+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Արամ և Արտաշես Վրույրների լուսանկարչական վաստակը


Մեր ազգային մշակույթի դարավոր պատմությունը հարուստ է ինքնատիպ անհատականություններով, որոնք իրենց նվիրվածությամբ և ներդրած մեծ ավանդով հարստացրեցինայդ նույն պատմությունը տարբեր ժամանակահատվածներում: Այդ  երախտավորների շարքում իրենց տեղն ունեն հայր և որդի Արամ և Արտաշես Վրույրները, ովքեր  աննկարագրելի ներդրում ունեն հնագիտության և հատկապես  այդ ուղության լուսանկարչական արվեստի զարգացման գործում:

Aram-Vruyr-1

Արամ Վրույր (1863-1924)

Հայ բեմի նշանավոր կատակերգակ Արամ Վրույրը (Մաքաշյան Արամ 1863-1924) ավելի քան քառասունամյա դերասանական գործունեություն է ծավալել, որը համատեղել է հնագիտության, լուսանկարչական արվեստի ու լրագրային գործերի հետ, ինչպես նաև գրականության և թատերագրության հետ, որոնցով ամբողջանում է  նրա բազմաբեղուն նկարագիրը:

Իր hնագիտական գործունեության շարժառիթների մասին հնագետն ասել է. «… Արժե սովորել այն ամենը, ինչը մեզ մոտեցնում է անցյալին, հնարավորություն տալիս վերակենդանացնել այն, բացահայտել պատմության կենդանացած անձանց  հոգու խորքը: … Որպեսզի մեր այդ աշխատանքը գիտակցաբար ու արժանավոր կերպով կատարվի, պետք է որ մենք գիտենանք, թե իսկապես ինչի շարունակողը մենք պետք է լինենք» [1, էջ 8]:

Արամ Վրույրը անդրադարձել է հայ լուսանկարչական արվեստի ուրույն ճյուղերից մեկին՝ պատմական հուշարձանների լուսագրմանը, ինչը սերտորեն առնչվում է այդ բնագավառի հիմնադիր Հովհաննես Քյուրքճյանի անվան հետ, ով հանրության սեփականությունը դարձրեց հայ ժողովրդի հնադարյան ու միջնադարյան ճարտարապետական ինքնատիպ արվեստի բեկորների բազմաքանակլուսանկարչական պատճենները: Ցավոք, նրա հայրենական գործունեության մասին մեզ հասած վավերագրերը կցկտուր են, բայց նա ունի իր գործի արժանի շարունակողը՝ ի դեմս Արամ Վրույրի: Պատանեկան տարիներին  դեպքերի բերումով Արամ Վրույրը մեկ կամ մեկուկես տարի աշակերտել է լուսանկարիչ- արվեստագետ Հովհաննես Քյուրքճյանին, ով վճռորոշ նշանակություն է ունեցել նրա հետագա ամբողջ գործունեության համար, հատկապես հնագիտության ասպարեզում՝ սերմանելով նրա մեջ ինչպես մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, այնպես էլ հայրենասիրական վերաբերմունք հարազատ ժողովրդի, նրա դարեր ի վեր պահպանած ավանդույթների, ստեղծած հրաշագեղ կոթողների պահպանության հարցում:

Aram-Vruyr-Ani-11

Տեսարան Անիից (Արամ Վրույր)

Հնագիտության բնագավառաում  պատմական հուշարձանների վավերագրմանառավել բեղուն գործունեությունը Արամ Վրույրը սկսեց 1892թ.-ից: Այդ գործունեությունը նոր իմաստ ու բովանդակություն ստացավ,երբ նա Անիում հանդիպեց գիտնական Նիկողայոս Մառին, ով այդ տարվանից սկսեց իր պեղումները Բագրատունյաց մայրաքաղաքում:  Շուրջ երկու տասնամյակ գործընկեր լինելով Նիկողայոս Մառին՝ Արամ Վրույրը լուսագրում է հարյուրավոր տեսարաններ: Ամառը գործում էին Մառի հետ միասին Անիում, իսկ մյուս ամիսներին նամակների միջոցով որոշում գալիք անելիքները, նախապատրաստական աշխատանքերը, միաժամանակ Արամ Վրույրը տեղյակ էր պահում նրան իր բացակայության ընթացքում կատարած գործերի մասին: Հետաքրքիր է, որ դեռ երկար տարիներ 9 մետր հողի տակ մնացած Գագկաշեն եկեղեցու իրական տեղը բազմաթիվ քննարկումերի էր ենթարկվել, սակայն հստակ տեղը իմանալու մենաշնորհը Արամ Վրույրինն էր.նա առաջինը մատնացույց է անում Ծաղկոցաձորի այն բլուրը, ուր պետք է գտնվեին Ներսեսի կառուցած տաճարի պատճենի մնացորդները [1, էջ 35]:

