեղծող ջրով:
-Ի՞նչն է քեզ ոգեշնչում որպես արվեստագետի:
-Ինձ ոգեշնչում են տարբեր բաներ` ընկերների հետ շփումը, փողոցում քայլող անծանոթը, որևէ մեկի խոսքը, խորհուրդը: Այդ ոգեշնչումները գալիս են կենցաղից: Ստեղծագործողը պետք է ամեն վայրկյան ոգեշնչվի:
-Գիտեմ, որ «Երանգ Արտ- ստուդիո» մանկական զարգացման կենտրոնում դասավանդում ես խեցեգործություն: Որքանո՞վ է հեշտ երեխաների հետ աշխատելը և քո հմտությունները նրանց փոխանցելը:
-Արդեն 5 տարի է, ինչ աշխատում եմ երեխաների հետ: Սկզբում դա այնքան էլ հեշտ չէր: Պետք է հասկանաս այդ տարիքի երեխաների հոգեբանությունը: Պետք է հստակ իմանաս նրանց բոլոր հարցերի պատասխանները, թերրի պատասխան չպիտի տաս: Ինֆորմացիան, որ փոխանցվում է նրանց, պետք է հավաստի, մաքուր լինի, քանի որ այդ տարիքում երեխաները, հատկապես իրենց առաջին ուսուցիչների ասածներն ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն:
-Գիտեմ, որ վերջին շրջանում, ավելի կոնկրետ 2016-2017 թթ. ես սկսել ավելի շատ կատարել գեղանկարներ: I մասնագիտությամբ խեցեգործ ես: Ի՞նչը խթան հանդիսացավ, որ զբաղվես գեղանկարչությամբ, աշխատես նաև կտավի վրա: Կա՞ն ներքին ազդակներ:
-Թե՛ խեցեգործությունը, թե՛ գեղանկարչությունը ինձ շատ հոգեհարազատ են: Բայց այժմ շատ չեմ զբաղվում խեցեգործությամբ, քանի որ կիրառական արվեստի այս ճյուղը թելադրում է իր պայմանները: Այդ առումով գեղանկարչությունն ավելի հեշտ է: Գեղանկարչությամբ զբաղվելու համար կարող ես տանը գտնել մի փոքր անկյուն, նստել և նկարել, իսկ խեցեգործության համար պայմաններ են պետք: Այժմ փորձում եմ ասելիքս կտավին հանձնել, հետագայում, պայմանների առկայության դեպքում կշարունակեմ նաև զբաղվել խեցեգործությամբ:
-Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած այսօրվա արվեստագետը: Օրինակ` դու չունես արվեստանոց: Դրա բացակայությունը որքանո՞վ է խանգարում ստեղծագործելուն:
-Ինձ համար դա խնդիր չի կարող լինել: Դա մարդու տեսակից է կախված: Կա մարդ, որին իդեալական պայմաններ են պետք նկարելու համար: Ես էությամբ հարմարվող եմ: Եթե կա ցանկություն նկարելու` ինքդ կարող ես պայմաններ ստեղծել: Իսկ արվեստանոց չունենալս խոչընդոտում է իմ` միայն խեցեգործությամբ զբաղվելուն, բայց ոչ գեղանկարչությամբ: Խնդիրները, որոնց առաջ Հայաստանում այսօր կանգնած է արվեստով զբաղվող մարդը, շատ են: Օրինակ` դժվար է մասնագիտությամբ աշխատելը: Գոնե պետք է կարողանաս մասնագիտությանը մոտ աշխատանք գտնել, չհեռանալ արվեստից: Շատերը պայմաններ չունենալու պատճառով չեն նկարում, բայց դա սխալ է. չպետք է հրաժարվես ստեղծագործելուց, քանի որ տարիներ անց ետ կնայես և կտեսնես, որ ժամանակն իզուր վատնել ես և գործեր չունես կուտակած:
-Ինչպե՞ս կգնահատես մեր երկրում ժամանակակից արվեստի ներկայիս դաշտը:
-Տարիներ առաջ հասարակության շրջանում ժամանակակից արվեստը չընկալողների թիվն ավելի շատ էր: Երբ օրինակ ներկայանում էի ինստալացիաներով, շատերը ոչինչ չէին հասկանում: Արձագանքն այժմ փոքր-ինչ փոխվել է: Վիճակն էլ նախկինում ավելի պասսիվ էր: Վատն այն է, որ շատերը մտքով անցած ամեն բան, անհասկանալի ինչ-որ գործեր, որոնք ոչինչ չեն ասում, ներկայացնում են որպես ժամանակակից արվեստ և դրա պատճառով արվեստից չհասկացող մարդիկ ժամանակակից արվեստ արտահայտությունը լսելով, ադեն բացասական վերաբերմունք են ցուցաբերում: Ժամանակակից արվեստը զարգացնելու համար պետք է մի շարք քայլեր արվեն. հաճախակի կազմակերպվեն խմբակակային և անհատական ցուցահանդեսներ և այլն:
-Վերջում կցանկանամ, որ մի փոքր խոսես քո առաջիկա ծրագրերի մասին:
-Այն, ինչ կուտակել եմ տարիների ընթացքում, առաջիկայում նախատեսել եմ ներկայացնել 2 անհատական ցուցահանդեսով: 1-ին ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեմ կտավներս, իսկ 2-րդի ժամանակ` օրգանական ապակու վրա, խառը տեխնիկայով արված, խճանկար հիշեցնող գործերս:
Թողնել մեկնաբանություն