Ani-2

Տեսարան Անիից (Արամ Վրույր)

Արամ Վրույրը հուշարձանների լուսագրմանը զուգընթաց հանդես է եկել նաև հնագիտությանը նվիրված բազմաթիվ հոդվածներով և ուսումնասիրություններով: Անիի պեղումների ժամանակստեղծել է Անիի հուշարձանների ժողովածու, որին զուգընթաց նպատակ է ունեցել գրելու Բագրատունյաց մայրաքաղաքի պատմությունը: Ձեռագիր որոշ էջեր պահպանվել են, սակայն աշխատությունն անավարտ է և չի հրատարակվել[1, էջ 29]: Ունի դասախոսություններ Անի քաղաքի անցյալի և ներկայի վերաբերյալ, որոնց մասին տեղեկություններ պահպանվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Արամ Վրույրի արխիվում:

Old-Jugha-13

Հին Ջուղա

1915թ. Անիի պեղումների ավարտից հետո Նիկողայոս Մառի հանձնարարությամբ Արամ Վրույրը  մեկնում է Հին Ջուղա: Հին Ջուղայում նա մեկ առ մեկ զննում է  տեղական ինքնատիպ արվեստի կնիքը խաչքարերը, որոնց վրա դրոշմված էին ուշագրավ ու հետաքրքրաշարժ պատկերներ և արձանագրություններ: Կատարում   Հին Ջուղայի գերեզմանատան 115 խաչքարերի լուսագրում:Իմի բերելով լսած զրույցներն ու ավանդույթները, թղթին  է հանձնում ՀԻն Ջուղային, նրա անցյալին ու ներկային նվիրված ամփոփ՝ «Ջուղա» խորագրով հնագիտական ուսումնասիրությունը, որը տպագրվեց մեր օրերում՝  «Պատմաբանասիրական հանդեսի»-ի 1967թ. թ.4 համարում (էջ 170-180)[1, էջ 41]:

Ջուղա քաղաքի գերեզմանոցի խաչքարերի անտառը, երեք բլուրների վրա, այսօր այլևս գոյություն չունի: Արամ Վրույրի միլուսանկարում պատկերված է երկրորդ բլուրի տեսքը: Հեռվում երևում է Արաքս գետը և նրան զուգահեռ ձգվող Ալեքսանդրապոլ- Ջուլֆա գնացքի գիծը: Խաչքարերի՝ պատմական այս հոյակապ հուշարձանախումբը ադրբեջանցի բարբարոսներն աշխարհի  աչքի առաջ ոչնչացրեցին 21դ.-ում: Նրանք այսօր մնում են սոսկ մի քանի հարյուր լուսանկարներով, որոնից մեծ մասի վաստակը Արամ Վրույրինն է:

Լուսանկարիչը լուսագրել է նաև Զվարթնոցի, Թալինի, Գուգարքի, Արարատի, Շիրակի, Սյունիքի, Գողարքունիքի, Աղվանքի, Կարսի և Հայաստան աշխարհի այլ հատվածների բազմաքանակ հուշարձաններ:

Aram-Vruyr-Old-Jugha-12

Հին Ջուղա

Aram-Vruyr-Old-Jugha-8

Հին Ջուղա, Արամ Վրույր


1917թ.  Անիիպեղումների վերջին՝ 16-րդ գիտարշավին Արամ Վրույրին փոխարինելու է գալիս որդին՝ Արտաշես Վրույրը (1897-1987): Նրահետաքրքրությունը հնագիտական լուսանկարչության նկատմամբ ծնվել է մանուկ հասակից, սակայն այդ բնագավառում գործնական մասնակցություն սկսել է ունենալ 1912թ. միայն, երբ Արամ Վրույրի հետ գալիս   է Անի, որպես կրտսեր գործընկեր: Մառի կողմից ստացված նրա առաջին առաջադրանքը եղել է լուսանկարել սուրբ Փրկիչ եկեղեցու մոտակայքում պեղված եկեղեցու դռան ճակատի արձանագրությունը:

Artashes-Vruyr-4

Արտաշես Վրույր (1897-1987)

Անիի պեղումների մասնակցության տարիների ընթացքում Արտաշես Վրույրը աշխատում է Նիկողայոս Բունիաթյանի, Թորոս Թորամանյանի հետ: Վերջինս զուգընթաց նրան բացատրում էր լուսանկարչական կարևոր մանրամասներ, ինչպես օրինակ՝ լույսերի և լուսանկարվելիք հուշարձանների կետերի ընտրությունը,  ճարտարապետական կառուցվածքների մասերի ընդգրկման սահմանները լուսապատկերի վրա և այլն:Մառի հանձնարարությամբ լուսանկարում է Մայր տաճարի խարխլված հիմքերը, ապա Խոշավանքի՝ Հոռոմոսի արձանագրությունները: 1918թ. բոլոր ձեռագիր և տպագիր նյութերը, օրագրերը, լուսանկարները, նեգատիվները, գծագրերը, մի ամբողջ գնացքի վագոն՝ ուղարկված Թիֆլիսի պատմահնագիտական ինստիտուտին վերամշակվելու համար, անհետ կորչում է ճանապարհին [4, էջ 348]: Սա մեծ պատճառ է հանդիսանում, որ Անիի պեղումները վերջնականապես դադարեցվեն: Այս ցավալի դեպքից հետո ժամանակավորապես ընդհատվում է նաև Արտաշես Վրույրի հնագիտական գործունեությունը մինչև 1926թ, երբ Աշխարհբեկ Քալանթարի հրավերով ընդգրկվում է Սևանի գիտարշավի խմբում  որպես լուսանկարիչ:

1928-36թթ. Արտաշես Վրույրը ավագ եղբոր՝ Արայի հետ շրջում է Հայաստանի մի շարք վայրեր և կատարում լուսագրումներ՝ Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն: Գեղարդի մասին խոսելիս, ասում է. «Պահանջվեց շուրջ մեկուկես ժամվա էքսպոզիցիա, որպեսզի ժայռափոր եկեղեցիների ներքին տեսարանները տեսագրվեին լուսապակիների վրա: Երեք տարվա ընթացքում ՝ 1928-29-30, յուրաքանչյուրը երեք շաբաթական այցելությամբ ինձ հաջողվեց Գեղարդում լուսագրել թվով հինգ ժայռափոր կառուցվածքների ներքին տեսարաններ: Դրանցից երեքը ժայռափոր եկեղեցիներ էին, մեկը՝ միջանցք-տապանատուն և մեկն էլ միջանցք[1, էջ 49]»: Ի դեպ, Արա Վրույրը ևս զբաղվել է հուշարձանների լուսագրմամբ (Ավան, Պտղնի, Թալին, Սանահին, Եղվարդ, Նորավանք, Ախթալա, Գառնի), որոնց մեջ հատուկ և արժեքավոր տեղ են գրավում Հին Երևանի ժողովրդական բնակելի տների լավագույն նմուշների լուսանկարումը[1, էջ 57]:

Semitery-of-Old-Jugha-3

Հին Ջուղայի գերեզմանոց, երկրորդ բլուր

Old-Jugha-10

Հին ջուղա


Հետպատերազմյան տարիներին՝ սկսած 50-ական թթ. մինչև 1960-ականների վերջ Արտաշես Վրույրը հիմնականում գործում է հնագետ-պատմաբան Սեդրակ Բարխուդարյանի գլխավորած գիտարշավներում:Այդ շրջանի աշխատանքերին են պատկանում Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջանների շուրջ 427, Վայոց Ձորի թվով 813, Մարտունու, Կամոյի և Վարդենիսի շրջանների 1547 և Արցախից մեծաքանակ արձանագրությունների լուսագրումներ, որոնք տեղ են գտել Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 2-5-րդ պրակներում:

1970թ. հնագետ Գրիգոր Գրիգորյանի հետ մեկնել է Ղրիմ, լուսանկարել տեղի հայկական ճարտարապետական կոթողների մի ամբողջ շարք:

Արտաշես Վրույրի շուրջ վեց տասնամյակ կատարած բոլոր լուսագրումներից կան մեծ թվով չհրատարակված լուսանկարներ, որոնք պահվում են  տարբեր արխիվներում, Հայաստանի պատմության պետական թանգարանում, Գիտություների Ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտում  և այլն: Արտաշես Վրույրի հնագիտական գործունեության յուրօրինակ ամփոփագիր է հանդիսանում  «Անիում» խորագիրը կրող հուշագրությունը, որը բազմաթիվ արժեքավոր վավերագրեր է պարունակում Անի քաղաքի և նրա պատմությունը ստեղծած երախտավորների մասին: Այն լույս է տեսել 1964թ. և վերահրատարակվել 1979թ. որոշ հավելումներով: 1981թ.-ին Արտ. Վրույրը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության ենթակայության  «Էրեբունի» թանգարանին է հանձնել իր անձնական հարուստ արխիվը, որտեղ ամփոփված են Արտաշես Վրույրի, ինչպես նաև Արամ Վրույրի, Հովհաննես Քյուրքճյանի, Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի և այլոց լուսագրումների նեգատիվները:

Joshep-Orbeli-Amberd-14

Հովսեփ Օրբելին Ամբերդի պարիսպների մոտ

Interier-of-Geghart-5

Գեղարդի ներտարածք

Sedrak-Barkhudaryan-6

Սեդրակ Բարխուդարյան


Պատմական ճարտարապետական հուշարձանների լուսագրման սկզբունքները շատ են: Ամենակարևորը լուսագրված հուշարձանը մասնագետին «ընթեռնելի»  դարձնելն է, որի համար անչափ կաևորէ լույսի ու ստվերի ճշգրիտ ընտրությունը, որպեսզի լիովին արտահայտվեն հուշարձանի ձևը և ծավալը: Կարևոր է նաև դիտողականությունը ճշգրիտ դիրքը ընտրելու համար: Այս և շատ կարևոր այլ  սկզբունքներ իրենց աշխատանքում կիրառել են Արամ և  Արտաշես  Վրույրները:

Gagik-A-Bagratuni-7

Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանը

Նրանից պահպանված լուսագրումները գիտաճանաչողական մեծ արժեք ունեն. այդ լուսանկերները ոչ միայն հնարավորություն են տալիս հետազոտողին այսօր պատկերացում կազմել մեր սահմաններից դուրս գտնվող հայկական ճարտարապետական կոթողների դիրքի ու կառուցվածքային առանձնահատկությունների, նաև նյութական այլ արժեքների մասին, այլև դրանց մի զգալի մասը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով կործանված կամ նախնական տեսքը կորցրած կառույցների ներկայիս միակ վավերագրերն են:

Օրինակ՝Բագրատունյաց տոհմի Գագիկ Ա թագավորի արձանը, որի նույնիսկ հետքերը չկան: Միջնադարյան ազգային քանդակագործական արվեստի այս բացառիկ նմուշի մասին ևս գաղափար ենք կազմում ԱրամՎրույրի շնորհիվ:

Վրույր ընտանիքի այս երկու կարևոր անդամները իրենց գիտակցական կյանքի լավագույն տարիները նվիրել են գլխավորապես  հայ թատրոնին, հնագիտությանը և լուսանկարչական արվեստին: Հաշվի չառնելով իրենց ունեցած ծայրահեղ նյութական անմխիթար վիճակը, ուժերի ներածին չափով  ուսումնասիրել են և հրատարակել հայկական հնագույն հուշարձանների վերաբերյալ թանկարժեք նյութեր՝ կայուն ժառանգություն  թողնելով  հայ արվեստի մի շարք բաց տեղերի հետագա ուսումնասիրության համար:

 

Գրականություն

 

  1. Փաշայան Ռ., Արամ և Արտաշես Վրույրներ, Եր., 1989,
  2. Փաշայան Ռ., Արամ Վրույր (կյանքը և բեմական գործունեությունը), Եր., 1963,
  3. Փաշայան Ռ., Արամ Վրույր, ‹‹Սովետական գրող›› հրատարակչություն, Եր., 1946,
  4. ՎահանՔոչար, Հայլուսանկարիչներ, «ՏիգրանՄեծ», Եր., 2007
  5. http://nakhshkaryan.blogspot.com/2013/03/blogpost_9311.html#ixzz2nY8FMnHp
  6. http://hpj.asj-oa.am/1103/1/1967-4(169).pdf
  7. http://lraber.asj-oa.am/2770/1/1980-5(112).pdf
  8. http://www.virtualani.org/kurkdjian/morestereocards.htm


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով